Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Սինգ Սթրիթ». ցուցադրվեց բրիտանական ֆիլմերի փառատոնի երկրորդ ֆիլմը (Տեսանյութ)

Փետրվար 19,2017 23:16

«Երբ ինչ-որ մեկին չես ճանաչում, նրանք ավելի հետաքրքիր են թվում: Նրանք կարող են լինել այն, ինչ դու ես ուզում: Բայց երբ սկսում ես ճանաչել նրանց, սկսում ես սահմաններ գծել նրանց համար»:

Մեջբերումը բրիտանական ֆիլմերի փառատոնի երկրորդ օրը՝ փետրվարի 19-ին ցուցադրված «Սինգ Սթրիթ» ֆիլմից է, որի ռեժիսորը Ջոն Քարնին է: Գլխավոր դերերում են Ֆերդիա Ուոլշ-Փիլոն, Լյուսի Բոյնթոնը, Ջեք Ռեյնորն, Էյդըն Գիլլն (ավելի հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալից) և այլն:

«Սինգ Սթրիթ»-ը 80-ական թվականներին Դուբլինում մեծացած մի տղայի մասին է, որը փախչում է իր ընտանեկան լարված կյանքից և նոր դպրոցի դժվարություններից՝ նվագախումբ ստեղծելու և գեղեցիկ ու առեղծվածային մի աղջկա սիրտը գրավելու համար: Ֆիլմը  խրախուսում է դիմադրել նրանց, ովքեր շարունակաբար հալածում են, ու ոտնահարում երիտասարդների իրավունքները: Այն շոշափում է նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են աշակերտ-դպրոց-տնօրեն փոխհարաբերությունները, ընտանեկան վեճերը, որոնք իրենց ազդեցությունն են ունենում ցանկացած դեռահասի վրա:

«Գուցե դու ապրում ես իմ աշխարհում, բայց ես քոնում չեմ ապրում: Երգերիս համար դու ուղղակի ֆիզիկական անձ ես», – ասում է Քոնորը՝ ֆիլմի գլխավոր հերոսն, իրեն հալածող տղային:

Քոնորի ավագ եղբայր Բրենդոնը ամենաոգևորող կերպարն է, որը ֆիլմի ողջ ընթացքում շարունակում է օգնել Քոնորին: Հենց նրա շնորհիվ է, որ Քոնորն սկսում է հասկանալ, թե որն է լավ երաժշտությունը: Բրենդոնը, չկարողանալով ինքը հասնել իր երազանքին (երաժշտությամբ զբաղվել), ամեն ինչ անում է, որ գոնե եղբայրը իրականացնի իրենը:

«Ռոքնռոլը ռիսկ է: Դու ծաղրանքի արժանանալու ռիսկին ես դիմում», – պնդում է Բրենդոնը:

«Սինգ Սթրիթ»-ը կատակերգություն, դրամա է, ու համեմված է այնպիսի երաժշտությամբ, որն անտարբեր չթողեց այսօրվա հանդիսատեսին: Սաունդթրեքների կատարողների ցանկում է նաև Ադամ Լեվինը «Go Now» երգով: Ողջ ֆիլմի ընթացքում կարող էիր տեսնել կողքիդ նստած մարդկանց՝ ոտքերը երաժշտության հետ շարժելիս:

Առողջ հումորի պակաս չկար. ողջ ցուցադրության ընթացքում հանդիսատեսը շարունակում էր ծիծաղել ու ժպտալ:

Բրենդոն- Ի՞նչ գիտես, որ այդ տղան նրա ընկերն էր:

Քոնոր- Այդպես թվաց: Մեքենայով եկավ, երաժշտություն էր լսում: Կարգին տղա էր երևում:

Բրենդոն- Ի՞նչ էր լսում:

Քոնոր- «Genesis»:

Բրենդոն- Դե լավ, նա խնդիր չէ: Հավատա, ոչ մի կին իսկապես չի սիրի մի տղայի, որը Ֆիլ Քոլինս է լսում:

Սիրահարներն էլ ֆիլմի ռոմանտիկ պահերի շնորհիվ հիասթափված չէին: «Կարծում եմ նա հիանալի անձնավորություն է: Երբեք չեմ տեսել նրա նման մեկին: Նրա քայլվածքը, տեսքը: Նա արևային ակնոցներ է կրում ու, երբ հանում է դրանք, նրա աչքերը կարծես ամպեր լինեն, որոնք մի կողմ են քաշվում ու ճամփա տալիս լուսնին: Երբեմն նրան նայելիս ուղղակի ուզում եմ լաց լինել», – ասում է Քոնորը սիրած աղջկա մասին:

Ֆիլմի ավարտից հետո, երբ դահլիճի լույսերը վառվեցին, հանդիսատեսի մեծ մասի դեմքին կարող էիր ժպիտ տեսնել, չնայած դժգոհ դեմքեր էլ կային: «Առավոտը» զրուցեց հանդիսատեսներից մի քանիսի հետ՝ պարզելու, թե ինչ կարծիք ունեն նրանք:

Հետաքրքիր էր, որ երկու երիտասարդ հավանել էին ֆիլմը, բայց կարծում էին, որ այն ավելի շատ 14-18 տարեկան մարդկանց համար է: «Սաունդթրեքները, սակայն, բավականին լավն էին ու հետաքրքիր: 10 բալանոց սանդղակից ֆիլմը 6-ով կգնահատեմ»,- ասաց նրանցից մեկը:

Մի կին էլ, որը դեռահաս երեխաների հետ էր եկել, ասաց. «Անչափ հավանեցի ֆիլմը: Շատ ուսուցողական էր, երգերն էլ շատ կլանող էին: Ֆիլմը 10 բալով կգնահատեմ»:

Հիշեցնենք, որ ֆիլմն առաջադրված է եղել 2017 թվականի «Golden Globe» մրցանակաբաշխության «լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում:

Մելանի Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728