Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«…որ հավե՛րժ ապրի՝ Հայաստան Աշխա՛րհ»

Փետրվար 18,2017 13:30

Սա Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր եւ Դավիթ Տարեգիր»
անտիպ պոեմի վերջին տողն է

Այսօր բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը կդառնար 72 տարեկան:
«Առավոտը» հանդիպեց ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի հայ նորագույն գրականության բաժնի վարիչ Սուրեն Աբրահամյանին, որի հետ բանաստեղծը մտերիմ էր: Տեղյակ լինելով, որ գրականագետը ծանոթ է Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր եւ Դավիթ Տարեգիր» անտիպ պոեմին, խոսք խնդրեցինք նրանից: Այն ներկայացնում ենք առանց լրագրողական միջամտության:

Երբ ավարտվում է բանաստեղծի երկրային ժամանակը, սկսվում է գրի եւ խոսքի մեջ ամբողջանալու, այսինքն՝ առասպելի ժամանակը, որ Դավիթ Հովհաննեսի՝ հավերժական հայի պոեզիայի անցած եւ անցնելիք ժամանակն է։ Իսկ նա ասում էր. «Ահա ե՛ս եմ, Հավերժական հայը, կանգնած Եղեռնի եւ Երկրաշարժի մեջտեղում…»։ Հայի կենսագրության մի հատված, որ լի է աղետներով, ոճիրներով, արյամբ, տագնապներով ու… հույսով, որ բանաստեղծին մասնատում է հազար կես, տանում ժամանակի պարունակներով, ուր դժոխքն այնքան կատարյալ չէ…

Դավիթ Հովհաննեսը, ահա, անցնելով այդ ուղին, տարեգրել է եւ պատկերել ժամանակը՝ մասնատված պոեզիայի տեսիլքի եւ իրականության միջեւ։ Ուստի նա ոչ միայն բանաստեղծ է, այլ, զուտ դասական իմաստով, պատմիչ (քերթող), որ պոեզիայի փակված Ագռավաքարի դուռը բացում, նոր ժամանակ ու տարածություն է պեղում պոեզիայի համար պատմության եւ ժամանակի պարունակներում, որ, իբրեւ գրի կենսագրություն, իր՝ բանաստեղծի կենսագրությունն է նաեւ։ Եվ նա՝ բանաստեղծը, գրի հայելու մեջ որոնելով ինքն իրեն, իր եսը, այլեւս անկարող է լինել լոկ հայեցող, ինքնաբավ պոեզիայի երազող եւ ըմբոստանում է, ժխտում պոեզիան հանուն պոեզիայի, դառնում խռովարար ու պատգամախոս ինչպես իր կրկնակը՝ Փոքր Մհերը, բանաստեղծի ստեղծագործական վերջին արարում՝ «Փոքր Մհեր եւ Դավիթ Տարեգիր» նեոդյուցազնական պոեմում, որ բանաստեղծի անտիպ ժառանգության մասն է միայն։

Բարեբախտաբար, պոեմը ամբողջական է բանաստեղծի աշխարհայացքի եւ պոետիկայի ընկալման առումով։ Փոքր Մհերի կերպարը էպիկական առումով բանաստեղծին հնարավորություն է տալիս պոեզիայի եւ ժամանակի (պատմության) միասնությունը ստեղծել, բացել իր ըռկած (խռովյալ) լեզուն ինչպես մեր ոգու ասացողները՝ Խ. Աբովյանը իր «Վերքով…», Չարենցը՝ ճանապարհի իր փիլիսոփայությամբ, պոեզիան սակայն պահպանելով լեզվի/բառի եւ հնչյունի խորքում, որ մետաֆորային պատկերի է վերաճում իբրեւ ոգու ասացություն, բազմաձայն իր հնչերանգով եւ ներքին մասնատվածությամբ, որ արտահայտվում է պատումի եւ պատկերի հակադրության եւ միասնության մեջ։ Այդպես է կայանում պոեզիան՝ ինչպես ելնում է Փոքր Մհերը Ագռավու քարեն, որ նեոդյուցազնական պոեմի առաջին գլուխն է, որ նոր ճանապարհ է արդի հայ պոեզիայում, ուր ներքին երկխոսությամբ ձուլվում են միմյանց Փոքր Մհերը եւ Դավիթ Տարեգիրը, որ նույն բանաստեղծն է՝ հարցախույզ եւ տագնապող, ոգեհարց ու ասացող։ Նրանք՝ Փոքր Մհերը եւ Դավիթ Տարեգիրը, անցնում են Արաքսի այս ափին փռված Հայաստանով, ինչպես անցնում ենք վերջին դարի տագնապների, պարտության եւ ոգու որոնման, ճակատագիրը հաղթահարելու ուղիով՝ հասնելով Արցախ, Շուշի, Ղազանչեցոց վանք, ուր խոսքը վերաճում է պատգամախոսության, ճակատագիրը՝ ասքի։ Բայց սա ճանապարհ է՝ ներքին պարտությունը, ինքնակործան, անուղի եւ անգաղափար ճակատագիրը հաղթահարելու, ժամանակի մեջ ամբողջանալու եւ… հայանալու, Փոքր Մհերի «անմահ» եւ «անժառանգ» լինելու տագնապը իմաստավորելու, որ Դավիթ Հովհաննեսի՝ հավերժական հայի ճակատագիրն է նաեւ, որ պոեմում ներկայացվում է անթաքույց՝ որպես մի ներքին երկխոսություն սեպուհ հոր (բանաստեղծ հոր) եւ իր միջեւ… անվերջ կրկնվող իր պոեզիայում։

Իհարկե, Դ. Հովհաննեսի այս նոր պոեմը նրա ժառանգության ոչ միայն վերջին արարն է, մտահղացման իմաստով չափազանց հարուստ պոետական նրբերանգներով, ինչպես Հայաստանի աշխարհի ճանապարհին փռված պատկերը՝ կակաչի դաշտի տեսարանը՝ մեր ճակատագրի նմանության մեկնաբանությամբ, ներքին կորուստների տեսարաններով, նույնպես եւ Սասնա Դավիթի կայարանի նկարագրությունը, որ վերաճել է առուծախի շուկայի եւ հակապատկերն է պատկերի էպիկական ընկալման, ուստի բանաստեղծը, պոեմի դյուցազնական ոգուն համապատասխան, տանում է Մհերին եւ Դավիթ Տարեգրին դեպի Արցախ, ուր կերտվում է մեր ոգին, պոեմի մտահղացումը ընկալվում նախնական՝ ոգեհարցության իմաստով, որ նվիրված է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված «լույսի կտոր մեր երեխեքին», որ Սասնա ծռերի, Հայաստան աշխարհի ոգին են կրում… Եվ նրանք, ովքեր դեռ կրում են հայոց ոգու ճակատագիրը, պետք է անսան բանաստեղծի տագնապը, չփակվեն ոսկու դեզերի բանտում, այլ ձեռք երկարեն եւ հրապարակեն Դավիթ Հովհաննեսի՝ մեր ժամանակի նշանավոր, խռովյալ եւ խռովարար հայի անտիպ ժառանգությունը, որը մեր ժողովրդի ժառանգությունն է:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Դավիթ Հովհաննեսի տիկինը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Համասփյուռ Մանուկյանը, մեզ տեղեկացրեց, որ այս տարի «Արեւիկ» հրատարակչությունը (տնօրեն՝ Սաբեթ Հովհաննիսյան) պետական աջակցությամբ տպագրելու է ամուսնու ութնյակների «Փոքր կտակարան» ժողովածուն եւ «Փոքր Մհեր եւ Դավիթ Տարեգիր» պոեմը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Ի դեպ, հիշյալ հրատարակչությունը 25 տարի ղեկավարել է Դավիթ Հովհաննեսը:
Համասփյուռ Մանուկյանը ամուսնու՝ Դավիթ Հովհաննեսի հետ (2016թ.):

«Առավոտ»

17,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728