Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ավելի ու ավելի ջղաձիգ են դառնում ԼՂ հարցում

Փետրվար 03,2017 12:00

Երեւանի հույսը բանակցությունները չեն.
Սերժ Սարգսյանը խոսում է բանակի կենսական նշանակության մասին

Վերջին շաբաթներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ուշագրավ հայտարարություններ հնչեցին, որոնք թեեւ բնութագրում են կարգավորման գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակը, սակայն մյուս կողմից՝ հետաքրքրական են առհասարակ կողմերի մոտ առկա դիրքորոշումների առումով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ին տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, կոչ արեցին «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում` հնարավորինս կարճ ժամկետներում վերջնական տեսքի բերել ԵԱՀԿ-ի` միջադեպերի հետաքննության մեխանիզմը»:

Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտնել է իր համաձայնությունը 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, այն է՝ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում եւ ԵԱՀԿ դիտորդների թվի ընդլայնում:

Հունվարի կեսին Մոսկվայում մամլո ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը արձանագրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միջադեպերի քննության մեխանիզմների ներդրման եւ դիտորդների թվի ընդլայնման մասին համաձայնությունները մինչ այժմ չեն իրականացվել ԵԱՀԿ-ի ներսում կոնսենսուսի բացակայության պատճառով: Նա հիշեցրեց, որ այդ համաձայնությունները ձեռք են բերվել 2016թ. ապրիլին հակամարտության սրացումից հետո, եւ հավելեց. «Ցավոք, նույնիսկ այդպիսի տարրական բանը (…) չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռեւս կոնսենսուս չկա ԵԱՀԿ-ում»: Պատճառների մասին նա խորհուրդ է տվել հետաքրքրվել «այդ կազմակերպության ներկայացուցիչներից»:

Որերորդ անգամ Մոսկվան խուսափում է մատնանշել, թե հատկապես որ կողմն է այս առաջարկների կիրառումը մերժում (թեեւ բոլորի համար էլ պարզ է), որոնք հայկական կողմի համար առանցքային են, եւ բանակցությունների շարունակականությունը, կարելի է ասել, կախված է հենց այդ մեխանիզմների կիրառումից, որը ոչ մի կերպ չի հաջողվում կյանքի կոչել, թեեւ միջնորդները անվերջ կոչ են անում դրանք կիրառել` համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների:

Լավրովի հունվարյան ասուլիսում աղմկահարույց դրվագն, իհարկե, ադրբեջանցի լրագրողի հարցին էր առնչվում: Լավրովին հարցրել էին, թե ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը սկսի «ազատել իր օկուպացված տարածքները», արդյոք Մոսկվան ա՞չք կփակի, թե՞ «կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»: Լավրովը շեշտել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ եւ «բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեմա չէ», դրա վերաբերյալ «որոշումների մի ամբողջ հավաքածու» գոյություն ունի: Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ «օկուպացված տարածքներն ազատելու (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի) պահանջը պահպանում է ուժը, սակայն ոչ մի դեպքում՝ ուժի միջոցով, եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պարագայում»:

Լավրովը հավելել էր, որ այդ ամենն ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված եւ ստորագրված հայտարարություններում ու փաստաթղթերում: «Վեճերի խաղաղ կարգավորումն այնտեղ գրված է ամբողջ միանշանակությամբ»,- ընդգծել է նա: Այնուհետեւ Լավրովը նկատել էր, որ ապրիլին տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները խորին տագնապ են հարուցում, ու հավելել, որ «Ռուսաստանը վճռական դեր խաղաց այդ պահին արյունահեղությունը դադարեցնելու գործում»:

Բաքվում բավական բուռն արձագանքեցին Լավրովի վերոնշյալ մեկնաբանություններին, թերեւս այն պատճառով, որ Լավրովը խոսեց Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ արձանագրեց, որ ԼՂ հակամարտությունը «բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ»:

«Համաշխարհային ողջ հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- Լավրովին շտապեց հակադարձել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա, սակայն, հարկ էր համարել շեշտել, թե համոզված է, որ եթե Ռուսաստանն իսկապես լրջորեն զբաղվի Ղարաբաղյան հարցով, ապա «տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը, կապահովվի հայկական զորքերի դուրսբերումը, կփոխվի ստատուս քվոն»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին կարգավիճակի տրամադրման հարցին` Մամեդյարովը մեջբերել էր Ալիեւի հայտարարությունը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում լինել չի կարող, բայց փոխզիջում կարող է լինել տեղական ինքնակառավարման, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման հարցում՝ որպես ինքնավար հանրապետություն:

Ադրբեջանցի լրագրողների հարցն ու Լավրովի պատասխանը հարուցեցին Ադրբեջանի ԶԼՄ-ների, փորձագիտական շրջանակների զայրույթը: «Ռուսական դիվանագիտություն՝ հայկական շեշտադրումներով», «Պարոն սկանդալը». այս ու նման այլ վերնագրերի ներքո ադրբեջանցի վերլուծաբանները Մոսկվային անգամ հիշեցնում էին Ղրիմի բռնակցումն ու Հալեպի ռմբակոծումը: «Ռուսական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները տրամաբանորեն տեղավորվում են Մոսկվայի քաղաքականության մեջ: Մոռացկոտներին եւ միամիտներին հիշեցնենք՝ Մոսկվան բավական երկիմաստ կերպով խրախուսել է Ղարաբաղի հարցում հայկական մղումները դեռեւս այն ժամանակ, երբ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը եղել են ԽՍՀՄ կազմում»,- գրել էր ադրբեջանական «Մինվալ» պարբերականի վերլուծաբանը:

Հունվարի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զորացրված զինծառայողների հետ հանդիպմանը բանակի վերաբերյալ ուշագրավ դիտարկում արեց՝ կարծես արձանագրելով, որ հայկական կողմի հույսն ամենեւին էլ բանակցությունները չեն:

«Ես կարծում եմ, որ այսօր մենք պետք է ունենանք անկաշկանդ խոսակցություն, անկաշկանդ քննարկում, հասկանանք, տեսնենք, թե ո՞րն է մեր բանակի առավելությունը, որո՞նք են մեր զինվորական ծառայության դրական կողմերը եւ ինչի ենք հասել: Բայց խոսենք նաեւ այն խնդիրների մասին, որոնք պետք է ապագայում լուծվեն՝ ավելի մարտունակ դարձնելով մեր բանակը, որովհետեւ մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ: Բոլոր ժողովուրդներին էլ պետք են բանակներ, բայց կան դեպքեր, երբ այդ պետքը դառնում է անհրաժեշտություն՝ կենսական անհրաժեշտություն: Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է»,- ասել էր ՀՀ նախագահը: Ապա Սերժ Սարգսյանը զրույցի ընթացքում զինվորներից լսել էր իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, այդ թվում՝ թե ի՞նչ կցանկանային զինծառայողները, որ փոխվեր զինված ուժերում, ի՞նչ խնդիրներ են նրանք տեսնում: Իսկ հանդիպման արդյունքներով Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ էր տվել ՊՆ-ին, որոնք վերաբերել են ծառայության անվտանգության առավել բարձրացմանը, զինվորների գաղափարական դաստիարակությանը եւ ազատ ժամանակի կազմակերպման ուղղություններով աշխատանքի զարգացմանն ու կատարելագործմանը, նոր սպառազինության ձեռք բերմանը զուգընթաց համապատասխան մասնագետների շարունակական ուսուցմանն ու պատրաստմանը, ուսումնական կենտրոններում՝ ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի ներդրմանը եւ այլն:

Լավրովի` մամլո ասուլիսում արտահայտած աղմկահարույց մեկնաբանություններից, ապա Սերժ Սարգսյանի հայտարարություններից մի քանի օր անց` հունվարի 23-ին, ջղաձիգ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիեւն անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` նշել էր. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պարզ է։ Ամենագլխավորն այն է, որ պետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում ստեղծել հայկական երկրորդ պետություն։ Լեռնային Ղարաբաղին երբեք չի հատկացվի անկախություն։ Պետք չէ սպասել դրան, դա երբեք տեղի չի ունենա»։
Հաջորդ օրը` հունվարի 24-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվա աշխատանքային այցով ժամանեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Լավրով-Մամեդյարով հանդիպմանը քննարկվել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, մասնավորապես` Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումներում բարձրացված հարցերը։

Լավրով-Մամեդյարով մոսկովյան հանդիպումից 3 օր անց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգում կարծիք հայտնեց, թե Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կառուցողական է եղել։ Զախարովան հայտնել էր, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հստակ առաջարկներ, ԼՂ խնդրի կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնային կարեւորություն ունեցող թեմաներից է, եւ, ըստ այդմ, տարբեր մակարդակներով շփումները շարունակվելու են: «Նոր հանդիպումներ, իհարկե, կլինեն, բայց դրանց օրակարգը դեռեւս ձեւավորված չէ։ Անկասկած, թեման առաջնային կարեւորություն ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար, ուստի շփումները տարբեր ձեւաչափերով կշարունակվեն»,- ասել էր Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումների նախապատրաստումը։

Մինչդեռ պաշտոնական Բաքուն, պարզվեց, Լավրով-Մամեդյարով մոսկովյան հանդիպման արդյունքների վերաբերյալ այլ դիրքորոշում ունի:

Ամփոփումը` «Առավոտ»-ի այսօրվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 02.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728