Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատանքային ծանրաբեռնվածության» ինքնանպատակ եվրասիականը

Հունվար 31,2017 22:00

Նախընտրական իրավիճակում գտնվող Հայաստանում աննկատ անցավ մի միջազգային իրադարձություն, որի կարեւորությունը դժվար է գերագնահատել

Հունվարի 17-20-ը շվեյցարական Դավոսում կայացավ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որտեղ ավանդաբար ամեն տարի հավաքվում են համաշխարհային քաղաքականության եւ բիզնեսի վերնախավի ներկայացուցիչները: Եվ հավաքվում են քննարկելու գլոբալ նշանակության խնդիրներ, դրանց լուծմանն ուղղված որոշումներ: Բացի դրանից, գաղտնիք չէ, որ այդ քննարկումները կարող են մեծապես կանխորոշել հետագա որոշումները գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Իսկ ի՞նչ է մտածում այդ առիթով ՀՀ կառավարությունն՝ ընդհանրապես, իսկ մասնավորապես՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը: Շեշտե՛նք. տնտեսական զարգացման, ինչպես նաեւ ներդրումների: Ելնելով առողջ բանականությունից՝ տնտեսական զարգացման լուրջ խնդիրներ ունեցող եւ ներդրումների սովի փաստի առաջ կանգնած ցանկացած երկրի այդ պաշտոնյան պիտի իրեն չխնայելով այդ չորս օրերի ընթացքում ոչ միայն գտնվեր Դավոսում, այլեւ այնտեղ քնելու ժամանակ չունենար:

Սակայն Հայաստանի պարագան այլ է: Պարզվում է, ինչպես գրված է «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարության նամակում, պաշտոնական Երեւանն ընդհանրապես ներկայացված չի եղել այդ համաժողովին:
Իսկ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը բերում է դրա՝ չափազանց «հարգելի» պատճառը. «աշխատանքային ծանրաբեռնվածություն», որի հետեւանքով «հնարավորություն չի եղել» մասնակցելու Դավոսի համաժողովին: Բայց նա նաեւ մխիթարում է հարկատուներիս, որ կառավարությունն «ամբողջությամբ հետեւում է գործընթացին», եւ Դավոսը «համարում է» կարեւոր հարթակ, բայց… դա հո միակը չէ՞, ասում է նա եւ հավելում, որ այդ համաժողովին չմասնակցելը «դեռ չի՛ նշանակում», որ մեր այնպիսի կարեւոր ներդրումային ծրագրերին, ինչպիսիք են նոր ատոմակայանը կամ Հայաստան-Իրան երկաթուղին, չենք հրավիրում բոլոր հետաքրքրված եւ պոտենցիալ ներդրողներին:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հենց հունվարի 17-ին հրապարակված հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող եւ իր քաղաքական ապագայի հարցն օրակարգում ունեցող ՀՀ վարչապետը պիտի պաշտոնական այցով մեկ շաբաթ անց մեկներ Մոսկվա, որպեսզի քաղաքական առումով «առանց փայտիկի զրո» Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկի ոչ ավել եւ ոչ պակաս՝ «հայ-ռուսական համագործակցության օրակարգը»:

Այսօրվա դրությամբ այդ այցը կայացած է, որի, ինչպես ասում են, չոր մնացորդում մնացել է միայն առանց արտասահմանյան անձնագիր ունեցող ռուսաստանցիներին առանց որեւէ խոչընդոտի Հայաստան մուտքի թույլտվության պայմանավորվածությունը, որը որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել իբրեւ մի «ահռելի» նվաճում, որի հետեւանքով տուրիզմը Հայաստանում «աննախադեպ» աճեր է գրանցելու: Իսկ Հայաստանը բաց է թողնում Դավոսի հերթական համաժողովը, եւ սա էլ արդեն որերորդ տարին է…
Իհարկե, դժվար չէ տեսնել, թե ինչպիսի հիերարխիկ դասավորություն ունեն քաղաքական առաջնահերթությունները ՀՀ կառավարության քայլերում, ըստ որոնց էլ «աշխատանքային ծանրաբեռնվածությունը» ստիպում է գնալ մի տեղ եւ չգնալ մյուսը:

Իսկ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակման մեջ բերված հակիրճ տեղեկանքը (որն, ի դեպ, մինչ օրս հերքված չէ եւ, ըստ ամենայնի, անհերքելի է) ցույց է տալիս մի խղճահարույց պատկեր:

2016-ի առաջին ինը ամսվա ընթացքում Հայաստանում ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը… $92 միլիոն: Մինչդեռ հարեւան Ադրբեջանում նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 59 անգամ ավելի է՝ $5 միլիարդ 439 միլիոն: Մեր մյուս հարեւան Վրաստանը ներգրավել է $1 միլիարդ 625 միլիոն: Եվ արի ու տես, որ Վրաստանը ներկայացված էր վարչապետի, իսկ Ադրբեջանը՝ նախագահի մակարդակով:
Դե, իսկ Հայաստանում, երեւի, կամ «աշխատանքային ծանրաբեռնվածությունն» է չափազանց շատ, կամ այն ուղղված է դեպի եվրասիական «սեւ խոռոչ», որտեղ էլ առանց որեւէ արդյունք եւ հետեւանք թողնելու գնում կորչում է…

ԽՍՀՄ վերջին երկու անփառունակ տասնամյակները պարզ ցույց են տալիս, թե ինչ է լինում, երբ ռացիոնալ տնտեսական քաղաքականությունը, քաղաքականությունն ընդհանրապես վերածվում է անբովանդակ, տափակ կոմերիտական կարգախոսների պերմանենտ արտաբերման գործընթացի: Եվ ընտրություններին ընդառաջ՝ մի հռետորական հարց է մնում օդում կախված. մի՞թե այսպիսի «ակտիվով» նրանք մտադիր են իրականում ձայներ հավաքել:

Իրոք որ, Հայաստանում քաղաքական պատասխանատվության ճգնաժամը թեւակոխել է մի նոր փուլ, որին հարմար անվանում գտնելը կթողնեմ ընթերցողին:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

31.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031