Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը չընդգրկվեց ՀՀԿ ցուցակում

Փետրվար 14,2017 21:07

ՀՀԿ գործադիր մարմնի անդամները կլինեն կուսակցության շտաբի անդամներ:  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց , որ իշխող կուսակցությունը ներկայացրել է 133 հոգուց բաղկացած տարածքային ցուցակ և 64 հոգանոց համամասնական ցուցակ: Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ համամասնական ցուցակի րկրորդ հնգյակում մինչև փետրվարի 16-ը լինեն փոփոխություններ:

Պարոն Շարմազանովը հայտնեց, որ նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է, իսկ ցուցակն ընդունվել է միաձայն:

Հարցին` ինչո՞վ եք բացատրվում, որ ոչ կուսակցության նախագահը, ոչ էլ վարչապետը ցուցակում չկան, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Վարկանիշի խնդիր չկա, կուսակցության նախագահն այդպես է որոշել, մենք քննարկել ենք այդ հարցը գործադիրում: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա պատճառն ինձնից լավ գիտեք, այդ մասին Կարեն Կարապետյանը խոսել է լրագրողների հետ զրույցում»:

Լրագրողների հստակեցմանը, թե գրանցման խնդի՞րը նկատի ունեն, Էդուարդ Շարմազանովը դրական պատասխան տվեց:

Պարոն Շարմազանովը վստահեցրեց, որ իրենց ցուցակը բավականին մրցունակ է, այնտեղ կան և՛ մտավորականներ, և՛ գործող պատգամավորներ, և՛ քաղաքագետներ. «Գտնում ենք, որ նման ցուցակով ՀՀԿ-ն մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություններ»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Սերժ Սարգսյանը պետք է ընդգրկվի ՀՀԿ ցուցակում` պարոն Շարմազանովը հեգնեց. «Ինչպես տեսաք` այս անգամ էլ օդում քամի եղավ: Եթե լսեինք տարբեր խոսակցություններ, ապա Սերժ Սարգսյանը պետք է  լիներ ցուցակում, որ դառնար ՀՀ ԱԺ նախագահ: Իսկ թե ինչ կլինի 2018-ից հետո, չեմ կարող ասել»:

Նա նաև կրկնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, եթե ՀՀԿ-ն ստանա բավականաչափ ձայներ ու հնարավորություն ունենա կազմել կառավարություն, ապա այդ կառավարության վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը:

Հարցին` որքանո՞վ է նպատակահարմար, որ սահմանային լարվածության այն ընթացքում  Վիգեն Սարգսյանը զբաղվի քաղաքական քարոզչությամբ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Դա քաղաքական պաշտոն է: Վիգեն Սարգսյանը օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում կզբաղվի քարոզչությամբ, ինչպես ՀՀԿ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր պաշտոնյա»:

Դառնալով այն դիտարկումներին, թե, փաստորեն, Հովիկ Աբրահամյանին փոխարինող շտաբի պետ չգտնվեց, այդ պատճառով կոլեգիալ կլինի գործադիր մարմնի կառավարումը, պարոն Շարմազանովը հիշեցրեց, թե շտաբի պետ է եղել Գալուստ Սահակյանը, Տիգրան Թորոսյանը ինքը` Էդուարդ Շարմազանովը և ամփոփեց. «Կոլեգիալ կառավարումը շտաբի կարծում ենք արդյունավետ կլինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728