«Յուրաքանչյուր վնասվածքի դեպքում ծախսի կեսը հոգում է պետությունը». վնասվածքաբան Վաչագան Այվազյան

«Յուրաքանչյուր վնասվածքի դեպքում ծախսի կեսը հոգում է պետությունը». վնասվածքաբան Վաչագան Այվազյան

«Ըստ վիճակագրական տվյալների՝ վնասվածքներ ստացած մարդկանց  թիվը 2014- 2016 թվականների ընթացքում այդքան էլ չի փոխվել», – այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց  Հայաստանի առողջապահության նախարարության Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ռադիոլոգիայի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ակադեմիկոս Վաչագան Այվազյանը:

Նրա խոսքով այս տարի կա մի այսպիսի միտում. եթե առաջ միանգամից դիմում էին հիվանդանոց, հիմա գրանցվել է այն մարդկանց թվի աճը, որոնք դիմում են մոտակա պոլիկլինիկա: Ընդհանուր առմամբ բժշկական օգնության դիմածների 58 %-ը տուժել է այս տարվա ձմռան պատճառով: Տուժած կանանց թիվը ավելի մեծ է , քան տղամարդկանց թիվը, վնասվածք ստացածների 14%-ը երեխաներ են. «Հիմնականում կոտրվում են վերին վերջույթները, որովհետև  ընկնելու  ժամանակ որպես պաշտպանական ռեակցիա ձեռքերն են մեկնում և պահում իրենց, դրա համար էլ ձեռքերն ավելի շատ են կոտրվում».

Հարցին, թե ո՞ր տարիքային  շեմից է ոսկրային կոտրվածքների հավանականությունը մեծանում, պարոն Այվազյանը պատասխանեց, որ մեծահասակների դեպքում կոտրվածքները ավելի շատ են լինում, որովհետև նրանք ավելի դժվար ու վատ են քայլում, դողում են: Այդ տարիքում կոտրվածքները շատ են նաև այն պատճառով, որ մարդու կմախքը, ոսկորները թուլանում են:

Անդրադառնալով առաջին բուժօգնությանը, և այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է հասկանալ կոտրվածք կա, թե ոչ, հյուրը պատասխանեց, որ տուժածը ինքը հեշտությամբ կարող է հասկանալ դա: «Եթե վնասվածքը ստորին վերջույթի հատվածում է, պետք է փորձել կանգնել ոտքի վրա: Եթե քայլել ստացվում է, հավանականությունը մեծ է, որ ոչ մի վտանգավոր կոտրվածք չկա, ուղղակի ուժեղ ոլորվել է ոտքը: Հիմա խոսենք առաջին օգնության մասին. կոտրվածքի դեպքում պետք է  այդ հատվածը  ֆիքսել:  Օրինակ՝ եթե կոտրվել է ձեռքը, պետք է այն  որևէ կտորով  կապել մարմնին, իսկ եթե ձեռքի տակ կա որևէ տախտակ կամ ամուր բան, ավելի լավ, կարևորը կոտրված հատվածն անշարժացնելն է, ու դրանից հետո պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, պետք է սպասել մինչև ժամանի շտապօգնությունը»,-ասաց նա:

Պարոն Այվազյանի խոսքով, եթե մարդն ընկել է և հարվածել գլուխը կամ ճակատի հատվածը, պետք է սառը դնել այդ հատվածում առաջին օրերի ընթացքում, նույնը նաև կոտրվածքի դեպքում, չի կարելի որևէ դեպքում տաքացնել այդ հատվածը:

Հարցին՝ եթե մարդն ընկել է դրսում չմաքրված ձյան պատճառով, ապա ո՞վ է այդ դեպքում հոգում ծախսերը, բժիշկը պատասխանեց, որ խոշոր ոսկորների վնասվածքների դեպքում գործում է պետական պատվերը. բուժման կեսը հոգում է պետությունը, կեսը՝ տուժածը:

Ռոզա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք