Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում ես մաքուր լինի, մի՛ կեղտոտիր

Հունվար 27,2017 10:28

Եթե ես ուզում եմ, որ իմ սենյակում մաքուր օդ լինի, ապա չպիտի ծխեմ: Ոչ թե ծխեմ եւ բողոքեմ աղտոտված օդից: Եթե ես դեմ եմ բռնությանը, ապա չպիտի գոռամ կնոջս, երեխաներիս եւ աշխատակիցներիս վրա: Ձայնը բարձրացնելը նույնպես բռնություն է եւ «լավ տղու» հատկանիշ չէ. հակառակը մտածելով՝ ես, ըստ էության, արդարացնում եմ ցանկացած բռնություն: Եթե ես դեմ եմ կոռուպցիային, չպիտի փողով նյութեր գրեմ: Եվ այսպես շարունակ:

Ոչ ոք անհատապես կատարյալ չէ, պետական կարգն աշխարհի որեւէ անկյունում դարձյալ կատարյալ չէ: Մենք պետք է դա հիշենք՝ ինչ-որ մի բան արդարացնելիս կամ դատապարտելիս: Պետության կարգը ձեւավորվում է ոչ թե իշխանավորների կամքով, այլ ամեն մի քաղաքացու համոզմունքներով եւ վարքով: Ընդհանուր առմամբ, վերացականորեն մարդիկ բացականչում են՝ «թալանչիներ», «գողեր», «տզրուկներ»: Բայց երբ խոսքն իրենց հարազատի, բարեկամի, հարեւանի մասին է, նրանք ասում են՝ «լավ է անում, աչքաբաց տղա է, բաշարում է, դու էլ բաշարի՝ դու էլ արա»: Նաեւ երբեմն ավելացնում են՝ «անտեր, անօրեն երկիր է, պիտի մի ձեւ գլուխներս պահենք»: Կասկած կա՞, որ այդպես ասող մարդիկ, եթե մտնեն իրավապահ, հարկային, մաքսային մարմիններ, դառնան նախարար կամ պատգամավոր, նրանք վարվելու են ճիշտ այնպես, ինչպես վարվում են իրենց կողմից քննադատված «թալանչիներն» ու «գողերը»:

Հայաստանյան հասարակության մեջ կա ուժեղ արտահայտված անհանդուրժողականություն միասեռականների նկատմամբ (լավ է դա, թե վատ՝ տվյալ դեպքում կարեւոր չէ): Այդ պատճառով էլ այդ մարդիկ, որպես կանոն, վախենում են խոստովանել իրենց կողմնորոշումը: Բայց դրա փոխարեն նման վերաբերմունք չկա կոռուպցիոներների նկատմամբ, որոնք հպարտորեն ցուցադրում են իրենց ապարանքներն ու «յաշիկները»: Եթե նման վերաբերմունք լինի, եթե նրանք դառնան հասարակական «իզգոյ», ոչ մի հավելյալ «հակակոռուպցիոն մարմին» այլեւս պետք չի լինի:

Ահա թե ինչ եմ վերջերս կարդացել այն մասին, թե ինչու Ֆինլանդիայում գործնականում չկա կոռուպցիա: 1/ Ֆինները չեն ձգտում ճոխության, նրանք կարծում են, որ ոսկե զուգարանակոնք կարող է ցանկանալ միայն կատարյալ տխմարը: 2/ Նրանք գիտեն, որ սեփական ժողովրդի հաշվին հարստանալը նշանակում է ատել այդ ժողովրդին: 3/ Նրանք համոզված են, որ բյուջեի փողերը գողանալը նույնն է, ինչ սեփական երեխաներին եւ թոռներին կողոպտելը: 4/ Նրանք վստահ են, որ գողը վախկոտ մարդ է, որը միշտ վախենում է բռնվելուց: 5/ Նրանք կարծում են, որ զավակներին ինչ-որ տեղ «դասավորելը» վնասակար է հենց երեխաների համար, որովհետեւ հետագայում խնդիրներ է ստեղծելու:

Դե, հիմա եկեք տեսնենք, թե այդ 5 կետից որոնք են հոգեհարազատ մեր հասարակությանը:
…Մեր խնդիրը խորանում է նաեւ նրանով, որ մեր գողերից շատերը ինչ-որ կերպ կարողացել են իրենց համոզել, թե իրենք գող չեն: Երբ հարկեր չմուծող օլիգարխը քննադատում է կոռումպացված չինովնիկներին, նա անկեղծորեն վստահ է, որ այդ չինովնիկներից ինչ-որ բանով տարբերվում է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ»

27.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարզ է թէ Հայաստանի «վերնախավի» անճոռնի տարրերը (բոլորը չէ որ թափվելիք են) մի այլ մոլորակից չեկան… Անոնք տվյալ ժողովուրդի արտադրությունն ու արտացոլացումն են: Իսկ անոնց դէմ արտահայտվողների կամ նոյնիսկ պայքարողների մէկ մասը անում է այդպէս, նախանձի դրդումով:

    Մեր վերականգնումը տակավին շատ երկար ժամանակի կը կարօտի: Եւ հետեւաբար՝ համբերության:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031