Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տնետուն ընկած՝ ներկա-բացակա են անում ու բնակիչների «քաղաքական ճաշակին» ծանոթանում

Փետրվար 08,2017 21:07

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող կուսակցություններն ու դաշինքները ԿԸՀ դեռ փաստաթղթերը չներկայացրած՝ որոշ թեկնածուներ արդեն իսկ մարդաորսի մեջ են: Նրանք պատվիրակություններ են ուղարկում գյումրեցիների բնակարաններ, որոնք հարցաքննելուց բացի, թե տանը քանի մարդ կա, քանիսն են քաղաքում, քանիսը՝ դրսում, ձեռքի հետ փորձում են հասկանալ, թե այդ ընտանիքում ո՞ւմ են մտադիր ընտրելու:

Մի քանի օր է՝ նման շրջայցեր են կազմակերպում Գյումրու Անի թաղամասի բնակարաններ: Անի թաղամասի 7-րդ փողոց, 4-րդ շենքի բնակիչ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց տուն հյուրընկալվել են առավոտյան:

«Երեք օր առաջ էր, առավոտյան արթնացա երկու կանանց ձայներից, պարզվեց ներկա-բացակա անողների 2 հոգանոց խումբ էր: Նախ` լսեցի նրանց ու հայրիկիս խոսակցությունը. հայրիկիս հարցնում էին՝ ո՞ւմ եք համակրում, նա էլ նեղվելով պատասխանում էր՝ ինչի՞ եք հարցնում, ես միշտ համակրել եմ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Մոտեցա «պատվիրակության» անդամներին, հարցրեցի, թե ո՞ր իրավունքով եք նման հարցեր տալիս, ո՞վ եք, ինչու եք ներկա-բացակա անում, ո՞ր թեկնածուի կողմից եք ուղարկված: Հարցս անպատասխան թողնելով՝ հեռացան:

Անկեղծ ասած, զարմացած եմ, որ մեր տուն էին այցելել, ոչ մի անգամ ռիսկ չէին անում՝ իմանալով, որ ես քաղաքական գործընթացների մեջ եմ, առաջին նախագահի համակիրն եմ: Այս ընտրություններին թեկնածուներ էնքան շատ են ու էնպիսի գազան ընտրապայքար է սպասվում, որ էլ ոչ մի բան հաշվի չեն առնում»,-մեզ հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728