Լրահոս
Օրվա լրահոսը

Չունեցած սեյֆի բանալին

Փետրվար 04,2017 16:30
merujan Ter-Gulanyan

Տարիներ առաջ, երբ ես դեռ աշակերտ էի, եղավ այնպես, որ Ռուբեն Խաչատրյանը, ի դեպ՝ մեր օրերում նշանավոր կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հայրը, ընտրվեց Ջավախքի մեր Գոման գյուղի կոլտնտեսության նախագահ: Այդ երեւելի մարդը վերադարձել էր պատերազմից, հասել էր մինչեւ Բեռլին, շարքային զինվորից դարձել էր կապիտան եւ տուն էր դարձել մեդալներով: Կաշվե բաճկոնը հագին, ձիգ, միշտ ժպիտը դեմքին եւ անընդհատ գործնական: Մարդ, որ սիրում էր իր գյուղը եւ սիրում էր իր գործը…
Բայց գյուղում կային մի քանի հոգի, ովքեր ուզում էին, որ Զորիկն ընտրվի գյուղի պետ, եւ ոչ մի կերպ չէին ընդունում ընտրված գյուղապետին: Իսկ Զորիկը գյուղի համար նշանավոր էր դարձել նրանով, որ ինչ-որ հեռավոր մի քաղաքում, մախաչկալաներում թե այլուր, մեկ թե կես տարի ինչ-որ անհայտ համալսարանում էր սովորել: Եվ գյուղի համար ամենահուզիչը այն էր, որ ինքը համալսարանը կիսատ թողած՝ հայրենիքի կարոտից վերադաձրել էր գյուղ` ուսումը չավարտած:

Եվ նա` Զորիկը, նոր գյուղապետից դժգոհ տասնչորս թե տասնհինգ հոգի հավաքեց իր շուրջը եւ ստեղծեց նոր, այլընտրանքային գյուղապետարան: Բայց մի կարեւոր խնդիր կար` Զորիկ գյուղապետը կնիք չուներ: Եվ երկար մտածելուց հետո գնաց գյուղի հնակարկատ-կոշկակար Խաթիսովի մոտ եւ պատվիրեց կնիք ու սեյֆի բանալի, թեեւ սեյֆ էլ չուներ: Խաթիսովը ոսկի ձեռքեր ուներ. պատրաստեց սեյֆի բանալի եւ չկայացած գյուղապետի կնիքը հին կոշիկի կրունկի վրա դրոշմեց…

Եվ սկսվեց ամենակարեւորը. Զորիկը հայտարարեց, որ արդեն իր ունեցած կնիքով պաշտոններ է բաժանում իր համախոհներին: Բայց ստացվեց այնպես, որ համախոհները ավելի էին, քան գյուղում եղած պաշտոնները: Համախոհները սկսեցին դժգոհել, եւ նա խոստացավ ստեղծել նոր պաշտոններ, նույնիսկ հրաժարվեց իր դիրքից…

Ասաց.
– Ես հրաժարվում եմ իմ պաշտոնից:
Բայց հետաքրքիրն այն է, որ Խաթիսովի սարքած կնիքն ու սեյֆի բանալին չտվեց ոչ մեկին եւ չասաց, թե ով պիտի լինի իրենից հետո:

Տե՛ր Աստված, իմ գյուղի հիշողությունը ի՞նչ հետաքրքիր է…

Հետո Զորիկի կողմնակիցները գյուղապետի բերած երկաթը, որից դարբինները գութանի խոփ պիտի սարքեին, անհետացրին գյուղից: Եվ սկսվեցին մատնագրեր ուղարկվել շրջկենտրոն, թե իբր գյուղապետը այդ երկաթը ծախել է Մառնեուլի թուրքերին:
Հիշում եմ. գարուն էր, ջրերը վարար էին: Բայց անցավ մեկ-երկու շաբաթ, եւ երբ ջրերը հստակվեցին, հովիվները կամրջի տակ տեսան գետի մեջ գցած երկաթը, եւ ամեն ինչ խառնվեց իրար: Պարզվեց, որ գյուղապետ Ռուբեն Խաչատրյանին զրպարտում էին: Պարզվեց, եւ Զորիկը գյուղից փախավ: Գնաց սարերը: Եվ պատերազմ տեսած գյուղապետը մարդ ուղարկեց նրա հետեւից, թե` վերադարձի՛ր: Եվ Զորիկը, մազ-մորուքի մեջ կորած, վերադարձավ: Ու անդրավարտիքի ներքին գրպանից հանեց Խաթիսովի սարքած կնիքը եւ տվեց գյուղապետին, բայց չունեցած սեյֆի (դուրջի¤ բանալին այդպես էլ չտվեց:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

 

«Առավոտ»

03,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728