Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գեղեցիկ ապրում եմ» (Ֆոտոշարք)

Փետրվար 08,2017 13:30

Փետրվարի 10-ը հոբելյանական է ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, գրող եւ նկարիչ Արթուր Էլբակյանի համար, որն այսօր ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: Արթուր Էլբակյանը նաեւ հրաշալի լուսանկարիչ է եւ ինստագրամի իր էջում  ամեն օր ինքնատիպ լուսանկարներ է տեղադրում: «Առավոտը» փոքրիկ հարցազրույց ունեցավ արվեստագետի հետ:

– Բացի գրելը, նաեւ նկարում ու լուսանկարում եք, մասնավորապես լուսանկարչությամբ ի՞նչ բաց եք լրացնում, նկատի ունեմ ասելիքը արտահայտելու ձեւի առումով:

– Դրանք իրար լրացնող բաներ են: Այն, ինչ հնարավոր չէ ասել, կամ ցույց տալ նկարելով, ես փորձում եմ տեղ հասցնել լուսանկարների միջոցով: Լուսանկարների իմ շարքը ես անվանել եմ Photo of the day կամ օրվա կադր: Փորձում եմ ապրածս օրվա գեղեցիկ ակնթարթը պահպանել ինձ համար եւ կիսվում եմ մարդկանց հետ իմ աշխարհով, որին ես մի քիչ այլ անկյունից եմ նայում ու տեսնում: Մի քիչ թեք եմ նայում: Մի փոքր ուրիշ աստիճանի տակ:

– Հրաշալի լուսանկարներ եք արել, հնարավո՞ր է առաջիկայում ցուցահանդես բացվի, եթե այո, ինչ ուղերձ կունենա այդ ցուցահանդեսը:

– Շնորհակալ եմ գնահատականի եւ իմ լուսանկարները որակելու համար: Ոչինչ այս կյանքում բացառել հնարավոր չէ: Այդ թվում եւ լուսանկարների ցուցահանդեսը: Այդպիսի միտք հղացել եմ: Այն չի լինի միայն լուսանկարների ցուցահանդես: Ես այն պատկերացնում եմ նկարների հետ միասին, իրար լրացնող ցուցադրություն:

– Գեղեցիկի ձեր բանաձեւը` կյանքում, գրականության մեջ, կինոյում, լուսանկարներում…

– Նկատել գեղեցիկը, տեսնել գեղեցիկը, գնահատել գեղեցիկը եւ ապրել այդ գեղեցիկի հետ համահունչ: Մեր Երկիր մոլորակն այնքան գեղեցիկ է, մարդը, կենդանին, բնությունը, երեւույթները այնքան գեղեցիկ են: Ուղղակի նկատել է պետք: Սակայն շատերն ուղղակի անցնում են գեղեցիկի կողքով ու չեն նկատում: Իմ պարագայում դա բանաձեւ չէ, ապրելակերպ է:

– Վերջապես ե՞րբ է լույս տեսնելու այնքան սպասված ձեր «Մեր մասին» գիրքը:

– Եթե ասեմ կատակով, ապա չեմ կարողանում բաժանվել գրածիցս: Իսկ եթե լուրջ՝ գիրքս արդեն ավարտված է: Դժվարությունը Երեւանը նկարագրող ու պատմող հարյուրավոր լուսանկարների խմբագրական աշխատանքն էր, ավելի ճիշտ՝ հին լուսանկարները պատշաճ տպագրական որակի հասցնելը: Դա ահռելի աշխատանք էր, որ նախատեսվածից ավելի շատ ժամանակ պահանջեց: Մի փոքր էլ համբերենք ու գիրքը կհասնի ընթերցողին:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝
Արթուր Էլբակյանի

 

«Առավոտ»

07,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728