Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բռնության դեպքեր ունենք, որ երեխաները շաբաթներով դպրոց չեն գնում». Ընտանեկան բռնությունը՝ ՀՀ-ում

Հունվար 31,2017 12:20

Այսօր կանանց նկատմամբ բռնության կանխարգելման թեմայով միջազգային համաժողով էր կազմակերպվել:

«Համախմբում» կուսակցության անդամ», պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց, որ առողջ հասարակության առանցքն ընտանիքն է, որեւէ մեկը ցանկություն չունի խառնվել որեւէ ընտանիքի գործերին, բայց առողջ ընտանիքը պահպանելով, իսկ դա նշանակում է կանխարգելելով ցանկացած ընտանիքում բռնությունը՝ մենք կարող ենք ունենալ առողջ հասարակություն: Մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք՝ ընտանիքը պաշտպանելու համար»:

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի խոսքերով՝ ընտանեկան բռնության մասին հազարավոր թղթեր կարող ենք ունենալ, բայց կարեւոր է, որ հասարակությունը դա ընդունի. «Սիրուն նախադասություններով հնարավոր չէ պայքարել ընտանեկան բռնության դեմ: Ընտանիքը հասարակության հիմքն է, իսկ ինչպե՞ս ենք ձեւավորում ընտանիքը»:

Ըստ պատգամավորի, եթե ընտանիքը սիրո վրա է հիմնված, ապա չեն կարող սիրած մարդուն հարվածել կամ բռնության ենթարկել, ուրիշ հարց է, որ սիրով չենք ընտանիք կազմում. «Ընտանիքը արժեք է, որ հիմնվում է սիրո վրա: Պետք է կարողանանք հասնել իրական սոցիալական փոփոխության, դա առաջին հերթին պետք է սկսել մեզանից: Պետք է խոսենք նրա մասին, որ իմ երեխային սիրով եմ մեծացրել, նա չպետք է տեսնի բռնություն»:

Թեւան Պողոսյանն ասաց, որ կոռուպցիայի մասին էլ ամենախիստ օրենքն ունենք, բայց կոռուպցիան կա: Նա հորդորեց պայքարից չհոգնել, պայքարել ընտանեկան բռնությամբ դեմ իրական կյանքում:

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ասաց, որ օրենսդրական կարգավորումների հետ կապված բազմաթիվ քննարկումներ է ունեցել ՀԿ-ների հետ: Նախագծի վրա դեռ աշխատանքներ են տարվում, բայց հստակ համակարգ է լինելու՝ ընտանեկան բռնության կանխարգելման եւ տուժածներին պաշտպանելու համար՝ հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները: Նա ասաց, որ օրենքի հետ կապված թյուրըմբռնումներ եւ անհիմն մեղադրանքներ կան. «Նշում էին, որ այս օրենքը վտանգում է հայ ընտանիքը, կարող են ընտանիքներից երեխաներին վտարել եւ այլն: Բայց օրենքի այս նախագիծը որեւէ արտառոց մեխանիզմ չի նախատեսում, այն միայն սահմանում է ընտանեկան բռնության կանխարգելման մեխանիզմ եւ պետական մարմինների լիազորությունները»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց. «Մենք նպատակ պետք է հետապնդենք ոչ թե խարխլել ընտանեկան արժեքները, այլ՝ ամրապնդել ընտանիքը»:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտանիքահեն հասարակության գաղափարը պետք է խթանեն. «Պետությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում ընտանեկան արժեքները խթանելու ուղղությամբ եւ կարող են խնդիրներ առաջանալ: Մեր խնդիրն է ի սկզբանե անել այնպես, որ իրացվի երեխայի՝ ընտանիքում մեծանալու իրավունքը: Մեր Սահմանադրությունն ասում է՝ յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում մեծանալու իրավունք»:

Հարցին՝ եթե ընտանիքում կա բռնություն եւ կինը հաճախ չի համարձակվում պայքարել՝ Արման Թաթոյանը պատասխանեց. «Դրա համար պետությունը չի կարող անհապաղ սկսել միջամտել: Այդտեղ արդեն պրոբլեմներ կունենանք: ՀԿ-ների միջոցով պետք է սկսել, որոնք կարող են սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել: Մենք պետք է փորձենք ամրապնդել ընտանիքը, ոչ թե խնդիրներ առաջացնենք ընտանիքի համար: Բնավ նպատակ չունի որեւէ մեկը միջամտել»:

Նա ասաց, որ ամենակարեւորն այն է, որ իրացվի երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը. «Գաղտնիք չէ, որ առողջ հասարակություն, առողջ երեխա կարող ենք մենք ունենալ, երբ այդ երեխան ընտանիքում է մեծանում: Բնակչության վերարտադրման հիմքն ընտանիքն է»:

Մեր հարցին՝ բռնության ենթարկված երեխան ինքն էլ հետագայում չի՞ դառնում բռնակալ եւ ագրեսոր, ինչքանո՞վ է ճիշտ այդ երեխային թողնել ընտանիքում՝ Արման Թաթոյանը պատասխանեց. «Մենք բռնության դեպքեր ունենք, որ երեխաները շաբաթներով դպրոց չեն գնում, այդ երեխան ինչպե՞ս կարող է լիարժեք, առողջ մարդ մեծանա: Դրա համար ուսուցիչներից սկսած պետք է իմանան ինչպես վերաբերվել այդ երեխաներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031