Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր 1988-ի փետրվարին փոթորկվել Բաքուն

Փետրվար 15,2017 16:22

1988 թվականի հունվարի 2-ին Սիսիանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Շչորս Դավթյանի և Երևանի պետական համալսարանի դասախոս Իշխան Բալյանի հետ մեկնեցինք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ` ղարաբաղյան մեր բարեկամների նոր տարին շնորհավորելու նպատակով: Ճանապարհին մտանք Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի: Նորոգումն ավարտին մոտ էր: Տարիներ առաջ եղել էի եկեղեցում: Այն ժամանակ գտնվում էր անմխիթար վիճակում: Այս անգամ արդեն բավականին հաճելի տեսք էր ստացել: Եկեղեցու նորոգման վարպետ Վոլոդյան հաճախակի էր գալիս Սիսիան, բազալտից բացի փոխադրում այլ շինանյութեր, մասնավորապես ցեմենտ և արմատուրա: Ամենուրեք աջակցում էին նրան: Պատմում էր նաև, թե որքան մեծ դժվարությամբ է ղարաբաղցիներին հաջողվել համոզել Ադրբեջանի մշակույթի նախարարությանը Շուշիի եկեղեցին մտցնել նորոգվող պատմա-մշակութային հուշարձանների ցուցակի մեջ:

Թողնելով եկեղեցին, մի պտույտ գործեցինք քաղաքում: Հոգեհարազատ էին հին շինությունները, նրանք, որոնք մերն էին, հայկական էին: Երբեմնի հայկական Շուշին նվաճվել էր ադրբեջանաոճ նոր շինություններով: Միակ հայկական դպրոցը տեղավորված էր հին ռեալական դպրոցի շենքում: Մինչդեռ ըստ նշանավոր ազգագրագետ Երվանդ Լալայանի, 19-րդ դարի վերջերին Շուշիում գործել են 6 դպրոցներ և ուսումնարաններ, որոնցից միայն մեկն է եղել թուրքական: «Հայոց թեմական, ռեալական, քաղաքային, թուրքական դպրոցներում և հինգ միդասյա տղայաց մասնավոր ուսումնարանում սովորել են 1209 հայ, 18 ռուս, 5 վրացի և 305 թուրք, իսկ օրիորդաց Մարիամյան արքունական ուսումնարանում՝ 137 հայ, 12 ռուս, 1 վրացի« / Երվանդ Լալայան, Եր. երկեր հ. 2, էջ 89/:

… Այդուհանդերձ պետք է իջնեինք Ստեփանակերտ: Մեզ իր տանը հյուրընկալեց Ստեփանակերտի քաղխորհրդի նախագահ Վոլոդիա Թովմասյանը: Այստեղ էին եկել նաև մարզի մի քանի ղեկավար աշխատողներ: Նոր տարվա բարեմաղթանքներից զատ, խոսակցության թեման նաև մարզն էր, նրա ճակատագիրը: Նրանց այնքան չէր մտահոգում սոցիալական և տնտեսական ոլորտներում կուտակված հիմնախնդիրները, որքան Ադրբեջանի կողմից ժողովրդագրական իրավիճակի փոփոխության հասնելու բացահայտ նկրտումները, այդ նպատակով իրականացվող էթնիկ զտումների, մշակութային զարգացման արգելքների, բնակարանային շինարարությունը հիմնականում ադրբեջանական բնակավայրերում կենտրոնացնելու, մարզի տարածքում նոր ադրբեջանական բնակավայրեր հիմնելու քաղաքականությունը: Ասկերանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը, որը հետագայում ընտրվեց Ազգային Խորհրդի նախագահ և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, պատմում էր, թե ինչպես են Աղդամի շրջանից մի խումբ ադրբեջանցիներ փորձել նաև իրենց շրջանի տարածքի մեջ մտնող անտառի բացատում բնակավայր հիմնել և ինքը ինչպես է միլիցիայով նրանց մի կերպ դուրս հանել շրջանից: Փաստորեն արդեն համարյա հայաթափված Նախիջևանի հաջողված փորձը սկսվել էր կիրառվել նաև Ղարաբաղում: /Դեռևս 1828 թվականին ստեղծված Հայկական մարզի մեջ մտնող հայաշատ Նախիջևանում այդ օրերին մնացել էին հայերով բնակեցված մի քանի բնակավայրեր /Ագուլիս, Կզնութ, Ցղնա, Բիստ, Գյումրի,Նորս, Ապրակունիս, Զնաբերդը/, որոնք ամբողջովին դատարկվեցին 1988-90 թվականներին/:

Այս ամենի համար նրանք արդեն բացահայտ կերպով մեղադրում էին նաև մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովին: Հիշում եմ նույն Վաչագան Գրիգորյանի խոսքերը.

– Նա Ադրբեջանի հնազանդ կամակատարն է մարզում: Մի երկու օր առաջ մտել եմ նրա մոտ և ուղղակիորեն հիշեցրել, որ ճիշտը մարզից հեռանալն է:

Վաչագան Գրիգորյանին ճանաչում էի վաղուց: 1984 թվականին Սիսիանում երաշտ էր: Անասնակերը չէր բավականացնում: Նա, ինչպես նաև մարզգործկոմի նախագահի տեղակալ և ագրոարդի նախագահ Շմավոն Պետրոսյանը նախաձեռնեցին շրջանին կերով օգնելու գործը: Կերը բերվում էր մեծամասամբ Ասկերանի շրջանից, որտեղ աշխատում էր նա: Այն ժամանակ ես կուսշրջկոմի երկրորդ քարտուղարն էի և ինձ էր հանձնարարված կերերի փոխադրման գործի կազմակերպումը:

Շատ անգամ եմ հանդիպել նրան, այդ ջերմ, իսկական հայրենասեր մարդուն: Ցավով էր խոսում Բաքվի հայատյաց քաղաքականության մասին: Մի օր առաջարկեց շրջկենտրոնի գրախանութ իջնել:

– Տեսնում ես, ամբողջն ադրբեջաներեն գրքեր են, հայկական այն մի քանի կտոր գրականությունն էլ ես եմ Հայաստանից բերել,- ցավով ասաց նա:

…Զգացվում էր, որ մարդկանց համբերությանն այլևս տեղ չէր մնացել: Շշուկներ կային նույնիսկ, որ ստորագրություններ են հավաքվում մարզն Ադրբեջանի կազմից հանելու մասին: Հաջորդ օրը խոսակցության թեման նույնն էր. մարզը, նրա ճակատագիրը: Կեսօրն անց էր, երբ հրաժեշտ տվեցինք ղարաբաղցի ընկերներին, Ստեփանակերտին: Արտաքնապես քաղաքը հանգիստ էր: Սակայն իր ընդերքում կամաց – կամաց խմորվող փոթորիկն իրեն արդեն զգացնել տալիս էր:

…1988 թվականի հունվարի կեսերին մեկնեցի Բաքու: Սովորում էի ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Բաքվի բարձրագույն քառամյա դպրոցի հեռակա բաժնում: Վերջին տարին էր: Արդեն հանձնում էինք պետական քննությունները: Մեր կուրսում ընդգրկված էին Անդրկովկասյան երեք հանրապետությունների կուսակցական, խորհրդային աշխատողներ, ինչպես նաև՝ զինվորականներ, որոնք Խորհրդային բանակում զբաղվում էին քաղդաստիարակչական աշխատանքի հարցերով: Հայաստանից 9 հոգի էինք: Մինչև փետրվարի կեսերը Բաքուն հանգիստ էր: Համենայն դեպս արտաքնապես անսովոր ոչինչ չէր զգացվում:

Փետրվարի սկզբներին Հայաստանից տասնօրյա վերապատրաստման դասընթացների եկան նաև մի խումբ կուսակցական և խորհրդային ղեկավար աշխատողներ: Նրանց թվում էր նաև Սիսիանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Շչորս Դավթյանը: Երբեմն հյուրանոց մեզ այցելության էին գալիս ծագումով սիսիանցի և արդեն Բաքվում պաշտոններ զբաղեցնող ադրբեջանցիներ:Նրանցից ոմանց գիտեի ավելի վաղ: Նորմալ մարդկային հարաբերություններ կային: Սակայն այս անգամ ընդգծված սառնությանն զուգահեռ, ըմբոստ կեցվածք էին ընդունել: Այդ ըմբոստություն-սառնությունը մեծանում էր Ստեփանակերտում ծավալվող խմորումների մեծացման հետ մեկտեղ: Իսկ Ստեփանակերտում կատարվող իրադարձությունների մասին լուրերը մեզ էր հասցնում մարզկոմի գյուղբաժնի վարիչի տեղակալ մեր համակուրսեցի Սարուխան Բեդունցը: Մի օր նա հայտնեց, թե նախապատրաստվում է պատգամավորների մարզային խորհրդի նիստ, որտեղ դրվելու է մարզն Ադրբեջանի կազմից հանելու և մայր հայրենիքի հետ միավորվելու հարցը: Այդ լուրն արդեն ըստ երևույթի հասել էր Բաքու: Ղարաբաղցիները հավատացել էին Գարբաչովյան վերակառուցմանը, հավատացել էին, որ ահա եկել է պահը՝ ազատորեն ինքնորոշվելու համար: Միամտորեն հավատացել էինք շատերս: Նույն օրերին Բաքվում վերապատրաստման եկած Գորիսի կուսշրջկոմի առաջին քարտուղար Ռոբերտ Ալեքսանյանը մի օր ուղղակիորեն ասաց.

-Հավաստի աղբյուրներից գիտեմ. Ղարաբաղի հարցը լուծվում է:

… Մարզխորհրդի նիստից մեկ օր առաջ՝ փետրվարի 19-ին, Բաքուն փոթորկվել էր: Առավոտյան հյուրանոցից դուրս գալիս կենտրոնական հրապարակի մյուս ծայրում մարդկային մի անկազմակերպ ամբոխ տեսա: Շուտով շարասյան գլուխը կանգ առավ հրապարակի կենտրոնում, իսկ մարմինը կամաց-կամաց փաթաթվեց և օղակեց Լենինի արձանն ու հրապարակի մի զգալի հատվածը: Ցուցարարներն ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով կրում էին »Մահ Աղանբեկյանին«, »Մահ Դեմիրճյանին«, »Ղարաբաղը մեր հողն է« պաստառները: Սա արդեն լուրջ մարտահրավեր էր, առաջին մահ ազդարարող դեռևս ազդագրերը: Ամեն ինչ պարզ էր: Տարիներ շարունակ թաքուն պահված մաղձն ու թշնամանքը վերջապես բացահայտ ցուցադրվում էին: Հռետորները խոսում էին ադրբեջաներեն: Շատ բան անհասկանալի էր: Բայց միանգամայն հասկանալի էր »Ղարաբաղը մեր հողն է« արտահայտությունը, որ հնչում էր իրար փոխարինող հռետորների բերանից:

… Կուսդպրոցում դասերն ընդհատվել էին: Քիչ հետո փակվեցին նաև դպրոցի դռները: Հայերին խորհուրդ տվեցին մնալ դպրոցում, դուրս չգալ: Վրացիներն ու ադրբեջանցիները դուրս եկան: Մինչև ուշ երեկո դպրոցի ներսում էինք: Լուսամուտից պարզ երևում էր, թե հարակից փողոցներով ամբոխն ինչպես է աճապարում, այս անգամ ոչ թե կենտրոնական հրապարակ, այլ՝ կուսակցության կենտրոնական կոմիտեի շենք: Կենտկոմի շենքը կուսդպրոցից քիչ էր հեռու: Շատերն ուղղակիորեն վազում էին: Այդ պահը նման էր »Հյուսիսային ծիածան « կինոնկարի այն դրվագին, երբ սովալլուկ ու տկլոր ամբոխը մուսուլմանական մոլեռանդությամբ վազում էր Թեհրանում գտնվող ռուսական դեսպանատուն` արյուն հեղելու անհագուրդ ծարավով լի: Կուսդպրոցի հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Նիկոլայ Դավթյանը մի բարի և ազնիվ մարդ էր, ծագումով ղարաբաղցի: Մեզ հավաքել էր իր աշխատասենյակը և ուշադիր լսում էր ելույթները: Արդեն հնչում էին նաև առաջին բռնության կոչերը: Նրա ծերունական գունատ դեմքի վրա կարդացվում էր վերահաս վտանգի տագնապը, այդ ժամանակ Բաքվում ապրող 300 հազար հայերի ճակատագրի նկատմամբ ունեցած անհանգստությունը: Միտինգի ավարտից հետո նա ասաց, որ վերջին ելույթ ունեցողը Կենտկոմի գյուղատնտեսության գծով քարտուղարն էր, որ նա հայտարարեց, թե հանրապետության ղեկավարները խոսել են Մոսկվայի հետ, որ Ղարաբաղի անջատման ոչ մի հարց չի եղել և չի լինի, որ այն եղել և մնում է որպես Ադրբեջանի անբաժանելի մասը: Դրանից հետո ամբոխն աստիճանաբար սկսեց քաշվել: Բարի գիշեր մաղթելուց հետո նա դանդաղ ետ շրջվեց և ավելացրեց.

-Այսօր ռեկտորատում շշուկներ հասան ականջիս, որ վաղը Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը մի քանի ղեկավար աշխատողների հետ մեկնում է Ստեփանակերտ:

Թեև այդ հրատապ այցի մասին նա հստակ ոչինչ չգիտեր, սակայն կարծում էր, որ այն կարող էր կապված լինել Ղարաբաղում իրավիճակի սրման հետ: Փետրվարի 20-ին Բաքվի փոթորիկը մարել էր: Սակայն լուրեր էին պտտվում, որ ավելի հուժկու փոթորիկ բարձրացել է Ղարաբաղում: Փետրվարի 21-ին Բեդունցը դպրոց չէր եկել: Մեր համակուրսեցիներ ծագումով կապանեցի ՀԿԿ Կենտկոմի հրահանգիչ Սամվել Մարտիրոսյանի և Բաքվի ռազմա-ծովային նավատորմի երրորդ կարգի կապիտան Ռազմիկ Ավանեսովի հետ մենք նրան գտանք դպրոցի հանրակացարանում: Ուրախությունից աչքերը փայլում էին:

-Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից,- ասաց նա: Ու հետո հավաքելով իրեն պատմեց հետևյալը:

-Բաքվաբնակ բարեկամիս տնից գիշերը կոդով խոսել եմ քրոջս հետ: Նա մարզային խորհրդի պատգամավոր է: Ասաց, որ տեղի է ունեցել ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջան և որոշում է կայացվել դուրս գալ Ադրբեջանի կազմից և միավորվել մայր հայրենիքի հետ:

Հետո նա նշեց նաև, որ մարզխորհրդի նստաշրջանը ձախողելու նպատակով մի շարք արհեստական արգելքներ են ստեղծվել, որ ադրբեջանցի պատգամավորները բոյկոտել են այն, որ նույնիսկ փակվել են Ստեփանակերտ մտնող բոլոր ճանապարհները, որպեսզի պատգամավորները չկարողանան մասնակցել նստաշրջանին, որ շատերը ստիպված անտառներով ու սարերով են ոտքով մտել քաղաք, որ ոչ մի արդյունք չեն տվել անգամ նստաշրջանը ձախողելու նպատակով այդ օրը Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովի հորդորները:

Իսկ թե ինչու էր հատկապես փետրվարի 19-ին և ոչ 20-ին մեծ աղմուկ բարձրացել Բաքվում դա ըստ էության կապված էր այդ օրը մարզի շրջաններում տեղի ունեցող շրջխորհուրդների նստաշրջանների հետ, որոնցում ընդունված որոշումերով պահանջվում էր հրավիրել մարզխորհրդի արտահերթ նստաշրջան և քննարկել մարզի հետագա ճակատագրի հարցը:

…Թեև փետրվարի 21-ի ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի կողմից ղարաբաղյան շարժումը մի խումբ ծայրահեղականների գործ որակվելուց հետո Բաքվում միտինգները դադարեցին, սակայն արդեն ամենուրեք գործադուլի կոչեր էին հնչում: Մի օր Նիկոլայ Դավթյանը կամացուկ ասաց.

Հավաստի աղբյուրից ինձ հայտնի է, որ այս ամենը կազմակերպում է հենց Կենտկոմը: Ուղղակի վերևից հանձնարարություն կա փակել հիմնարկձեռնարկությունները, գործադուլի դուրս գալ: Ուզում են Մոսկվային վախեցնել:

Հայերի համար արդեն փողոց դուրս գալը վտանգավոր էր: Մթնոլորտն աստիճանաբար փոխվում էր, դառնում առավել թշնամական և չարացած: Չգիտեինք նաև, որ արդեն օրակարգում է այդ պատմական որոշման պատասխանը` Սումգայիթի հայ բնակչության եղեռնը: Բայց ասեմ նաև, որ ծայրահեղորեն տրամադրված ամբոխի կողքին կային բազմաթիվ մարդիկ, որոնք անտարբեր էին այս ամենի,ինչպես նաև ղարաբաղցիների առանձին ապրելու ձգտումների նկատմամբ: Իմիջիայլոց, այս հարցի նկատմամբ քար լռություն էր տիրում նաև կուսդպրոցում: Թե դպրոցի ղեկավարությունը, և թե ադրբեջանցի ուսանողներն ու դասախոսները ձեռնպահ էին մնում այդ հարցի հրապարակային քննարկումներից:

… Ավարտական դիպլոմները հանձնելու հաջորդ օրը`փետրվարի 26-ին անվտանգության կոմիտեի երկու աշխատակցի ուղեկցությամբ մեզ ճանապարհեցին օդանավակայան: Այստեղ առաջարկեցին լսել Գորբաչովի դիմումը՝ ուղղված հայ և ադրբեջանցի ժողովուրդներին: Ելույթը պետք է հեռուստատեսությամբ հնչեր տեղական ժամանակով ժամը 12-ին: Թռիչքը մեկ ժամ հետաձգվեց: Հեռուստաելույթի մեջ գլխավոր քարտուղարը երկու ժողովուրդներին կոչ էր անում հանդես բերել հանդարտություն և զսպվածություն: Սակայն նրա ելույթը նմանվեց գելի գլխին ավետարան կարդալու պես մի բանի, քանի որ հենց ելույթի հաջորդ օրը Սումգայիթում սկսվեց հայերի ջարդը: Դա ահաբեկելու միջոցով ղարաբաղյան շարժման բարձրացած ալիքը կասեցնելու մի անհաջող փորձ էր:

…Նույն օրը կեսօրն անց էր, երբ հասանք Երևան: Թատերական հրապարակում բազմահազարանոց միտինգ էր: Ոչ միայն լցվել էր հրապարակը, այլև մարդկային հոծ շղթան ձգվել ու տարածվել էր հարակից փողոցներով մեկ: Հռետորներն արտահայտվում էին զուսպ, հավասարակշռված: Բոլորի ելույթների հենքը ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման պահանջն էր, ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը: Պաստառների վրա երևում էր անգամ »Լենին, պարտիա, Գորբաչով« կարգախոսը:

…Անցել են տարիներ, բայց ոչինչ չի մոռացվել: Արցախի տարեգրության մեջ 29 տարի առաջ ոսկե տառերով դաջված 1988 թվականի փետրվարի 20-ի մարզխորհրդի համարձակ որոշումն այսօրվա արդեն կայացած Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության պայքարի առաջին էջն էր, իրավական գործընթացի սկիզբը: Այսքան լարվածություն ստեղծելու փոխարեն մեր հարևանները վերջապես պետք է հանգեն այն եզրակացության, որ պատմության անիվը շրջել այլևս հնարավոր չէ:

 

Հենզել ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հանրապետության ժուռնալիստների

միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728