ՀՀԿ-ականներին սատարելու չտեսնված մեթոդ՝ Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետերի կողմից

ՀՀԿ-ականներին սատարելու չտեսնված մեթոդ՝ Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետերի կողմից

Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին ՀՀԿ վարկանիշային ցուցակից դուրս հանելուց հետո Գյումրու քաղաքապետը բավական բարդ իրավիճակում է հայտնվել։ Բանն այն է, որ նա պարտավորվում է սատարել ՀՀԿ-ականներին, իսկ Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային թեկնածուները 13 են։ Պայմանավորվածության համաձայն՝ Գյումրու քաղաքապետը սատարելու է Մարտուն Գրիգորյանին, որը ՏԻՄ ընտրություններում չառաջադրեց իր թեկնածությունը, սատարեց Սամվել Բալասանյանին՝ ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով պատգամավոր դառնալու պայմանով։

Բայց, քանի որ Մարտուն Գրիգորյանին սատարելու դեպքում այդ նույն Սամվել Բալասանյանից կարող են նեղանալ մյուս թեկնածուները, օրինակ՝ նրա նախկին ղեկավար, Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը կամ Սուքիաս Ավետիսյանը, ուստիև, մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետն ու երկու փոխքաղաքապետերը որոշել են, այսպես ասած, միմյանց մեջ բաժանել ՀՀԿ-ական թեկնածուներին։ Սամվել Բալասանյանը իր մերձավորներով, գարեջրի ու հրուշակեղենի ֆաբրիկաների աշխատակիցներով սատարելու է Մարտուն Գրիգորյանին, Շիրակի մարզի նախկին դատախազ, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը՝ գեներալ Ֆելիքս Ցոլակյանին, իսկ մյուս փոխքաղաքապետը՝ Ռուբեն Սանոյանը՝ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին։

Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, փոխքաղաքապետերից յուրաքանչյուրը աշխատանք է տանելու իր ոլորտում։ Օրինակ՝ Ռուբեն Սանոյանը, որը մշակութային, կրթական հարցերն է կոորդինացնում, հանդիպումներ է ունենալու թանգարանների, մանկապարտեզների աշխատակիցների հետ։

Ո՞ւմ են սատարելու Գյումրու քաղաքապետնն ու փոխքաղաքապետերը, մի՞թե թեկնածուներին բաժանել են միմյանց միջև, մեր հարցին ի պատասխան՝ Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը ուղարկեց հետևյալ գրավոր տեքստը՝ ըստ էության հաստատելով մեր տեղեկությունները․ «Քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց աշխատանքներն ու գործառույթներն են իրականացնում: Ինչպես և ՀՀ բոլոր քաղաքացիները, քաղաքապետարանի աշխատակիցները ևս իրենց տեսակետներն ու կարծիքները կարող են ունենալ տարբեր քաղաքական ուժերի, թեկնածուների առումով»։

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք