Մեկ տարվա ընթացքում մայրական մահացության 12 դեպք է գրանցվել
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը 2016 թվականի հունվար-դեկտեմբերի համար: Այսպես. 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 986.5 հազար մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 2 998.6 հազարի փոխարեն: Այսինքն` ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2017թ. տարեսկզբին 2016 թ. հունվարի 1-ի համեմատ նվազել է 0.4%-ով կամ 12.1 հազար մարդով, ինչը, ծառայության մեկնաբանմամբ, ձեւավորվել է 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված բնական հավելաճի (12.5 հազ. մարդ) եւ միգրացիայի գնահատված մնացորդի (-24.6 հազ. մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին:
Ըստ նույն աղբյուրի՝ 2 986.5 հազար մարդուց 1 միլիոն 901.7 հազարն ապրում է քաղաքային, իսկ 1 միլիոն 084.8 հազար մարդը` գյուղական բնակավայրերում: Երեւանի բնակչությունը նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ մի փոքր` 2 հազար մարդով ավելացել է: Եթե նախորդ տարի մայրաքաղաքում բնակվում էր 1 միլիոն 073.7 մարդ, այս տարվա դրությամբ` 1 միլիոն 075.9 մարդ:
Արագածոտնում, սակայն, հազար բնակչով պակասորդ ենք տվել: Նախորդ տարի հունվար-դեկտեմբեր ամիսներին այս մարզի բնակչությունը 129.8 հազար մարդ է եղել, այս տարվա տվյալներով` 128.6 հազար մարդ:
Կարդացեք նաև
Արարատում նույնպես մարդիկ պակասել են` 258.9 հազարից դառնալով 258.5 հազար: Արմավիրի մարզում էլ 800 մարդ է պակաս եղել նախորդ տարվա համեմատությամբ` 266.6 հազարից այս տարի դառնալով 265.8 հազար:
Գեղարքունիքում նույնպես բնակչության թիվը շուրջ հազար մարդով պակաս է: Նախորդ տարի մարզում ապրել է 231.8 հազար մարդ:
Լոռիում էլ մարդկանց ավելացում չի արձանագրվել, ընդհակառակը՝ այստեղ նախորդ տարի ապրող 225.0 հազար մարդուց այս տարի մնացել է 221.1 հազար բնակիչ: Կոտայքի մարզում 253.9 հազարից բնակչության թիվը դարձել է 252.8 հազար մարդ, այսինքն` հազար մարդուց ավելի այս մարզում էլ պակասորդ է եղել: Շիրակի մարզը, որը համարվում է հանրապետության ամենաաղքատ մարզը, այս տարի մոտ 4 հազար բնակիչ է կորցրել: Նախորդ տարի, ԱՎԾ տվյալներով, 243.2 հազար մարդ է այստեղ ապրել:
Սյունիքում 400 մարդով է բնակչության թիվը պակասել: Նախորդ տարվա նշյալ ժամանակահատվածում 139.4 հազար մարդ է այս մարզում բնակվել, այս տարվա հունվարի մեկի դրությամբ` 139.0 հազար:
Վայոց ձորում էլ բնակչության հավելում չի եղել, ընդհակառակը՝ մոտ 500 մարդով պակասել է` բնակչության թիվը կազմելով 50.3 հազար մարդ:
Տավուշում, սակայն, բնակչությունը Վայոց ձորի համեմատությամբ եռակի պակասորդ է տվել. այստեղ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ ապրել է 125.5 հազար մարդ, այս տարի` 124.5 հազար:
ԱՎԾ տվյալներով՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 40 հազար 638 կենդանի ծնված, որը 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2.7%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը 1 000 բնակչի հաշվով նվազել է համապատասխանաբար 0.3 պրոմիլային կետով եւ կազմել 13.6:
2016թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 28 129 դեպք: 2015թ. համեմատ՝ մահվան դեպքերն աճել են 0.9%-ով:
2016թ. հունվար-դեկտեմբերին, 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0-ից մեկ տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում` 3.8%-ով: Նշյալ ժամանակահատվածում 0-4 տարեկան երեխաների մահվան 411 դեպք է գրանցվել, որի կառուցվածքում մինչեւ 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 86.6%:
Հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ հետծննդյան ժամանակահատվածում, ինչպես հայտնում է ԱՎԾ-ն, 2016թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է մայրական մահացության 12 դեպք:
Նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին ամուսնացել են 16 հազար 294 զույգ, ինչը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 7.4%-ով պակաս է:
2016թ. հունվար-դեկտեմբերին ամուսնալուծվել է 3 հազար 648 զույգ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 0.6%-ով պակաս է:
Ըստ ծառայության տվյալների՝ նշյալ ժամանակահատվածում Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդություններից (ՄԻԱՎ) 26 մարդ է մահացել: Ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերն էլ միասին կազմել են 635 դեպք, ինչը 2015 թվականի համեմատությամբ նվազել է 12%-ով: Դրանցից 195-ը ինքնասպան են եղել, ինչը 2015 թվականի համեմատությամբ 6.2%-ով պակաս է: Ինքնասպանության փորձերը, համապատասխանաբար, նվազել են 14.4%-ով` կազմելով 440 դեպք:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
01,02.2017