Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին եվրոպական քաղաք է»․ 1 միլիոն եվրո՝ Եվրամիության կողմից  (Տեսանյութ)

Փետրվար 17,2017 18:17

Այսօր Գյումրի էր այցելել Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նա 1 միլիոն եվրո տարածքային զարգացման դրամաշնորհ է տրամադրելու Գյումրիում մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացման համար։ Դեսպանը, որն արդեն իսկ հայտարարել է, թե Գյումրին Հայաստանի ամենաեվրոպական քաղաքն է, այսօր քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս իր հիացմունքն արտահայտեց տաղանդներ ծնած պատմական այս քաղաքի մասին՝ անդրադառնալով «Կումայրի» արգելոցի մեջ գտնվող ճարտարապետական շենքերին ու հետաքրքրվելով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ սեփական միջոցներից ներդրումներ անելու մասին։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ, առիթը օգտագործելով, կատակեց, թե «Կումայրի» արգելոցի մի շենք էլ դուք վերցրեք, ներդրում կատարեք, ձեր շենքը կունենաք Գյումրիում։ Դեսպանն այսօր խոսում էր Սամվել Բալասանյանի սրտից. պատմում էր Գյումրու պատմությունը՝ նշելով, որ երբ Երևանը քաղաքը չէր, Գյումրին արդեն պատմություն ունեցող քաղաք էր։ «Ճիշտ ես»,- հրճվանքով բացականչում էր Սամվել Բալասանյանը։

Քաղաքապետի հետ հանդիպումից հետո Պյոտր Սվիտալսկին մամուլի ասուլիս տվեց՝ մանրամասնելով դրամաշնորհային ծրագրի նպատակը ու պարզաբանելով, թե ինչու են նախընտրում Շիրակի մարզը։ «Սիրում եմ այս քաղաքը, քաղաք, որը Հայաստանի մշակութային կենտրոնն է, քաղաք, որը հարուստ պատմություն և հրաշալի, տաղանդավոր մարդիկ ունի։ Իմ նպատակն է հայտարարել մի նոր ծրագրի մասին, իրականացվելիք ծրագիր Գյումրիում, որը որ թիրախավորելու է քաղաքը, ինչպես նաև մարզը։ Ծրագիր, որը կապ կունենա մշակույթի հետ, նոր աշխատատեղեր կստեղծի։ Ակնհայտ է, որ Գյումրին իր տաղանդներով կարծես թե այն վայրն է, որտեղ կարելի է նախաձեռնել և իրականացնել մի ծրագիր, որը նվիրված է տնտեսական զարգացման խթանմանը՝ մշակույթի զարգացման միջոցով»,- իր խոսքն այսպես սկսեց դեսպանը։ Վերջինս ասաց, որ Հայաստանի խնդիրներից մեկը մայրաքաղաքի և տարբեր մարզերի միջև անհամաչափ զարգացումն է, ուստիև հաջող զարգացում, կայուն միջավայր ապահովելու համար Հայաստանին անհրաժեշտ է այս բացը լրացնել։ Եվրամիությունն էլ, ըստ բանախոսի, օգնում է այս բացը լրացնելու, աջակցել է Հայաստանի կառավարությանը տարածքային զարգացման ռազմավարություն մշակելու գործում։ Դեսպանը նաև նշեց, որ այս նախաձեռնությունն Արևելյան գործընկերության երկրներում իրականացվողներից մեկն է։

Մանրամասնելով ծրագրի պահանջները՝ Պյոտր Սվիտալսկին ասաց, որ  կֆինանսավորեն հետաքրքիր, ստեղծարար մտքերը, որոնք կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը, ծրագրի թեմայի ընտրության մեջ քաղաքացիներն ազատ են։ «Ես հենց նոր հանդիպում ունեցա ձեր քաղաքապետի հետ, քաղաքապետն ինքն էլ նոր գաղափարներ ունի այն մասին, թե Եվրամիությունը որտեղ պետք է այս գումարը ներդնի այս քաղաքի մշակույթի ոլորտում (քաղաքապետն առաջարկում էր Գեորգի Գյուրջիևի կենտրոն ստեղծել Ա․Ն․)։ Դրանցից մի քանիսը երկարաժամկետ են, մի քանիսը կարճաժամկետ են, բոլորը կապված 1 միլիոն եվրոյի հետ, հետևաբար և ազատ է թեման։ Չենք կարող պարտադրել և մենք վստահում ենք ձեր ստեղծարարությունը։ Ի դեպ, մեզ ասել են, որ գյումրեցիները ստեղծարար միտք ունեն», -ասաց Եվրամիության դեսպանը։

Նա տեղեկացրեց, որ անցած տարի Եվրամիությունը ստորագրել է 7 ծրագիր, որոնք պետք է իրականացնեն տարբեր մարզերում, և որոնք ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը։ Դրանցից մեկն արդեն իրականացվել է Շիրակում, 758 հազար եվրո հատկացրել են մի ծրագրի, որը ուղղված է եղել տեխնոլոգիական զարգացման խթանմանը Շիրակում։ Այն իրականացվել է «Միքրոսոֆտի» ստեղծարարական կենտրոնի կողմից՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ։ Ըստ դեսպանի, այս ծրագիրը կստեղծի 90 նոր աշխատատեղ Շիրակի մարզում, միաժամանակ նաև աջակցություն կտրամադրի 180 տարբեր մարդկանց գործունեության ու որոշ ընկերությունների մրցունակության ամրապնդման համար։ «Իհարկե, կհարցնեք, թե արդյոք 758 հազար եվրոն, որն արդեն հատկացված է Շիրակին, կարո՞ղ է փոխել իրավիճակն ընդհանուր առմամբ։ Իհարկե, պետք է իրատեսական լինենք, սա մի կաթիլ է՝ կարիքների օվկիանոսում այս մարզի»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։ Ըստ նրա, եթե այս ծրագիրը հաջողվի, Եվրամիությունը պատրաստ կլինի շարունակելու ավելի մեծ ծավալով ներդրումներ իրականացնելու այս մարզում։

Նա ասաց, որ որպես Եվիամիության պատվիրակության ղեկավար՝ Հայաստանում առաջնահերթ ուշադրություն կդարձնի ավելի շատ մարզերում աշխատանքի ու կոնկրետ ծրագրերի իրականացման վրա։ «Շիրակը այն մարզերից է, որտեղ մենք՝ որպես Եվրամիություն, պետք է ավելի շատ ներդնենք, կա քաղաքական փոխհամաձայնություն այս տեսանկյունից, որ Շիրակն ավելի մեծ ուշադրության է արժանի։ Մեզ հրավիրում են հաշվի առնելու նաև այլ ներգրավվածության ձևաչափեր։ Գաղտնիք չէ նաև, որ մենք ուշադրությամբ հսկում ենք «Կումայրի» ծրագրի իրականացման սկիզբը, որը շատ լավ նախաձեռնություն է իմ կարծիքով՝ կառավարության ու կենտրոնական բանկի ուժերով։ Կարծում ենք, որ զբոսաշրջությունն էլ՝ որպես այդպիսին, մեծ ապագա կարող է ունենալ այս մարզում»։

Դեսպանը նշեց, որ իրենց դրամաշնորհներին համաֆինանսավորում է տրամադրում նաև ՀՀ կառավարությունը, այսինքն՝ ընդհանուր գումարի 25 տոկոսը տրամադրելու է ՀՀ կառավարությունը։ Ըստ մամլո հաղորդագրության, 1 միլիոն եվրոյից 700 000 եվրոն տրամադրվում է Եվրոպական Միության կողմից, 175 000 եվրոն՝ Հայաստանի կառավարության, և նվազագույնը 10 տոկոս հավելվում է դիմորդների կողմից՝ համաֆինանսավորման սկզբունքով։

Ըստ դեսպանի, դրամաշնորհային հատկացումների գործընթացը լինելու է շատ թափանցիկ, Եվրամիությունը բավական խիստ ընթացակարգ է սահմանել այս առումով։ «Տարածքային զարգացման ծրագրի ընդհանուր շրջանակում, կարծում եմ, Շիրակը նախընտրելի է, արդեն երկու ծրագիր Շիրակում ունենք, ընդհանուր փաթեթը կարելի է ասել կազմում է գրեթե 2 միլիոն եվրո։ Ինչո՞ւ են այս արտոնությունները հասնում Շիրակին։ Մի քանի պատճառ կա․ հիմնականն այն է, որ կան տնտեսական ճնշումներ, և բացը, անհամաչափությունը Երևանի ու Շիրակի կամ Գյումրու միջև նկատելի են, զգալի են։ Մի կողմից՝ Գյումրին երկրորդ քաղաքն է՝ հրաշալի պատմությամբ, որոշ դեպքերում նաև ողբերգական էջերով՝ իհարկե, հիշելով 88-ի երկրաշարժը և շատ եվրոպական քաղաք է։ Այնպես չէ, որ այստեղ եվրոպացիներ են եկել օգնելու հայերին, մասնավորապես՝ երկրաշարժից հետո, այլ մշակութային ժառանգության առկայության տեսանկյունից։ Այդ ժառանգությունն այնքան հարուստ է, ինչպես դուք գիտեք, բավական էթնոսներ այստեղ հայտնվել ու բնակվել են դեռ ցարական ժամանակաշրջանից, խորհրդային ժամանակաշրջանում։ Խոսքը ոչ միայն ռուսների, այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների մասին է, այդ պատճառով մենք այստեղ ավելի շատ ենք զգում մեզ, ինչպես տանը։ Սա միակ վայրն է Հայաստանի, որը ունի Եվրոպայի հրապարակը, որը մեզ շատ է դուր գալիս։ Սիրում ենք Գյումրին և սիրում ենք այստեղ գալ, և քանի դեռ մեզ այստեղ դիմավորում են ժպիտով ու հյուրընկալությամբ, մենք այստեղ կգանք»,-եզրափակեց իր խոսքը դեսպանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728