Լրահոս
Օրվա լրահոսը

«Խարբերդ» ընկերությունը կործանվում է՝ առանց ստվերի աշխատելու պատճառով

Փետրվար 10,2017 16:00

Մսի պահածոներ արտադրող, շուկայում 15 տարի աշխատող «Խարբերդ» ընկերության իրացման ծավալները, կարելի է ասել, լույսի արագությամբ նվազում են: Իսկ նվազում են հատկապես այն պատճառով, որ ընկերության հիմնադիրը չի ուզում ստվերով աշխատել, մաքուր աշխատելով էլ ընկերության գործերը օրի օրի վատանում են:

«Խարբերդ» ընկերության հիմնադիր Լեւոն Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում պատմում է, որ շատ սուպերմարկետներ ու խանութներ հրաժարվում են իր արտադրած ապրանքը գնել կամ էլ համաձայնվում են ձեռք բերել առանց հաշիվ-ապրանքագրի:
«Կատեգորիկ կերպով մեզանից ապրանք չեն ընդունում, որովհետեւ մեր հարկային դաշտերը տարբեր են, եւ փաստաթղթերի խոչընդոտ գոյություն ունի»,- ասում է պարոն Հակոբյանը: Այն խանութներն ու սուպերմարկետները, որոնք աշխատում են ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի դաշտում, ինչպես ասում է պարոն Հակոբյանը, հրաժարվում են «Խարբերդի» պահածոները գնել, որովհետեւ «Խարբերդը» շրջանառության հարկման դաշտում է, այսինքն՝ իր շրջանառությունից է հարկ վճարում: «Խարբերդի» հետ գործ բռնող սուպերմարկետը կամ խանութը այդ ընկերության պահածոն ձեռք բերելով` հետո ավելի հարկ պիտի վճարի, ինչը նրանց ձեռնտու չէ:

«Ես հաշիվ-ապրանքագրում միայն իմ ապրանքի արժեքն եմ գրում, եթե ԱԱՀ-ի դաշտում լինեի, ապա հաշիվ-ապրանքագրում գրելու էի՝ 20 տոկոս ԱԱՀ-ն՝ այսքան գումար, հետո նոր վաճառեի նրանց: Իսկ հետագայում նա օգտվելու էր իմ վճարած 20 տոկոսից: Հիմա քանի որ ես 20 տոկոս ԱԱՀ չեմ վճարում, գնորդ-խանութը պետք է վճարի: Եվ քանի որ չեն ստանում այդ 20 տոկոսը, հրաժարվում են ապրանք վերցնել»,- ասում է գործարարը: Նրանք էլ, որոնք չեն հրաժարվում ապրանքից, բայց հաշիվ-ապրանքագրից են հրաժարվում, ասում են՝ «կամ ապրանքդ վերցնում ենք առանց հաշիվ-ապրանքագրի, կամ էլ էս կողմերը չերեւաս»:

«Խարբերդի» պահածոները դրոշմապիտակավորվում են, եւ ինչպես գործարարն է ասում, ՊԵԿ-ից յուրաքանչյուր պահածոյի համար դրոշմապիտակ են ստանում ու ամեն հատի համար պատասխան պիտի տան. «Եթե մենք ամեն մի հատիկի համար հարկ ենք վճարում, ուրեմն պետք է ցույց տանք այդ իրացումը. ապրանքը գնում է խանութը, խանութպանը հաշիվ-ապրանքագիր չի ուզում, ու թող հարկային մարմինները նրան հարցնեն, թե ինչո՞ւ չի ուզում: Մենք խնդրում-աղաչում ենք, որ տանք այդ փաստաթուղթը, որովհետեւ պարտակելու տեղ չունենք, պիտի ցույց տանք այդ ապրանքը, կամ դա պիտի պահեստում մնա, որ հարկայինը գա տեսնի, իսկ եթե պահեստում չէ, ապա օրինական իրացում պիտի լինի»:

Պարոն Հակոբյանն ասում է՝ ապրանքը իրացնելու եւ վնասներ չկրելու համար ստիպված իրացումը ՀԴՄ-ով է ցույց տվել, այսինքն՝ այն խմբաքանակի համար, որը տվյալ խանութը վերցրել է առանց հաշիվ-ապրանքագրի, «Խարբերդ» ընկերությունը ՀԴՄ կտրոն է, այսպես ասած, խփել: Ասենք՝ որեւէ խանութին 500 հատ պահածո է վաճառել ու առանց հաշիվ-ապրանքագրի, ընկերությունը մաքուր աշխատելու, իրացումը չթաքցնելու համար 500 հատի համար ՀԴՄ կտրոն է խփել:

«Հարկային տեսուչներն այս խնդրի մասին շատ լավ գիտեն: Մի անգամ էլ ՀԴՄ խփելու մասին ասացին՝ «էդ լվացքի մեքենան եք միացրել»: Այսինքն՝ այդպես մաքրում են եղածը: Լավ, հիմա ես ի՞նչ անեմ, չարտադրե՞մ, չիրացնե՞մ, ո՞վ ճանապարհը ցույց կտա»,- նեղսրտում է գործարարը: Նա ասում է՝ մինչեւ հիմա փորձում են ապրանքը ՀԴՄ կտրոնով իրացնել, որոշ խանութներ համաձայնվում են այդպես աշխատել. «Բայց ինձ էլ ասում են՝ դու նպաստում ես, որ նա խարդախություն անի, հարկեր չվճարի: Եղբայր, դա քո գործն է՝ գնա հայտնաբերի դրանց, ես իմ գործը թողնեմ, նրանց բարոյականությո՞ւն սովորեցնեմ: Դրանք հաշիվ-ապրանքագիր չեն վերցնում, որպեսզի, ասենք, 100 միավոր ապրանք են վաճառել, 100-ի համար հարկ չվճարեն»:

Պարոն Հակոբյանի խոսքով՝ արդեն 3-րդ տարին է՝ պահածոները պատրաստում են տեղական մսից, գյուղացիներից են գնում հումքը, իսկ գյուղացիները ԱԱՀ չեն կարող տալ, իսկ երբ արտադրության համար տարա է գնում, արդեն ԱԱՀ-ն վճարում է: «Այսինքն՝ եթե գործարարի ձեռքբերումների մեջ կա ԱԱՀ-ն, նա, այսպես ասած, գլխանց դա վճարել է, իսկ եթե ձեռքբերումների մեջ չկա ԱԱՀ, այդ 20 տոկոսը պիտի վճարի այնտեղ, որտեղ իրացնում է: Բայց եթե ես աշխատում եմ 10-12 տոկոս օգուտի վրա, 20 տոկոս չեմ կարող վճարել: Մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ, հույս ունեմ՝ վարչապետը կամ ՊԵԿ-ը կարձագանքեն այս խնդրին, որովհետեւ սա իմ անձնական խնդիրը չէ, սա համատարած խնդիր է: Առանց ստվերի աշխատելով՝ կործանվում ենք»,- ասում է Լեւոն Հակոբյանը: «Խարբերդ» ընկերությունը, ինչպես վստահեցնում է հիմնադիրը, ամեն ամիս կես միլիոն դրամ հարկ է վճարում, եւ փաստորեն նշված խնդրի պատճառով եթե իրացումը նվազեցնի, բնականաբար, հարկն էլ քիչ կվճարի: Հակոբայնն ասում է՝ առանց այն էլ մարդկանց գնողունակության ընկնելու, արտագաղթի պատճառով իրացումը նվազում է, եւ հիմա արհեստական նոր խոչընդոտի պատճառով ավելի է կրճատվում իրացումն ու հետեւաբար՝ արտադրությունը: Մինչդեռ, հիշեցնենք, նոր կառավարության ղեկավարը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են գործարար միջավայրի բարելավման համար, գործարարի կողքին են լինելու, սակայն գործարար Լեւոն Հակոբյանի կողքին ոլորտի պատասխանատուներից որեւէ մեկը չկա: Հիշեցնենք. Հակոբյանն ասում է, որ հարկայինում այս խնդրի մասին լավ գիտեն:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

09,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728