Թուրքիան դեպի Հայաստան ներմուծման տվյալները թաքցնում է. (Ֆոտոշարք)

Թուրքիան դեպի Հայաստան ներմուծման տվյալները թաքցնում է. (Ֆոտոշարք)

Սակայն Թուրքիան տարիներ շարունակ մնում է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը` ըստ մեր վիճակագրական տվյալների

Փետրվարի 11-12-ը Ծաղկաձորում կայացավ «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ անցկացող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկումը, որին մասնակցում են ՀՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի երիտասարդները:

Այս անգամ քննարկմանը որպես հիմնական զեկուցող հրավիրված էր ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա խոսեց Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների հեռանկարների ու խոչընդոտների մասին, բաց սահմանների քաղաքականության, շուկայի եւ հնարավորությունների շուրջ:

Պարոն Մակարյանը նախ նշեց, որ տարբեր առիթներով եղել է Թուրքիայում, վերջին անգամ՝ 2015թ. փետրվարին, եւ կարեւորեց այդ այցելությունը, քանի որ հնարավորություն է ունեցել հանդիպելու պետական մարմինների, արհմիութենական կառույցների, գործատուների միությունների ներկայացուցիչների հետ եւ օգտակար տեղեկություններ է ստացել նրանց կողմից իրականացվող ռազմավարությունների մասին: Գագիկ Մակարյանը երկարատեւ զրույց է ունեցել Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ, որը ոգեւորված պատմել է Թուրքիայի զարգացման հեռանկարների մասին` մինչեւ 2030 թվականի համար:

«Առանցքային ուղղությունը նրանք տալիս էին մարդկային կապիտալի զարգացմանը, որը նաեւ մի քանի ուղղությունների զարգացում է ենթադրում: Առաջինը կրթական համակարգի լուրջ մոդեռնիզացիան էր, որը կարող է աշխատուժի որակը բարձրացնել: Իրենք նույնիսկ հնչեցնում էին այն միտքը, որ ուրախ կլինեն հետեւել Եվրոպայում աշխատող շատ թուրքերի, որոնք արտերկրում կրթվել են, աշխատանքի փորձառություն են ձեռք բերել: Երկրորդ կարեւոր ուղղությունն այն էր, որ իրենք ձգտում են տարբեր քաղաքներում հոսպիտալների, կլինիկաների, ժամանակակից դիագնոստիկ կենտրոնների ստեղծման ճանապարհով լուծել բնակչության առողջության պահպանման խնդիրները: Երրորդ ուղղությունը, որը նրանք արդեն իրագործում են, շատ նման է ամերիկյան, ճապոնական մոդելներին` ստեղծելու են գիտական, հետազոտական հատուկ կենտրոններ եւ այնտեղ փորձելու են ներգրավել ոչ միայն թուրք, այլեւ այլ երկրների գիտնականների: Այսինքն՝ ստեղծելու են ենթակառուցվածքներ, որոնք գիտական առումով աշխարհի կենտրոններ կարող են դառնալ»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Նրա համոզմամբ` Թուրքիան գիտակցելով իր բնակչության եւ տնտեսական աճի տեմպերն ու աշխարհաքաղաքական ազդեցությունը` ձգտում է իր ձեռքը վերցնել գիտական, առաջավոր տեխնոլոգիաների զարգացման ինստիտուցիոնալ դերակատարումը:
«Թուրքիան ունիկալ տնտեսություն ունի»,- նկատեց պարոն Մակարյանը` հավելելով, որ 2000-ական թվականներին մի քանի անգամ այցելելով Թուրքիա՝ փորձել է ավելի խորն ուսումնասիրել Թուրքիայի փոքր ու միջին բիզնեսի զարգացման մոդելը:
«Զբոսաշրջիկների ներհոսքը օգտագործող կոնցեպցիայի վրա կառուցված մոդել է, որտեղ համարյա բոլոր կարեւոր ձեռնարկությունները, մասնավորապես՝ Ստամբուլում, ունեին իրենց ներկայացուցչական խանութները: Իրենց արտադրանքը ներկայացնելու մարկետինգային ստրուկտուրան հանդիսանում են հենց այդ խանութները կամ գրասենյակները, որոնք ներկայացնում են տվյալ արտադրանքը: Այսինքն՝ առաջին բանակցությունները վաճառքի շուրջ սկսվում են խանութում: Հաջորդ հետաքրքրական փաստն այն է, որ Թուրքիայի խանութներում հիմնականում աշխատում են ուկրաինացի, բելառուս, ռուս վաճառողներ կամ մենեջերներ, որոնք հնարավորություն ունեն ռուսերենով ազատ հաղորդակցվելու, որովհետեւ ԱՊՀ-ից, հատկապես Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկներն ունեն շատ մեծ առեւտրային պոտենցիալ»,- նշեց Գագիկ Մակարյանը:
Բանախոսն անդրադառնալով Թուրքիայի տնտեսությանը` նշեց, որ այդ երկիրն իր համար սահմանել է բարձր նշաձող` մի քանի ուղղություններում աշխարհում առաջին հնգյակում տեղ զբաղեցնելու նպատակով: «Դա Թուրքիային հաջողվել է: Առաջինը` տեքստիլն է, աշխարհում երրորդ տեղում են, եւ եթե նախկինում աշխարհին մատակարարում էին էժան հագուստներ, ապա 2015 թվականից այս ոլորտին գումարվեց նաեւ կարի ոլորտի սարքավորումների արտադրությունը»:

Երկրորդ ոլորտը, պարզվում է, մեքենաշինությունն է: Բանախոսն ընդգծեց, որ այդ մոդելի զարգացումը Թուրքիայում իսկապես յուրահատուկ է: «Մեքենաշինական ընկերություններն ունեցել են թուրք սեփականատերեր եւ նրանց ջանքերով հասել են նրան, որ Թուրքիայում հիմնադրվել է «Mercedes» մեքենաների արտադրության երկու գործարան, որոնք արտադրում են ջիպ տեսակի ավտոմեքենաներ եւ ավտոբուսներ, վերջինները ամբողջապես են արտադրվում Թուրքիայում, հիմնականում շարժիչներն են բերվում Գերմանիայից: Ինչն է հետաքրքրական, այդ ավտոբուսների արտադրության մեջ մոտավորապես 4000-ից ավելի դետալներ են օգտագործվում, որոնք երկար տարիներ ներմուծվում էին Գերմանիայից, սակայն ժամանակի ընթացքում Թուրքիան սկսել է իր սեփական արտադրությունը զարգացնել, որպեսզի հավաքման գործընթացը տեղում ապահովի, ինչի արդյունքում այսօր 60 տոկոսն ապահովում է տեղում, որի շնորհիվ «Mercedes» մեքենաների արտադրության երկու գործարանում աշխատում է 5000 մարդ: Բայց որպեսզի մեքենաների 60 տոկոս կոմպլեկտացիան ապահովվի, այլ գործարաններ, որոնք սպասարկում եւ դետալներ են արտադրում մեքենաշինական այդ 2 գործ արանների համար, դրանցում էլ աշխատում է 1.7 միլիոն մարդ: Այսինքն՝ սա մեքենաշինական հսկայական ինդուստրիա է, ընդամենը 5000-անոց գործարանի համար Թուրքիայում աշխատում է 1.7 միլիոն մարդ»:

Թուրքիայի տնտեսության երրորդ ոլորտը ցեմենտի արտադրությունն է: Գագիկ Մակարյանը նշեց, որ Թուրքիան տարեկան արտադրում է 76 միլիոն տոննա ցեմենտ, ունի 56 հզոր գործարաններ, որոնց շնորհիվ տարածաշրջանում (Իրաք, Աֆղանստան), ինչպես նաեւ Ռուսաստանում իրականացվում են շինարարական լուրջ ծրագրեր` թուրքական կազմակերպությունների միջոցով:

Հաջորդ ոլորտը դեղորայքի արտադրությունն է: Ըստ Գագիկ Մակարյանի` Թուրքիան դեղորայքի արդյունաբերության ոլորտում շուտով կմտնի աշխարհում առաջին հնգյակի մեջ. «Ունեն ունիկալ տեխնոլոգիաներ` գերմաքուր արտադրության պայմաններով ու չափանիշներով, դեղորայքի արտադրության ամենաթանկ` GMP պայմաններին համապատասխան հնարավորություններ»: Մյուս ոլորտը, որով Թուրքիան մոտենում է աշխարհի առաջատար երկրների հնգյակի մեջ, զբոսաշրջությունն է՝ նշեց Գագիկ Մակարյանը՝ համաձայնելով, որ վերջին ամիսներին այդ երկրում իրականացված հեղաշրջման փորձը, ահաբեկչական գործողությունները որոշակիորեն զբոսաշրջիկների հոսքի տեմպերի վրա բացասական ազդեցություն են ունեցել, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան չի ձգտելու այդ ուղղությունը զարգացնել եւ կհասնի առաջընթացի այդ ոլորտում եւս:

Գագիկ Մակարյանն առանձնացրեց նաեւ Թուրքիայի գյուղատնտեսական մթերքների արտադրությունը` որպես մյուս զարգացած ուղղություն: «Դեռեւս 1998-99թթ. ամբողջ Եվրոպական միության գյուղմթերքների 40 տոկոսը դեռ այն ժամանակ մատակարարում էր Թուրքիան, հիմա այդ ցուցանիշներն ավելացել են»: Վերջին ոլորտը, որ Թուրքիան ցանկանում է զարգացնել եւ առաջատար դիրքեր զբաղեցնել, գինեգործությունն է. «2013 թվականից արտադրում են որակյալ գինիներ, ընդ որում` ոչ թանկ: Թուրքիան, այսպիսով, փորձում է նաեւ մտնել աշխարհի գինու շուկա»:

Բանախոսն ամփոփեց. «Այսինքն՝ մենք գործ ունենք մի պետության հետ, որը տեսեք, թե ինչ բազմազանություն ունի: Այս ոլորտները ոչ բոլոր երկրներն են կարողանում միաժամանակ զարգացնել: Այս ամենին գումարվում է արդեն թուրքական դիվանագիտությունը` երկրի հնարավորությունների ճիշտ գնահատումը, ճիշտ օգտագործելու կարողությունը, որը նրանք կարողանում են առաջ մղել»:

Հայաստան-Թուրքիա առեւտրային համագործակցությանն անդրադառնալով՝ Գագիկ Մակարյանը արձանագրեց, որ Թուրքիան տարիներ շարունակ մնում է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը, ըստ վիճակագրական տվյալների` մոտավորապես 210-230 միլիոն դոլարի ընդհանուր առեւտրային ցուցանիշներով: «Հիմա մենք դեպի Թուրքիա արտահանում չունենք, միայն ներմուծում է իրականացվում, այսինքն` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրային համագործակցությունը միակողմանի է: Թուրքիայից ներմուծում ենք հագուստ, կենցաղային իրեր, սարքավորումներ, շինարարական նյութեր եւ այլն»:

Ընդ որում, բանախոսը նշեց, որ պաշտոնապես Թուրքիան դեպի Հայաստան ներմուծման տվյալները ցույց է տալիս որպես զրո, այսինքն` թաքցնում է, մինչդեռ Հայաստանի վիճակագրությունը այդ թվերը ցույց է տալիս: Նա նշեց նաեւ, որ ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների` Թուրքիայից Հայաստան ներմուծվում են մոտավորապես 1600 տեսակի ապրանքներ:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 16.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք