Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ, մի հատ զանգեք Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ասեք՝ դուք ճի՞շտ եք արել»

Փետրվար 02,2017 17:00

Սասուն Միքայելյանը վստահեցնում է՝
գնում ենք իշխանափոխության, ժողովրդին փողոցում չենք թողնի

ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը երեկ հրավիրած ասուլիսում քննադատել էր «Ելք» դաշինքին՝ ասելով, որ լուրջ չէ իշխանափոխության հարցի շուրջ դաշինք կազմելը: Ըստ Իսագուլյանի՝ հայտնի չէ, թե այդ դաշինքում ինչ դիրքորոշում ունեն, օրինակ, ԼՂ հարցի շուրջ, երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման, տնտեսական եւ այլ հարցերում:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը վստահեցրեց, որ դա միայն Գառնիկ Իսագուլյանի տպավորությունն է, որն, իհարկե, սխալ է. «Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ես, որպես Սասուն Միքայելյան, ասեմ, որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի եւ պատրաստվե՛նք պատերազմի: Ներկայիս իրավիճակում ոչ մի բանակցային փուլ պիտի չմտնի Ղարաբաղի հարցը, ու ոչ մի տարածքի փոխզիջման պիտի չգնանք: Ուրիշ տարբերակ մենք չունենք: Իսկ ինչ վերաբերում է երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը, տնտեսական հարցերին, նաեւ Ղարաբաղի հարցին, մենք ծրագիր ունենք, ծրագիրը շուտով կհրապարակվի, պարոն Իսագուլյանը թող ուշիուշով հետեւի»:

Այսօր քաղաքական դաշտում արդեն մի քանի դաշինքներ կան, Սասուն Միքայելյանն ասաց, որ իրենց դաշինքում առանցքային հարցերի շուրջ համաձայնություն է ձեւավորվել, ու իրենք շարժվելու են ստորագրված հուշագրի համաձայն. «Մեր նորագույն պատմության մեջ այս դաշինքը քաղաքական նոր մշակույթ է բերում»:

Մեր հարցին՝ հայտնի է դարձել, որ ՀԱԿ դաշինքի Ձեր նախկին ընկերները՝ ՀՀՇ-ից Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, միանում են Գագիկ Ծառուկյանի դաշինքին, ինչպե՞ս եք դրան վերաբերվում, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Մենք ճանապարհ ենք անցել միասին, որովհետեւ իրավիճակ էր ձեւավորվել, ժողովուրդը դուրս էր եկել փողոց: Ես միշտ հայտնվում եմ այնտեղ, որտեղ ժողովուրդը պահանջում է: Ժողովուրդը պահանջում էր իշխանափոխություն, եւ մենք այդ գաղափարի շուրջ ենք եղել իրար կողքի, ցավոք սրտի, որը չիրականացավ «լավ ղեկավարների» կողմից»:

Մեր հարցին՝ այսօր Գագիկ Ծառուկյանի շուրջ լայն դաշինք է ձեւավորվում, հնարավո՞ր է ձեր դաշինքը համագործակցի Ծառուկյանի դաշինքի հետ՝ հանուն իշխանափոխության, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես կխնդրեի այդ հարցը տայիք մյուս դաշինքներին՝ հնարավո՞ր է իրենք միանան մեզ: Մենք ձեւավորել ենք դաշինք կոնսենսուսով, կոնսենսուսի արդյունքում մեր դռները բաց են, թող գան նստեն, խոսենք, կորոշենք: Մենք, ձեւավորելով «Ելք» դաշինքը, եղել ենք 3 կուսակցություն՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր»: Ինչպես գիտեք, տարիներ ի վեր դաշինքները ձեւավորվել են նախընտրական փուլում՝ առանց գաղափարի, առանց ծրագրի, առանց հետագա անելիքների, եւ մինչեւ ընտրությունները կամ ընտրություններից հետո բաժանվել են, փնովել են իրար, թե՝ դու ես մեղավոր, կամ էլ տեղերի համար է պատերազմ գնացել, որ համաձայնության չեն եկել: Իսկ մենք ի սկզբանե ոնց ծրագրել ենք հւշագրում, այդ հուշագրով շարժվում ենք: Կան կետեր, որոնց շուրջ համաձայնության ենք եկել, որ պետք է մասնակցենք նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին եւ դառնանք մեկ կուսակցություն: Մենք ի սկզբանե հիմք ենք դրել, որ հետո տարաձայնություն չլինի, որ հետագայում չասենք՝ վայ, դու այսպիսին ես, ես չեմ ուզում: Եթե մենք ստանանք մանդատ ժողովրդի կողմից, նախօրոք ասեմ, որ ժողովուրդը թող չբողոքի, ասի՝ փրկեք մեզ. ժողովրդի փրկությունը այսօրվա իր մի ձայնն է, որը պիտի կողմնորոշվի՝ ում տա: Ժողովուրդը պիտի հասկանա՝ ով ինչ ճանապարհ է անցել, ով է խաբել, գնացել կոալիցիա է մտել, իշխանական թեւի հետ համաձայնագիր է ստորագրել: Մենք գնում ենք իշխանափոխության, բայց այդ հնարավորությունը մեզ պետք է տա ժողովուրդը: Եթե ժողովուրդը 2008-ին խաբվել է ու մնացել է փողոցում, մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ, մենք նման քայլի չենք գնա: Եթե ստանանք ձեր վստահության քվեն, մենք կտանենք իշխանափոխության»:

Մեր հարցին՝ ասում եք՝ ժողովուրդը փողոցում չի մնա, ի՞նչ պիտի անեք, ասենք, ընտրություններից հետո ժողովուրդը հավաքվեց հրապարակում, պահանջեց իր քվեն, ի՞նչ եք անելու, նա պատասխանեց. «Եթե ժողովուրդը տա մեզ իր վստահության քվեն, մենք դառնում ենք իշխանություն: Եթե ժողովուրդը ձայն է տալիս, բնական է, պիտի փողոցում էլ հավաքվենք, ամեն ինչ էլ անենք, որ ժողովրդի ձայնը ապարդյուն չանցնի»:
Սասուն Միքայելյանն ասաց, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա, մինչեւ չհեռանա՝ այս երկրում ոչ մի բան չի փոխվելու: Մեր հարցին՝ ՀՀԿ-ն լուրջ վարչական լծակներ ունի, ռեսուրսներ ունի, դուք ինչպե՞ս եք պայքարելու այդ ուժի դեմ, նա պատասխանեց. «Հասկացանք, բոլորդ դա եք ասում: Մեր լծակը ժողովրդի մի ձայնն է: Տվեք ձայնը՝ կտեսնեք իշխանափոխություն: Ոչ թե ժողովուրդը գնա փողը վերցնի, ուրիշ մարդու քվեարկի, գա մեզնից իշխանափոխություն պահանջի: Ժամանակն է գիտակցել՝ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ բարոյահոգեբանական վիճակներով արդեն հասել ենք ծայրահեղ վիճակի: Ժողովուրդը չպետք է իր սեւն գործն անի, հետո գա մեզ բողոքի, թե՝ վայ, էս իշխանությունը վատն է, մարդասպան է, գել ու գազան է: Ժամանակն է իշխանափոխության, եւ մեզ մեծ օգնություն կլինի ամեն անհատի ձայնը»:

Հարցին՝ չվերցնե՞նք ընտրակաշառք, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Լսի, ընտրակաշառք վերցնելով՝ էս երկիրը քանդվել է: Եթե պիտի ընտրակաշառք վերցնեն, էլ ի՞նչ իմաստ ունի այս ամեն ինչը»:

Մենք հիշեցրինք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ դաշինքի անդամ էր Սասուն Միքայելյանը, եւ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներին կոչ էր անում, ասում էր՝ ընտրակաշառքը վերցրեք, բայց ձայնը տվեք ՀԱԿ-ին, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Դե, խնդրում եմ, մի հատ զանգեք Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ասեք՝ դուք ճի՞շտ եք արել, որ նման կոչ եք արել»:

Մեր դիտարկմանը, որ մարդիկ ընտրակաշառքի մասին ասում են՝ այդ մի բանը գոնե պոկենք իշխանությունից, Սասուն Միքայելյանն ասաց. «Էդ մի բանը պոկում են 5-10 օրվա համար, ու մենք 20 տարի դրա համար պրոբլեմների մեջ ենք»:

Ի դեպ, Ահարոն Ադիբեկյանը, ուսումնասիրելով դաշտը, հայտարարել էր, որ ապագա խորհրդարանում ներկայացված կլինեն 5 քաղաքական ուժեր, որոնց թվում չկա «Ելքը»:
Սասուն Միքայելյանն այս առնչությամբ կատակեց. «Հիլարի Քլինթոնը զղջացել է, որ սոցիոլոգիական հարցումների համար չի դիմել Ադիբեկյանին, դրա համար էլ չդարձավ ԱՄՆ նախագահ»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

01,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728