Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները Հայաստանում. Ընտրություն կա՞

Փետրվար 01,2017 18:44

21-րդ դարի հայերն իրենց պատմական Հայրենիքի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա ունեն երկու պետական կազմավորում՝ Արցախի և Հայաստանի Հանրապետություններ: Այս տարածությունը կազմում է շուրջ 10%-ը հայերի պատմական Հայրենիքից, ուր ապրում է հայության ընդամենը 10%-ը: Հայերի մնացած մասը հիմնականում կենտրոնացած է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում:

Չնայած նրան, որ հայերն արդեն 25 տարի ունեն անկախ պետականություն, մինչ այժմ, սակայն, շարունակում են պարտադրված ապրել օտար երկրներում: Բացի այդ` այս 25 տարիների ընթացքում հին Սփյուռքի շարքերը լրացրել են անկախ Հայաստանից գաղթած հայերը:

1995 թվականին զանգվածային կեղծիքներով ընդունվել է Հայաստանի Սահմանադրությունը, որն արգելում էր սփյուռքահայությանն ունենալ երկքաղաքացիություն: Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում ղեկավարող կուսակցությունները (ՀՀՇ-ն` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, և մինչ օրս ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ) վախենում են ներգրավել Սփյուռքը Հայաստանի քաղաքացիական և քաղաքական կյանքում:

2005 թվականի Սահմանադրական փոփոխությունները թույլատրեցին ունենալ երկքաղաքացիություն, սակայն մտցվեց մեկ այլ արգելք` Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անկախ այն հանգամանքից, որ ունի Հայաստանի քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն, կարող է իրացնել ընտրելու և ընտրվելու իրավունքը, եթե մշտապես ապրում է երկրում:

Այս 25 տարիների ընթացքում Սփյուռքի ավանդական հայկական կուսակցությունները և ո´չ հին, ո´չ նոր Սփյուռքը չեն ունեցել հնարավորություն` մասնակցություն ունենալու և ներգրավվելու Հայաստանի քաղաքացիական և քաղաքական կյանքին: Ներկայումս գործունեության այդ տարածությունը մնում է բաց և կարիք ունի լրացման:

Եթե Սփյուռքը չի մասնակցում և չպետք է մասնակցի Հայաստանի քաղաքական կյանքին (Սփյուռքի ներկայացուցիչները չեն քվեարկում և չեն ընտրվում), ապա նրանք չեն կարող ազդել որոշումների կայացման վրա: Հայաստանում ապրում է հայ ժողովրդի ընդամենը 10%-ը, որի կեսից ավելին գտնվում է աղքատության մեջ և խոցելի է: Դա նշանակում է, որ նման պայմաններում դժվար է պատկերացնել ժողովրդավարական ձևի կառավարման հիմնադրում և ազատ, անկախ ու անվտանգ Հայաստանի երաշխավորում: Հետևաբար, եթե ցանկանում ենք ունենալ անվտանգ, անկախ և ժողովրդավար Հայաստան, ապա Սփյուռքը ևս պետք է մասնակցի Հայաստանի քաղաքացիական և քաղաքական գործընթացներին:

ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքականապես առավել ակտիվ հայկական Սփյուռքը հիմնականում սահմանափակվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը հասնելուն ուղղված գործունեությամբ: Ի տարբերություն նրանց` Ռուսաստանի հայկական համայնքը անմասն է մնում Հայաստանի քաղաքական հարցերի վերաբերյալ շահերի սպասարկումից:

Հայաստանը և Սփյուռքը քաղաքական հարցերի շուրջ ապրում են միմյանցից անկախ: Աշխարհով մեկ սփռված հայությունը չունի միասնական քաղաքական օրակարգ:

Անկախության 25 տարիների ընթացքում հայկական Սփյուռքի հիմնական դերը եղել է Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելը: 1991 թվականից առ այսօր Հայաստանը ստացել է մի քանի միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն Սփյուռքից և ԱՄՆ-ի կառավարությունից: Վերջին 15 տարիներին Ռուսաստանի Դաշնության հայերից դրամական փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի միջինը 15%-ի չափով (հնարավոր է, որ իրական թիվը երկու անգամ ավելին է, եթե հաշվի առնենք ոչ բանկային ստվերային փոխանցումները):

Կարող ենք արձանագրել, որ անկախության 25 տարիների ընթացքում  միլիարդավոր դոլարներ են մտել Հայաստան` որպես ֆինանսական օգնություն, սակայն այդ միջոցները չեն ազդել Հայաստանի տնտեսության վրա, քանի որ նշված ֆինանսական օգնությունը չի ունեցել քաղաքական ուղղվածություն և նպատակայնություն: Եվ հիմնականում այդ օգնության նպատակը եղել է բարեգործությունը:

Ժամանակակից աշխարհում հայկական Սփյուռքը պետք է վերանայի իր դերը Հայաստանի հանդեպ: Դոնոր կառույցից նա պետք է վերածվի քաղաքական դերակատարում ունեցող կառույցի` Հայաստանի ամենօրյա կյանքում:

Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից հայկական Սփյուռքի գրեթե կեսը հիմնականում այն հայերն են, ովքեր լքել են Հայաստանն անկախության տարիներին և ունեն ամուր կապ Հայրենիքի հետ, սակայն որպես մարդկային կապիտալ, փաստորեն, չեն մասնակցում քաղաքական կյանքում, կարելի է ասել, որ քաղաքականապես ակտիվ, որակյալ հայկական մարդկային կապիտալը զրկված է հնարավորությունից` ազդելու երկրի զարգացման վերաբերյալ որոշումների ընդունման վրա: Աշխարհով մեկ սփռված այդ միլիոնավոր հայերն ունեն Հայաստանի քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն: Սակայն նրանք, գտնվելով Հայաստանից դուրս, ցավոք, իրավունք չունեն մասնակցելու ընտրություններին (ընտրական օրենսգիրքն արգելում է):

Արցախի Հանրապետության քաղաքացիները ևս զրկված են ընտրական իրավունքից Հայաստանում (ընտրական օրենսգիրքն արգելում է):

Փաստացի, ակտիվ հայությունը չի մասնակցում Հայկական պետականության կառավարմանը:

Ժողովուրդը հանդիսանում է ցանկացած իշխանության միակ աղբյուրը: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով: Օրենքի այդ հիմնական դրույթն այսօրվա Հայաստանի քաղաքացիների համար անհասանելի է քառորդ դար:

Հանրային և պետական ինստիտուտները, որոնք կոչված են իրականացնել պետական իշխանությունը Հայաստանում, մասնավորապես` նախագահ, կառավարություն, խորհրդարան, 25 տարիների ընթացքում չեն ձևավորվել ազատ ընտրությունների հիման վրա: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն (2015 թվականի) նույնպես կեղծվել է: Փոփոխությունների նպատակն էր` ղեկավարող նախագահի որպես գործադիր իշխանության առաջին դեմք առաջադրվելու արգելքի վերացումը: Փոփոխությունների միջոցով նախագահական կառավարման կարգը փոխեցին խորհրդարանականի, և այժմ Սերժ Սարգսյանը նախագահական երկրորդ ժամկետից հետո նախատեսում է ղեկավարել կառավարությունը: Փաստացի, Հայաստանում իշխանությունը բռնազավթված է: Տվյալ պահին բռնազավթիչը Սերժ Սարգսյանն է և Հանրապետական կուսակցությունը: Իշխանության բռնազավթում տեղի է ունեցել և´ Լևոն Տեր Պետրոսյանի, և´ Ռոբերտ Քոչարյանի օրոք:

21-րդ դարի Հայաստանն իր աշխարհասփյուռ հայրենակիցների կարիքն ունի ոչ թե իբրև դոնորների, այլ որպես ակտիվ քաղաքացիական և քաղաքական դերակատարների, ովքեր անմիջապես ուղղակիորեն կմասնակցեն Հայաստանի քաղաքական կյանքին:

Այնպիսի քաղաքական ինստիտուտի ներդնումը, ինչպիսին է ազատ, հավասար և թափանցիկ պայմաններում ընտրությունների անցկացումը` որպես առաջին և հիմնական գործոն, հայկական հասարակության մեջ կարող է քաղաքացիների մեծամասնության համար հզոր խթան դառնալ, ինչը կկարողանա միավորել իրենց մոտ առկա նշանակալի ներունակությունները, և դա կարող է վերածվել Հայաստանի զարգացման մեծ նախադրյալի:

«Խորհրդարանական ընտրություններ Հայաստանում» քաղաքական միջոցառումը պետք է օգտագործել հայ ժողովրդի միասնական քաղաքական օրակարգի ձևավորման հարցում Սփյուռքի քաղաքական ներգրավվածության համար որպես գործիք:

(Շարունակելի)

Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

«Ժառանգություն» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728