«Իրեն ասված էր, որ իր վերջին խմելը լինի». բռնաբարության փորձի մեջ մեղադրվող բժիշկը աշխատանքի ժամերին էլ էր խմում

«Իրեն ասված էր, որ իր վերջին խմելը լինի». բռնաբարության փորձի մեջ մեղադրվող բժիշկը աշխատանքի ժամերին էլ էր խմում

Կապանի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռևմատոլոգ Անուշավան Կարապետյանը, որը մեղադրվում է երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձի համար, աշխատանքի ժամերին հաճախ է ալկոհոլ օգտագործել: Այս մասին aravot.am-ին ասաց բ/կ-ի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը:

«Ես մնում եմ իմ նույն կարծիքին, որ բժիշկը նման բան չէր անի, չեմ հավատում»,- ասաց պարոն Օրբելյանը՝ անդրադառնալով գործընկերոջն առաջադրված մեղադրանքին՝ բռնաբարության փորձին, միաժամանակ տեղեկացնելով. «Իմ աշխատած ժամանակահատվածում ինքը ալկոհոլ օգտագործում էր, բայց այդ ժամանակահատվածում, որ աշխատում էր ինձ հետ, կատեգորիկ արգելված էր իրեն, իրեն ասված էր, որ իր վերջին խմելը լինի»:

Հիշեցնենք, որ երիտասարդ աղջիկը հունվարի 17-ին տեղափոխվել է «Բժիշկների սենյակ» գրառմամբ սենյակ, որտեղ հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Անուշավան Կարապետյանը՝ոգելից խմիչք օգտագործած վիճակում, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Աղջիկը դիմադրել է՝ հրել բժշկին, կծել ձեռքերը, բաժակով ջուր լցրել վրան:

Պարոն Օրբելյանից հետաքրքրվեցինք՝ ինչու էր բժիշկը հաճախակի ալկոհոլ օգտագործում՝ խնդիրնե՞ր ուներ, թե խմիչքի հանդեպ հակում, ի պատասխան. «Ես չեմ կարող ասել, մեզ մոտ մի քանի տարի է՝ ինչ աշխատում է, խմիչքի հետ որոշակի բան կա, բայց դե նորմալ տղա էր, չեմ հավատում ամեն դեպքում»:

Պարոն Օրբելյանից հետաքրքրվեցինք՝ բժիշկը խմիչքից հաճա՞խ էր զգաստությունը կորցնում, ի պատասխան պարոն Օրբելյանն ասաց, «Նման վիճակում նրան չեմ տեսել»:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժշկին՝ երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու համար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք