Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան. ապագաղութացման 25-ամյա համառ և անավարտ պայքար

Փետրվար 06,2017 15:33

Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի

hայկական ինստիտուտի հիմնադիր

Եվրոպայի վերջին կայսրության՝ ԽՍՀՄ փլուզումից ու Հայաստանի անկախացումից 25 տարի անց էլ տակավին դժվար է առանց բազմիմաստության պնդելը, թե կայսերապաշտության ախտանիշն ու նեոգաղութացման ռիսկերը նախկին խորհրդային հանրապետություններից եթե ոչ շատերի, ապա որոշների, այդ թվում` Հայաստանի համար իսպառ վերացած են:

Երկրի անվտանգության քաղաքականությունները դեռևս մնում են խորապես ազդված վերջին 100 տարիների իրադարձություններից, որոնք ևս մեծ դրոշմ են թողել ազգային ինքնության և հիշողության վրա: Որպես քրիստnնեությունն աշխարհում առաջինը պետական կրոն ընդունած (301թ. Ք.Ծ.) ժողովուրդ՝ հայերը ենթարկվեցին ամենադաժան փորձությունների հատկապես երկու՝ օսմանյան և ռուսական կայսրությունների խաչմերուկում կամ փլուզման ժամանակ:

1915թ., Օսմանյան կայսրության հոգեվարքի շրջանում և Առաջին համաշխարհային պատերազմի հորձանուտում հինավուրց ժողովուրդը ենթարկվեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը՝ ավելի քան 1,5 միլիոն հայերի կոտորածին: Այնուհետև տեսավ Հայաստանի առաջին Հանրապետության միավորումը (1918-1920թթ.) վերաֆորմատավորված կոմունիստական ռուսական կայսրությանը, որին հաջորդեց հայկական հայրենիքի մասնատումը քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև, իսկ Ստալինի որոշմամբ՝ Նախիջևանի ու Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մարզերի միացումը Սովետական Ադրբեջանին, որոնք բավական էին երկու կայսրություններին ատելու համար:

 Լեռնային Ղարաբաղը կայսրության փլուզման դետոնատոր և Հայաստանի անվտանգության քաղաքականությունների շարժիչ ուժ

Գորբաչովյան վերակառուցման ու հրապարակայնության քաղաքականության հռչակման պայմաններում 1988թ. հենց այս ամիսներին ժայթքեց ԽՍՀՄ առաջին զանգվածային ժողովրդավարական շարժումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման օրակարգով: Խարխլելով կայսրության հիմքերը՝ էթնիկ ճնշումը, որը թեժացավ և սնուցվեց ադրբեջանական Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներում հայկական ջարդերից, ինչպես նաև Բաքվի և Մոսկվայի անհամաչափ արձագանքներից, շարժումը բավականին արագորեն փոխակերպեցին ապագաղութացման լիարժեք գործընթացի: ԽՍՀՄ կայսրության «նորովի վերանորոգումը» մերժած հինգ դիսիդենտ պետությունների (Բալթյան հանրապետություններ, Վրաստան, Հայաստան) շարքում ոչ միայն Հայաստանը, այլև ընդհուպ Լեռնային Ղարաբաղը 1991թ. հռչակեցին իրենց անկախությունը միջազգային և ԽՍՀՄ օրենքներին համապատասխան:

Մինչ 1988-1991թթ. ընթացքում ժողովրդավարական շարժումը մեծացրեց Կրեմլի ու Երևանի, Ստեփանակերտի միջև խզումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի 4-ամյա և ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո Ռուսաստանի կողմից դադարեցված պատերազմը կտրուկ փոխեցին Հայաստանի անվտանգության ուղղությունը:

Այլ սառեցված հակամարտություններով հագեցած տարածաշրջանային բարդ միջավայրում, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարվող թշնամական ու շրջափակման քաղաքականության պայմաններում Ռուսաստանը կարևոր գործոն դարձավ ստեղծված ուժային անհամաչափությունը հակակշռելու Հայաստանի քաղաքականություններում: Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայումը, անդամակցությունը Ռուսաստանի կողմից ղեկավարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և նրա շահերի գերակայությունը Երևանի քաղաքական ընտրանքներում այդքան վտանգավոր չէին թվում Ելցինի նախագահության օրոք:

Այսօրվա տեսանկյունից ակնհայտ է, որ երկու խոշոր ձախողումներ ավելի բարդացրեցին այն ժամանակվա Հայաստանի ամբողջական ապագաղութացման գործընթացը. նախ, պատերազմից անմիջապես հետո ու նրա արդյունքների ճնշման տակ հակամարտության կարգավորմանը չհասնելը, որը պայմանավորված էր նրա բարդությամբ, ինչպես նաև՝ Երևանի և Ստեփանակերտի հնարավարությունների տիրույթից դուրս լինելով:

Այնուամենայնիվ, երկրորդ ձախողումից խուսափելը բացառապես Երևանի ձեռքում էր, ինչպես այլ հանրապետություններ, որոնք չանցան ժողովրդավարացման քննությունը՝ ի դեմս իշխանությունների լեգիտիմության լուրջ պակասի, ազատ շուկայական տնտեսության և քաղաքական ինստիտուտների խեղաթյուրման, ժողովրդավարական ու լավ կառավարման հարցում խեղումների այլն:

 Նեոօսմանականության ու եվրասիական նոր կայսրության ուրվականների միջև

Չնայած հայ-ռուսական հարաբերությունները միշտ էլ անհամաչափ են եղել՝ իրավիճակը բավականին մտահոգիչ դարձավ 2000թ. Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո, ով ոչ միայն իր հետ բերեց եվրասիական ինտեգրման շղարշի ներքո բազմաբևեռ աշխարհ հաստատելու օրակարգը, այլև ընդհուպ Խորհրդային Միության փլուզումը հռչակեց 20-րդ դարի «խոշորագույն հումանիտար աղետ»:

Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միշտ էլ եղել է Մոսկվայի սիրած խաղալիքը՝ դժվար է հավատալ, որ Կրեմլը ներել է նրան՝ որպես «խոշորագույն հումանիտար աղետ»-ի դետոնատորի: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից զատ վերոնշյալ բացթողումները Երևանից որոշումներ կորզելու ոչ պակաս կենսունակ գործիքներ դարձան նրա ձեռքերում: Արդեն 2000թ. վերջին Հայաստանի արդյունաբերական, էներգետիկ, հաղորդակցական, տրանսպորտային և ռազմավարական գլխավոր հսկաները գտնվում էին կա՛մ Ռուսաստանի, կա՛մ նրա ընկերությունների ձեռքում:

2008թ. ռուս-վրացական պատերազմը և նրա հետևանքները, այնուհետև հիբրիդային պատերազմն Ուկրաինայի տարածքում, Ղրիմի բռնակցումը բավականին հստակ ուղերձներ էին Հայաստանին, թե ինչ կպատահի, եթե նա Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ միասին շարունակի ասոցացումը Եվրոպայի և եվրո-ատլանտյան ընկերությունների հետ ու մերժի ռուսական ինտեգրացիոն ծրագիրը:

Գրեթե այդ ծրագրին զուգահեռ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջ քաշված համաթյուրքական ինտեգրացիա հիմնելու մեկ այլ հավակնոտ հայեցակարգ «նեոօսմանականություն»-ն էլ ավելի սեղմեց Հայաստանին ռուսական ու թուրքական սալերի միջև՝ հանգեցնելով ԵՄ-ի հետ Ասոցացման/Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի չեղարկմանն ու Պուտինի Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցությանը: Արդյունքում ինքնուրույնաբար տնտեսական քաղաքականություն վարելու ինքնիշխանության սահմանափակման և այս Միության շրջանակներում ստանձնած պարտավորությունների ուժով Հայաստանը տակավին առերեսվում է դժվարությունների՝ իր քաղաքականությունները դիվերսիֆիկացնելու համար օգտվել այն հնարավորությունից, որն ընձեռում է պատժամիջոցներից ձերբազատված Իրանը կամ 3 տարուց ավելի ԵՄ-ի հետ հարաբերությունները վերասահմանելու գործում:

Այժմ, երբ Ռուսաստանը պահում է Հայաստանին իր ուղեծրում, ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական «նոր պլանը» թիրախավորել է Ադրբեջանին՝ խոստանալով վերադարձնել ԼՂՀ որոշ տարածքներ և չճանաչելով վերջինիս կարգավիճակը՝ որպես գրավիչ խայծ Բաքվի համար:

Հաջողելու դեպքում հակամարտության կարգավորման ռուսական նոր ծրագիրը ձեռք կխոցի մի քանի ռազմավարական թիրախներ՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահներին տեղակայելու միջոցով տարածաշրջանի միանձնյա կառավարումը, ըստ այդմ՝ Արևմուտքի ազդեցության նվազեցումը, ԼՂ կարգավիճակի սահմանման բանալին իր ձեռքում պահելու միջոցով ու դրա արդյունքում՝ հնազանդեցված Հայաստանին ու թիրախի տակ վերցված Ադրբեջանին հավերժ իր ուղեծրում պահելը: 2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի օրերին Մոսկվան իր վարքագծով հետապնդում էր հենց այս նպատակները, սակայն ձախողվեց, քանի որ հայկական բանակը կանխեց գաղութացման ևս մեկ փորձ:

Այդուհանդերձ, «Ռուսաստանը մի վառարան է, որին մոտենաս՝ կայրի, հեռանաս՝ կսառչես» ասույթը լավագույնս արտացոլում է ղարաբաղյան գործոնի և հայ-ռուսական հարաբերությունների երկերես բնույթը, այն է՝ կայսրություններին հպատակվել՝ նրանցից հեռավորություն պահելով, հնազանդվելը բայց և նրանց դեմ պատմականորեն կուտակված խորն ատելությամբ և վտանգվելու դեպքում ապստամբելու ցանկությամբ:

 Ճանաչումը որպես նեոկայսերականության կապիտուլյացիայի բանալի

Եթե այսօր կոմունիզմի լիակատար ու անդառնալի կապիտուլյացիան անհերքելի փաստ է, չենք կարող նույնն ասել նեոկայսերականության վարակի իսպառ կապիտուլյացիայի մասին, որը ժառանգվել է նախորդ կայսրություններից և կրկին ակտիվացվել հետսովետական տարածքում:

Պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղը տակավին կանգնած է իր նախկին՝ կայսերական կարգավիճակին վերադարձվելու վտանգի առջև: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ոչ միայն նախկին կայսրությունների՝ դեռևս Կովկասում կենսունակ մնացուկներն ապամոնտաժելու, այլ նաև Հայաստանի ու Արցախի լիակատար ապագաղութացման և ժողովրդավարացման հեռանկարներ բացելու բանալին է:

Նեոկայսերականության այդ վարակը կենսունակ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ պատմությունը համատարած և իսպառ ականազերծված ու լիցքաթափված չէ՝ նախևառաջ հայոց Ցեղասպանության ճանաչմամբ: Մի խիզախ քայլ, որը 1915թ. կատարեցին Գերմանիայի նախագահն ու Հռոմի պապը, իսկ 2016թ.՝ Բունդեսթագը՝ հետևելով աշխարհի այլ երկրներին:

Եվ, վերջապես, այդ վարակն իր սև գործը հաջողությամբ շարունակելու է, քանի դեռ Հայաստանն ու բախտակից այլ պետությունները, նույնիսկ Ռուսաստանը, հիմնովին չեն ապամոնտաժել խորհրդային անցյալը, նրանց համակարգերը, որոնք հիշեցնում են խորհրդային քաղաքական մշակույթը, և չեն դարձել ուժեղ, ժողովրդավարական, իրավական պետություններ:

Ու այդ ամենում Եվրոպայի անելիքն ու պահանջվածությունը հսկայական է, որին քաղաքակրթորեն պատկանում ենք բոլորս, բայց նրա արժեքային հիմքերից ու ուղենիշներից մնում ենք տակավին հեռու: Այդուհանդերձ, թվում է՝ Եվրոպան դեռևս զգուշավոր և անվճռական է կայսրությունների այդ հիմքերին կպչելու և Հայաստանի համար իմպերիալիզմի մնացորդները մաքրելու հարցում:

Հոդվածը պատրաստվել և վերջերս գերմաներեն լեզվով հրապարակվել է գերմանական §Zeit Online¦ պարբերականում՝ Քյորբեր հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող §Կայսրության ժառանգությունը. Ռուսաստանի դերը Եվրոպայում ԽՍՀՄ փլուզումից 25 տարի անց¦ խորագրով շարքի շրջանակներում:

Հոդվածը պատրաստել է Լուսինե Մողրովյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728