Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «Նույնիսկ չճանաչված երկրի քաղաքացիներն ունեն իրավունքներ» (Տեսանյութ)

Փետրվար 14,2017 22:31

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր երեկոյան Եվրախորհրդարանում կարճ ասուլիս է տվել: Իր խոսքում նա անդրադարձել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներին:

«Մեզ` Արցախի քաղաքացիներիս համար շատ կարեւոր է լսելի լինել Եվրոպայի եւ եվրոպացի գործընկերների համար: Իմ ոլորտը մարդու իրավունքներն են, ես չեմ խոսի քաղաքականությունից: Ես հիմա խոսելու եմ բացառապես մարդու իրավունքների տեսանկյունից` չճանաչված պետության մարդու իրավունքների տեսանկյունից, քանի որ նույնիսկ ճանաչված պետության քաղաքացիները չպետք է անտեսվեն, նրանք եւս ունեն իրավունքներ»,- ասել է Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ շատ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանում` Եվրախորհրդարանի պատգամավորների հետ: Այնտեղ նա ներկայացրել է իր վերջին զեկույցը` 2016 թ. ապրիլին Ադրբեջանի ներխուժման վերաբերյալ: «Մենք նշել ենք հատկապես ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման համակարգվա’ծ բնույթի մասին: Դրա մասին վկայություններից մեկն այն է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնված Արցախի քաղաքացիների մոտավորապես 90 տոկոսը կամ խոշտանգվել էին, կամ կտտանքների ենթարկվել կամ ոչնչացվել»,-ասել է Ռուբեն Մելիքյանը: Նա նաեւ նշեց, որ կան բազմաթիվ վկայություններ, փաստեր եւ լուսանկարներ` այդ բոլոր դեպքերի մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ Եվրոպայի մարդու իրավունքի պաշտպանությամբ զբաղվող հանրության համար սա պիտի շատ մտոհոգիչ խնդիր լինի, քանի որ օբյեկտիվ պատճառներով մենք չենք կարող անկախ զեկույցներ պատրաստել, եւ դրա պատճառներից մեկը Եվրոպայի բացակայությունն է Արցախում: Նկատելով, որ խոսքը չի գնում Եվրոպայի պաշտոնական եւ անմիջական ներկայության, այլ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների եւ ակտիվիստների մասին, նա կարեւորեց եվրոպական կառույցների ավելի մեծ ներգրավվածության կարիքը Արցախում եւ նույնքան կամ նույնիսկ ավելի վտանգավոր իրավիճակում գտնվող տարածքներում, քանի որ հենց այս տեղերում է, որ առավել զգալի է մարդու իրավունքների պաշտպանության պակասը:

Հաջորդ կարեւոր հարցը, որ նա քննարկել է Եվրախորհրդարանի պատգամավորների եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանրության հետ` Արցախ մեկնողների անվտանգության հարցն է. «Խոսքը միայն Լապշինին չի վերաբերում, այլեւ բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են Արցախում, կամ որոշում են այցելել Արցախ»:

Հիշեցնելով, որ Արցախում մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով, ունեն նույնպիսի խնդիրներ, ինչ բոլորը, եւ Արցախում մարդու իրավունքների պաշտպանը անում է նույն գործը, ինչ այլ երկրների օմբուդսմենները, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ իր դիտարկմամբ շատ կարեւոր է այն, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է Եվրոպայի հետ ավելի լայն համագործակցությանը,եվրոպական արժեքներն ավելի շատ ընդօրինակելուն, եւ դա բազմիցս ցույց է տվել:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728