Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք բերդից կենդանի դուրս չեն գալու». Սպանված կուրսանտի հայրը՝ որդու սպանողների մասին

Հունվար 30,2017 20:37

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր որդին սպանվել վեց կուրսանտի աչքի առջեւ, ու որեւէ մեկը համարձակություն չունենար արձագանքել:

«Մեզ համար դա հենց սկզբից էլ անորոշ է մնացել, ինչու չեն վեր կացել, ես մեղադրել եմ, հիմա էլ եմ մեղադրում: Ուղղակի վախի ազդեցությունը շատ մեծ է եղել: Բոլորը միաբերան նույն բանն են ասում, որ վախի պատճառով, որ նույնը իրենց հետ կկատարվեր, դրա համար վեր չեն կացել: Մանավանդ՝ իմանալով ովքեր են եղել Հայկազին ծեծողները, ինստիտուտի լիդերները, որ վեց ամիսների ընթացքում իրենց ճնշել են՝ սկսած գումար հավաքելուց վերջացրած նվաստացնելով ու ծեծելով: Ես ուղղակի զարմանում եմ, որ նման մարդիկ, որոնք սենյակի մեջ են եղել, տեսել են՝ ինչ է  կատարվում ու այդ ձեւի վախեցել են ու ձայն չեն հանել, վաղը մյուս օրը ինչպես են սահման, երկիր նայելու: Մեր երեխաների վրա էլ սպա՞ են լինելու, ոնց ենք երեխա վստահելու նրանց, ոնց են այդքան վախկոտ լինելով՝ եկել, որ սպա դառնան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Բարսեղյանը՝ անդրադառնալով որդու սենյակակից կուրսանտներին, որոնք տեսել են, թե ինչպես են դաժանաբար ծեծում, սպանում Հայկազին, բայց վախեցել են ձայն հանել:

Հիշեցնենք, որ այսօր Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատարանում ցուցմունք տվեց նրա սենյակակից Գեւորգ Վարդանյանը, որը պատմեց, թե ինչպես են համակուրսեցիներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը Հայկազին ծեծել հենց անկողնու մեջ, այնուհետեւ թեւերից քարշ տալով՝ դուրս հանել սենյակից:

Արկադի Բարսեղյանը վստահ է, որ որդուն սպանողները ազատազրկման վայրից կենդանի դուրս չեն գալու.«Ես չեմ հավատում, որ ազատազրկումից հետո նրանք հետ կգան, իրենց ուղղակի կբերեն ու իրենց ծնողներին կտան: Իրենք այնտեղից կենդանի դուրս չեն գա, եթե այսքան ժամանակ էլ նրանք գոյություն ունեն, զուտ նրա համար, որ այս դատական նիստերը լինեն, ես բացեիբաց եմ ասում, պետական մարմինները ոնց ուզում են, թող հասկանան: Նմաններին ուղղակի թույլ չեն տա բերդից կենդանին դուրս գալ, ինչքան էլ իրենք «ատկազով» են գնում, թե մենք չենք արել եւ այլն, ես հուսով եմ, որ դրանք մի օր հավիտյան կքնեն, հավիտյան քնով կքնեն: Էդպես չի մնալու էլի: Չի լինելու նենց, որ դատավճռով գնան բերդ ու այնտեղից կենդանի հետ գան»:

Պարոն Բարսեղյանը քննադատեց բանակում անպատժելիության մթնոլորտը. «Էս բանակում ամեն օր սպանություններ են տեղի ունենում կամ էլ ինքնասպանության որակմամբ: Մարդը նորմալ ծառայության մեջ, մեկ էլ միամիտ գտնում են, որ ինքնասպան է  եղել: Արդեն դա դարձել է  թեւավոր խոսք: Ասում են՝ ինքնասպան է եղել ու ծնողին են տանում, տալիս, մի բան էլ մուննաթ են գալիս, թե էս ինչ երեխա ես դաստիարակել, ինքնասպան է եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նինա says:

    Երբ օրենքը չի գործում,ինքնադատաստանը արդարացվում է:Չնայած եթե գործի էլ, ինչ է լինելու՞նստելու են,դուրս գան,էն անմեղ երեխուն հետ չեն բերելու:Ես համակարծիք եմ որդեկորույս հոր հետ,մի բան էլ ավելի,ով ոնց կուզի,թող հասկանա…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031