Մի քանի առասպել Սուրբ Սարգսի տոնի մասին

Մի քանի առասպել Սուրբ Սարգսի տոնի մասին

«Հնում եկեղեցու ունեցած ծեսերն ու արարողակարգերը ժողովրդի համար միշտ չէ, որ բավական են եղել: Գոյություն ուներ նաև ժողովրդական քրիստոնեություն, այսինքն` քրիստոնեությունը ժողովրդի մեկնաբանությամբ»,- ասաց հայոց ազգագրության թանգարանի գիտաշխատող, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը փետրվարի 9-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Պարոն Գրիգորյանի խոսքով` հին ժամանակներում ժողովուրդը Սուրբ Սարգսի հետ կապված մի շարք առասպելներ է հյուսել, որոնք է’լ ավելի են կապել մարդուն տոնի ծիսակատարությունների հետ: Ազգագրագետը ներկայացրեց լեգենդներից մի քանիսը. «Օրինակ Ջավախքում, ասում էին, որ մի անգամ մի մարդ երեկոյան գյուղից գյուղ էր գնում, երբ գայլերը շրջապատեցին նրան: Այդ պահին նա սկսել է աղոթել Սուրբ Սարգսին ու մեկ էլ մի ձիավոր է հայտնվել ու քար դարձրել այդ գայլերին: Մեկ ուրիշ առասպելում էլ ասվում է, որ մի մարդ, որ լուրջ հիվանդ էր, աղոթել է Սուրբ Սարգսին, որ եթե բուժվի, եկեղեցում յոթ մոմ կվառի: Նա ապաքինվել է, բայց խոստումը չի կատարել, դրա պատճառով էլ որոշ ժամանակ անց խեղդամահ է եղել: Մի ծիծաղելի պատմություն էլ կա կապված այս տոնի հետ: Փոխինդը բոլոր տարածաշրջաններում այդ օրվան հատուկ կերակուր է: Հին ժամանակներում ափսեի մեջ դա լցնում ու սպասում էին, որ առավոտյան իբր տեսնեն Սուրբ Սարգսի ձիու պայտի հետքը: Ուրմեն Ջավախքում տղա երեխաները կատակ էին արել ու ձիու պայտի հետք էին թողել մի ընտանիքի փոխինդի վրա ու նաև մի քիչ էլ ձիու գոմաղբ լցրել: Առավոտյան տան տերերը, մտածելով, որ դա Սուրբ Սարգսի ձիու գոմաղբն է, խառնել են փոխինդի հետ, կերակուրներ պատրաստել դրանից ու բաժանել հայտնի հյուրերին: Իսկապես շատ հետաքրքիր է ժողովրդի մեկնաբանությունը այսպիսի տոներին»:

Իսկ Տրնդեզի մասին խոսելով` Խորեն Գրիգորյանը նշեց, որ մոխիրն այդ օրը բերքառատության խորհրդանիշ էր, իսկ կրակն էլ մեծ նշանակություն ուներ մարդկանց համար:  Նույնիսկ շորի մի փոքր հատվածը կրակի վրայով ցատկելիս եթե այրվեր, ուրեմն դա մեծ երջանկություն կբերեր:

Հանդիպման վերջում ազգագրագետը խորհուրդ տվեց երիտասարդներին, որ փետրվարի 10-ի երեկոյան նայեն լուսնին, մտածեն այն մարդու մասին, ում ուզում են տեսնել երազում, իսկ հետո նոր ուտեն աղի բլիթը:

Մելանի Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք