Լրահոս
Օրվա լրահոսը

Փոսային նորոգումները չեն փրկում սահմանը շրջանցող միջպետական ճանապարհը

Փետրվար 16,2017 20:03

Արտերկրից Հայաստան բեռներ ներկրող եւ Հայաստանից ապրանքներ արտահանող խոշոր բեռնատարները դժվարանում են հաղթահարել Նոյեմբերյան-Ջուջեւան, Ոսկեպար-Կիրանց լեռնային, ոլորապտույտ, ձյունապատ հատվածները: «Ֆուռերը» ձյան վրա տեղապտույտ տալով՝ իրար հետեւից «լռվում» են ճանապարհին, խանգարելով այլ մեքենաների երթեւեկին: Նշված ճանապարհը սպասարկում է Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ն: Այդ ընկերության աշխատակիցների ջանքերի շնորհիվ միջպետական ավտոճանապարհով երթեւեկությունը երբեւէ չի փակվել:

Սակայն ձմեռը վաղուց բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք չեն լուծվում: 2016թ. սեպտեմբերի 14-ից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր- Ալավերդի հատվածը վերանորոգման նպատակով փակվել է,խոշոր բեռնատարները անցնում են Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Այդ ճանապարհի բեռնվածությունը մի քանի անգամ աճել է: Մինչեւ 40 տոննա բեռնված «ֆուռերը« չեն կարողանում հաղթահարել ձյունոտ, սառցապատ, լեռնային, ոլորաններով լի ճանապարհները:

Ճանապարհաշինական նշված ընկերության բանվորները ճանապարհին աղ ու ավազ են սփռում, սակայն երեկոյան ժամերին ճանապարհի ծածկը սառչում է, աղն ու ավազն չեն օգնում: Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ –ից տեղեկացանք, որ դեկտեմբերի կեսից մինչեւ հիմա ընկերությունը Բագրատաշեն-Կիրանց ճանապարհին ավելի քան 60 տոննա աղ է շաղ տվել:

Հարկ է, որ պետավտոտեսչությունը ճանապարհի վտանգավոր հատվածներում հսկողություն սահմանի, ամեն երեկո արգելի Նոյեմբերյան-Ջուջեւան եւ Ոսկեպար-Կիրանց հատվածներով խոշոր բեռնատարների երթեւեկը: Նման պրակտիկա իրականացվում է ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի մոտ:

Կիրանց –Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհը կառուցվել է 15 տարի առաջ,այն փոսերով լի է: Ծանր բեռնատարներն ավելի են քանդում ժամանակին ոչ այնքան որակով կառուցված ճանապարհը: «Կյանքի ճանապարհը» ոչ թե փոսային նորոգումների, այլ հիմնանորոգման կարիք ունի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728