Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական ծառայությունների մատուցման միասնական նոր գրասենյակներ են գործարկվել

Փետրվար 02,2017 20:21

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 2-ին, Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում, Իջևանում և Հաղարծինում մասնակցել է պետական ծառայությունների մատուցման միասնական երկու գրասենյակների գործարկմանը:

Տավուշի մարզի բնակիչները պետական մարմնից համապատասխան տեղեկանքը ստանալու համար մայրաքաղաք հասնելու փոխարեն այսուհետ կարող են այցելել Իջևանի «Արդշինբանկ» մասնաճյուղ կամ Հաղարծինի «Հայփոստ»-ի գրասենյակ և ստանալ այդ փաստաթուղթը՝ խնայելով և՛ ժամանակ, և՛ ճանապարհածախսի համար հատկացվող ֆինանսներ:

Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միացած բոլոր օպերատորներին և հորդորել քաղաքացիներին օգտվել Կառավարության ընձեռած այս հնարավորությունից:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի խոսքով՝ սա, իրապես, էական նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և Հայաստանը առաջին երկրներից մեկն է, որ կարողացել է նման ձեռքբերում արձանագրել: «Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես պետական ծառայությունները կարող են ավելի հասանելի դառնալ քաղաքացիներին»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց և կարճ ժամանակում կյանքի կոչեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գաղափարը, որոնք արդեն գործում են Երևանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) մասնաճյուղերում, Գառնի համայնքում գտնվող «Հայփոստ»-ի գրասենյակում, ինչպես նաև Գյումրի (հասցե՝ Ռիժկովի 5) և Էջմիածին ( Մ.Մաշտոցի 2) քաղաքների   «Հայփոստի» գրասենյակներում, այսուհետ նաև Իջևանի «Արդշինբանկ» (հասցե՝ ք. Իջևան, Մելիքբեկյան 10) մասնաճյուղում և Հաղարծինի «Հայփոստ»-ի գրասենյակում:

Կառավարության հունվարի 26-ի որոշմամբ, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև «Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ» ընկերություններին: Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով:

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկվելու են նաև բոլոր մարզերի գյուղական համայնքներում:

ՀՀ  ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728