Լրահոս
Օրվա լրահոսը

Այսքան որակներ մեկտեղել եք ձեր մեջ, էլ ում շունն ա նենգ թշնամին որ ձեզ վախեցնի

Փետրվար 17,2017 17:31

Բարև տղաս: Իմ հզոր, իմ զորեղ, իմ արծիվ տղա: Բարևս ոգեշնչող, ոգեկոչող ու գոտեպնդող է, ոչ միայն քեզ տղես, այլ քո բոլոր ծառայակից ընկերներին, սպաներին և բոլոր նրանց, ովքեր այս օրհասական ժամին և այս պահին ձեր կողքին են:

Գրում եմ քեզ ու ձեզ ձեռքս չի դողում, որովհետև, մի այնպիսի հպարտություն կա մեջս, աննկարագրելի ու անբացատրելի մի զգացողություն, որ ինձ մտքով տեղահան անում ու բերում քեզ է հասցնում բալես: Ամեն բարի լույսի ու բարի գիշերվա հետ քեզ ու ձեզ եմ փոխանցում իմ սիրտն ու ուժը, վստահ, որ զգում ես ներկայությունը: Ես գիտեմ ու բոլորը գիտեն փորձության ժամանակներ են և հաստատապես եմ ասում, որ հաղթահարելու եք այն: Հաղթահարելու եք, որովհետև ձեր մեջ առյուծի ուժ կա, արծվի սուր աչք և իսկական ՀԱՅԻ անկոտրում ոգի: Թշնամին նենգ է, թշնամին վայրագ ու անասնական բնազդով:

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ,
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ,
Բայց մենք կանգուն ենք մեր լեռների պես
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ…

Ուզում եմ, որ ինչպես Շիրազն է ասում իր տողերում, կանգուն մնաք մեր լեռների պես, երբեք չընկճվեք, որ ամեն նոր օրվա հետ նոր զորեղություն ստանաք ձեզանից հեռու, բայց և ձեզ շատ մոտ հարազատ ու ոչ հարազատ մարդկանց բարեխոսությունից` ոգևորող ու ոգեշնչող: Զուր չի ասված. Հայրենիքը սկսվում է ընտանիքից: Մեր հողն էլ մեր մեծ ընտանիքի հիմքն է և թույլ չեք տա, մենք էլ ոչ մի ոտնձգություն: Ամեն օր տարբեր կայքերում առաջնագծում ծառայող իմ տղերքի (ես նրանց բոլորին իմն եմ համարում, քեզանից հետո) լուսանկարներն եմ նայում` լայն ժպտացող հպարտ դեմքերով, սիրտս փառավորվում է: Տղերքի դեմքից դուխը ծորում մեզ է հասնում: Եթե նույնիսկ հոգնած են այդ պահին` ցույց չեն տալիս: Գիտեմ տղաս, նկարվել չես սիրում, բայց որ առիթ լինի նկարվի, միշտ տղերքի շարքում քեզ եմ փնտրում: Ուզում եմ քեզնով լիանամ: Տղաս, հանգիստ-անհանգիստ եմ, ուրախ-տխուր եմ, ուժեղ-անճար եմ, քեզնով շնչող, քեզնով ապրող քո մաման եմ: Իմ շնչառությունն ես:

Իմացիր մենք չենք թևաթափվում, ընդհակառակը անբացատրելի մի ուժ ձեզնից փոխանցվել է մեզ ու թևեր տվել: Չէ, երազանքի թևեր չի, որ երկնքում ճախրենք, այլ ամրակուռ բազուկ` ձեր ամուր թիկունքը էլ ավելի ամրացնելու: Ես կհանդգնեմ ձեզ նույնիսկ մերօրյա ՖԻԴԱՅԻՆԵՐ կոչել, որովհետև ՀԱՅ ՖԻԴԱՅՈՒ գենը կրողն եք դուք ու ձեր երակներով հերոսի արյուն է հոսում:

Հայրենիքը հայրն է, իսկ հողը` մայրը: Դրա համար էլ չեն դողում ձեր ոտքերը, որովհետև մայրը միշտ էլ սատար է իր զավակներին: Պինդ կանգնեք ձեր Մայր Հողին ու անպայման կզգաք նրա ամրությունը: Գիտես ինչու, որովհետև նրա ջերմությունը ձեր ոտքերի միջոցով փոխանցվում է ձեզ ու խլրտում է ձեր երակներում երիտասարդ տաք արյունը:

Անսահման շատ, մեծ-մեծ, ամենա-ամենա հզոր եմ տեսնում ձեզ: Հարատևության չափ անկրկնելի ու անիմանալի զորեղություն կա, որ ուղեկից է ձեզ` մեզ բաժին հասած այս դժվարին ու բարդ ժամանակներում:

Միշտ ժպտացեք, երբ շատ են ժպիտներն ու ուրախությունը, նշանակում է ուժը տեղում է և հեշտ է լինում ետ շպրտել չարիքը: Դուք հետևողական զինվորական կարգ ու կանոնին, դուք խելացի, դուք խիզախ, դուք անվախ, դուք մեծ սրտի տեր. Այսքան որակներ մեկտեղել եք ձեր մեջ, էլ ում շունն ա նենգ թշնամին որ ձեզ վախեցնի:

Պայքարեք, պաշտպանեք ու փրկեք հողը հայրենի: Աստված պահապան լինի և օգնական իմ քաջ տղերք: Փառքով ծառայեք ու փառքով վերադարձեք: Ձեր մայրերը աղոթում են ձեզ համար: Մենք ուժեղ ենք… Գրկում եմ ու ամուր սեղմում սրտիս:

Սպասում ենք քեզ ու ձեզ:

Ազգանուշ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728