Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության սխալ որոշման պատճառով մեր տնտեսությունը մոտ 4 միլիարդ դրամ է կորցրել

Փետրվար 11,2017 16:00

Երկու տարի վնաս կրելուց հետո կառավարությունը որոշեց պետգնումներում ԵԱՏՄ երկրների ընկերություններին 15% առավելության պահանջը վերացնել
Մոտ 2 տարի պահանջվեց պետական գնումների ոլորտի պատասխանատուներից, որպեսզի հասկանան՝ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ին հավանություն տված որոշումը սխալ է: Մինչդեռ այս որոշումն ընդունելուց հետո փորձագետները հայտարարում էին՝ պարոնայք, ձեր կայացրած որոշումը սխալ է, եւ դրանից տուժելու է Հայաստանը:

Խոսքը պետական գնումները Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխանեցնելն էր: Այն ժամանակ կառավարությունը նոր որոշմամբ սահմանեց՝ «Եթե գնման հայտով ներկայացված տվյալ գնման առարկայի պահանջվող քանակի եւ առավելագույն գնի արտադրյալը չի գերազանցում գնումների բազային միավորի 70-ապատիկը, ապա այդ գնման առարկաների գծով գնային առաջարկների գնահատման եւ համեմատման ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրության ապրանքներ առաջարկող մասնակիցներն ունեն 15 տոկոս գնային առավելություն»: Գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը այս որոշման վերաբերյալ «Առավոտի» 31.01.2015 թվականի «Պետգնումներում առավելություն է տրվելու 15% թանկ ԵՏՄ-ի ապրանքներին» հրապարակման մեջ անդրադառնալով այդ որոշմանը՝ ասել էր, որ 70 միլիոն դրամի առաջարկի դեպքում, եթե մի ընկերություն գրանցված է ԵԱՏՄ անդամ երկրում եւ ներկայացնում է ԵԱՏՄ երկրների ապրանք, որի գինը 15%-ով թանկ է լինելու այլ ընկերության առաջարկած եվրոպական կամ ամերիկյան ապրանքից, ապա մեր կառավարությունը նախապատվությունը տալու է 15% թանկ Եվրասիական տնտեսական միությունում արտադրված ապրանքին: Իսկ Հայաստանում պետական գնումներին 99.9% դեպքերում մասնակցում են հայկական ընկերություններ, որոնք, ըստ էության, ԵԱՏՄ անդամ երկրի ընկերություններ են: Կառավարության այս որոշմամբ տեղի է ունենում հետեւյալը՝ եթե 2 հայկական ընկերություններ մասնակցում են ասենք՝ նախագահի աշխատակազմի ավտոմեքենաների համար նոր անվադողեր գնելու մրցույթին, եւ եթե ընկերություններից մեկը ներկայացնի եվրոպական արտադրության անվադողեր, մյուսը՝ ռուսական, իսկ ռուսականը լինի եվրոպականից 15% թանկ գնային առաջարկով, ապա նախագահականը պետք է գնի թանկ ռուսականը:

Հիմա ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցնում է, որ այդ 15% առավելության պահանջը վերացնելու են:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այդ 15% գնային նախապատվությունը ոչ մի տնտեսագիտական հիմնավորում չուներ, եւ չնայած այն ժամանակ ոլորտի պատասխանատուներն ասում էին, որ այդպես հայրենական արտադրողները կշահեն, բայց հայրենական արտադրողներին աջակցելու ամենավատ ձեւը գնային նախապատվությունն է: «Աշխարհի բոլոր երկրներում հայրենական արտադրողներին աջացկում են շուկայի հայթայթումով, մարքեթինգային աջակցությամբ, լոգիստիկ ծառայությունների աջակցությամբ, վարկավորման լավ պայմաններով, բայց ոչ երբեք՝ գնային առավելությամբ: Ցավոք, 2 տարի պահանջվեց, որ հասկանան դա, բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք»: Այսինքն՝ փորձագետն ասում էր՝ այն ժամանակ կառավարության որոշման հիմնավորումը միֆ էր:

Արտակ Մանուկյանը վստահեցրեց, որ իր մոտավոր հաշվարկներով այս 2 տարվա ընթացքում այդ 15% գնային առավելությունը կիրառելով՝ մեր տնտեսությունը մոտ 4 միլիարդ դրամ է կորցրել. «Ակնհայտ է, մենք վճարել ենք մի բանի համար ավելի թանկ միայն նրա համար, որ արտադրված է եղել ԵԱՏՄ անդամ երկրներում: Ավելին՝ հայրենականի փոխարեն ձեռք ենք բերել մեծամասամբ ռուսական ապրանքներ»: Այսինքն՝ այս գնային նախապատվությունից հիմնականում օգտվել են ռուսական ծագման ապրանքի մատակարարները:

Մի օր պետական գնումների պատասխանատուները հասկացան, որ այդ որոշմամբ ինչո՞ւ պիտի հայ հարկատուների հաշվին այլ երկրների ընկերություններին ավելի գումար տան: Այսպիսի պատասխան տվեց ֆինանսների նախարարն օրերս պետական գնումների համակարգի վերաբերյալ սեմինարի ժամանակ՝ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյոք 15% գնային առավելությունը չի՞ վնասում հայրենական ընկերություններին պետգնումներին մասնակցելու հարցում, եւ չպե՞տք է հանվի այդ պահանջը: Պարոն Արամյանը նաեւ նշեց, որ միջազգային կառույցների պահանջով էլ չպետք է խտրականություն կիրառվի:

«15% գնային առավելության պահանջը դրված էր ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար: Մենք տեսանք, որ իր նպատակին չի ծառայում՝ նույն գործիքով առավելություն եմ տալիս ԵԱՏՄ երկրների ընկերություններին, եւ 15%-ով ավելի գնում եմ նրանից: Ինչո՞ւ, եթե նույն որակի կարող եմ գնել եվրոպական ապրանք, ու բավարարի գինն ու որակը: Դա լավ գործիք չէր, մենք տեղական ընկերություններին էլ չէինք օգնում ու մի բան էլ կարող էինք օգնել ԵԱՏՄ ընկերություններին: Դրա համար մենք որոշեցիքն հանել այդ պահանջը»,- ասաց պարոն Արամյանը: Նշենք, որ երեկ կառավարության նիստում որոշում կայացվեց պետական գնումներում 15% առավելության պահանջը վերացնել:
Գնումների փորձագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ պետական գնումների համակարգը պետք է լինի նորամուծությունների նկատմամբ պահանջարկ ստեղծող: Այսինքն, ըստ փորձագետի, պետք է նոր գաղափարներով կառավարությունը փորձի խթանել պետական գնումների համակարգը, ինչը, ցավոք, դեռեւս չկա. «Սա նշում եմ, որովհետեւ, բացի ստանդարտ ապրանքներից, որոնց պարագայում նորմալ է, որ գինը լինի հաղթողի ընտրության միակ չափանիշը, մենք հավասարաչափ ձեռք ենք բերում ոչ ստանդարտ ապրանքներ: Ասենք, եթե ստանդարտը հացն է, բենզինը, թուղթը, այստեղ նորամուծություն պատկերացնելը դժվար է, ապա մնացած դեպքերում ինչո՞ւ նորամուծությունը չի խթանվում»,- նկատեց փորձագետը:

Այս ամենի արդյունքում, ըստ Մանուկյանի, պետական գնումների համակարգը մեծ հաշվով գրավիչ չէ, հատկապես ՓՄՁ-ի համար, ինչի արդյունքում տարիներ շարունակ մենք ունենում ենք միջինում մոտ 1.7 մասնակից։

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

10,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728