Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Օսկանյանի գնահատականները համոզիչ չեն»

Փետրվար 20,2017 16:00

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Ֆարմանյանի հակադարձումները:

– Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ կրկին հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում այս տարիների ընթացքում հետքայլ ենք արել, քանի որ, իր կարծիքով, այսօր քննարկման առարկա պետք է լիներ այն, որ ԼՂՀ ժողովուրդը արդեն 25 տարի ինքնորոշված է: Ինչո՞ւ ՀՀԿ-ական իշխանությունն իր տասը տարիների ընթացքում չկարողացավ պատշաճ մակարդակում պահել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի դիրքերը:

– Արցախյան կարգավորման հարցում պարոն Օսկանյանի գնահատականները փաստարկված չեն բուն բանակցային գործընթացի տրամաբանությամբ, սեղանի վրա առկա եւ քննարկված առաջարկություններով, ուստի չեն համապատասխանում իրականությանը: Այն ավելի շուտ ավանդական նախընտրական հռետորաբանությամբ համեմված քննադատություն է, ինչն ակնհայտ է խնդրով հետաքրքրվող եւ տեղեկացված բոլոր քաղաքական գործիչների, անաչառ փորձագետների ու չեզոք լրագրողների, այդ թվում եւ պարոն Օսկանյանի համար:

Եթե ուշադրություն դարձնեք, ոչ միայն Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, դրա էվոլյուցիոն տարբեր փուլերի, այլ անգամ բուն Արցախյան ազատամարտի, այդ գործում առանձին անհատների ունեցած դերակատարության վերաբերյալ նույն քաղաքական գործիչները, ցավալիորեն նաեւ նախկին դիվանագետները, ելնելով քաղաքական իրավիճակից ու այսպահային դաշինքային կոմպոզիցիաներից, հնչեցնում են տարբեր, երբեմն անգամ կարճ ժամանակահատվածում միմյանց տրամագծորեն հակասող կարծիքներ ու գնահատականներ, ինչը, որքան էլ քաղաքական առումով հասկանալի, սակայն դիվանագիտական-մասնագիտական հանրության տեսանկյունից համոզիչ չէ:

Ձեր օրաթերթի ոչ մեկ, ոչ էլ նույնիսկ տասը համար չեն բավարարի փաստարկելու նման գնահատականի չհիմնավորվածությունը կետ առ կետ, թեեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում վստահաբար առիթ կլինի այդ գերզգայուն հարցի շուրջ թեմատիկ քննարկումների ու մասնագիտական փաստարկումների՝ զերծ քաղաքական զեղումներից ու շահարկումներից: Այստեղ կարելի է բավարարվել մեկ հռետորական հարցադրմամբ. եթե բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի դիրքերը թուլացել են, ինչպես պնդում է պարոն Օսկանյանը, ապա ինչո՞ւ է ադրբեջանական կողմը ամեն կերպ խուսանավում բանակցություններից, ինչո՞ւ է իրեն հակադրում բոլոր միջնորդ երկրներին ու ձգտում ռազմական ճանապարհով հասնել խնդրի կարգավորմանը: Չէ՞ որ, ինչպես ասում է պարոն Օսկանյանի դաշինքային նախկին առաջնորդը, Իլհամ Ալիեւը «ռացիոնալ» քաղաքական գործիչ է եւ հասկանում է՝ ինչո՞ւ պատերազմել, եթե սեղանի շուրջ ստանում ես ցանկալին: Նաեւ՝ ո՞ւմ, եթե ոչ հենց պարոն Օսկանյանին պետք է քաջածանոթ լինեն այն բոլոր մանրամասները, որոնք մաս են կազմում բանակցային սեղանի վրա առկա առաջարկություններին, եւ առավել հստակորեն, քան երբեւէ երաշխավորում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը եւ դրա միջազգային ճանաչումը, ինչի մասին խոսում է ոչ միայն հայկական կողմը, այլեւ հենց միջնորդները: Իմ կարծիքն այն է, որ հրադադարի հաստատումից ի վեր երկրի բոլոր վարչակարգերն էլ տվյալ ժամանակահատվածում ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններն օգտագործել են այդ հարցում հայկական կողմի դիրքերն էլ ավելի ամրապնդելու համար, եւ այս հարցում փոխադարձ մեղադրանքները համարում եմ անօգուտ եւ ընդհանուր գործին օգուտ չբերող:

Իրականությունն այն է, որ մի կողմից՝ Արցախյան խնդիրը ողջ հայության համար մնում է ամենանուրբ ու զգայուն հարցերից մեկը, իսկ բանակցային գործընթացն իր մեջ պարունակում է հասկանալի գաղտնիություն, ինչը հնարավորություն է ընձեռում պարոն Օսկանյանին եւ նման ցանկություն ունեցող բոլոր քաղաքական գործիչներին մի կողմ դնել դիվանագիտական բարեխղճությունը եւ այն դարձնել քաղաքական շահարկումների առարկա՝ քաջ գիտակցելով, որ ինչպիսին էլ լինի իրականությունը՝ որեւէ իշխանություն, ելնելով պետական շահերից, սահմանափակված է լինելու հակափաստարկները համեմելու բոլոր հնարավոր խոսուն փաստերով:

– Պարոն Օսկանյանը քննադատել է նաեւ ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությունն ընդհանրապես, ինչի արդյունքում ՀՀ-ն միջազգային կառույցներում ընկալվում է ՌԴ-ի կցորդ երկիր: ՀՀԿ-ն կարծես հակադարձելու շատ բան չունի այս քննադատությանը:

– Այս հարցում էլ պարոն Օսկանյանի գնահատականները համոզիչ չեն: Ես չգիտեմ, թե ի՞նչ միջազգային կառույցների մասին է խոսքը, կամ որտե՞ղ է մեր երկիրն ընկալվում որպես Ռուսաստանի Դաշնության կցորդ: Եթե ի նկատի է առնվում ՄԱԿ-ում Ղրիմի վերաբերյալ մեր քվեարկությունը, ապա այդ մասին հարյուր անգամ բացատրություն է տրվել, որ մեր դիվանագետները, այդ թվում պարոն Օսկանյանի ղեկավարման շրջանում, հասկանալիորեն երբեւէ կողմ չեն քվեարկել որեւէ բանաձեւի կամ ձեւակերպման, որտեղ պետությունների տարածքային ամբողջականության հետ միասին չի հիշատակվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ինչպես կոնկրետ այդ բանաձեւի դեպքում էր, որպես միջազգային իրավունքի անխախտ նորմ, եւ, բնականաբար, ճիշտ են վարվել:

Միացյալ Նահանգների հետ Հայաստանի Հանրապետության քաղաքական երկխոսությունը նախագահ Սարգսյանի կառավարման շրջանում արձանագրել է աննախադեպ առաջընթաց, ինչի լավագույն ապացույցը նույն պարոն Օսկանյանի քաղաքական մոտեցումները սպասարկող լրատվամիջոցների խիստ քննադատական հրապարակումներն էին մի քանի տարի շարունակ, որտեղ իշխանությունները մեղադրվում էին «հակառուսական կուրս իրականացնելու» մեջ: Եվրոպական Միության պարագայում եւս նման գնահատականը չհիմնավորված է, եւ բանակցվող իրավապայմանագրային նոր հենքի մոտալուտ ստորագրմամբ նման մտահոգությունները այլեւս նույնիսկ շահարկման տեղ չեն թողնի: Եթե պարոն Օսկանյանը, այդուհանդերձ, ի նկատի ունի Ասոցացման համաձայնագրի շուրջ զարգացումները, ապա թող այդ մասին հայտարարի բաց ու հստակ՝ հաշվի առնելով նաեւ ԵՄ-ի առաջատար մի շարք երկրների առաջնորդների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն ու գագաթնաժողովների ընդունած բանաձեւերն այն մասին, որ Արեւելյան գործընկերության քաղաքականությունն ընդհանրապես վերանայման կարիք ուներ՝ ելնելով յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններից, իսկ ընդհանրական մոտեցումը այդ պլատֆորմում ներգրավված բոլոր վեց երկրների համար սխալ քաղաքական տրամաբանություն էր, ինչն այսօր շտկվել է:

– Նախկին արտգործնախարարը երեկ նաեւ հայտարարել է, որ եթե իրենց դաշինքն առաջիկա ընտրություններում մեծամասնություն հավաքի, ապա «Հազարամյակի մարտահրավերների» հիմնադրամի գրասենյակը կրկին կվերաբացի իր ծրագրերը Հայաստանում: Ի դեպ, այդ գրասենյակը Հայաստանից հեռացավ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ իշխանությունը թողնում էր այդ շրջանի վարչակազմը: Իրատեսակա՞ն են պարոն Օսկանյանի հայտարարությունները:

– Նման հնարավորության մասին լուրը ճիշտ կլիներ, իհարկե, լսել Միացյալ Նահանգների կառավարությունից, ոչ թե պարոն Օսկանյանից: Շատ կուզենայի, որ իմ կարծիքը այս դեպքում ընկալվեր որպես մեր երկրի՝ բարձրագույն կրթություն ստացած քաղաքացու, այլ ոչ թե որպես իշխող քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորի կարծիք, սակայն Հայաստանի որեւէ արտգործնախարարի կամ ընդհանրապես գրագետ քաղաքական գործչի պատիվ չի բերում նման հայտարարությունը: «Հազարամյակի մարտահրավերների» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, այո, դադարեցվել են մարտիմեկյան ողբերգական զարգացումներից հետո, եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի եւ ձգտի առաջ մղել իր արդյունքները ժողովրդավարության եւ տնտեսական ազատությունների բոլոր ուղղություններով, այդ թվում եւ այն, որոնք որպես առանցքային չափորոշիչներ դիտարկվում են MCA-ի կողմից: Ու այստեղ կիսաքողարկված ակնարկները համոզիչ կարող են լինել սոսկ մարդկանց համար, ովքեր հեռու են արտաքին քաղաքականությունից: Եթե ասվածի նպատակը դա է՝ թող լինի այդպես:

– «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ սպառնացել է իր հասցեին հնչած քննադատություններին հասցեական եւ փաստարկված պատասխաններ տալ: ՀՀԿ-ականներին շա՞տ է վախեցրել նախկին զինակցի սպառնալիքը:

– Նախընտրական քարոզարշավը դեռ չսկսված, սակայն, ինձ մոտ կա տպավորություն, որ այն առանձնանալու է նաեւ իր զսպվածությամբ: Տա Աստված, որ մասնակից բոլոր քաղաքական ուժերի ջանքերի մեկտեղմամբ դա այդպես լինի, եւ այն իսկապես կդառնա մեր քաղաքական համակարգի զարգացման ու հասունության ցուցիչ: Անձնավորված վիրավորանքները, մեղադրանքները պետք է թողնել անցյալում: Իշխող քաղաքական մեծամասնությունը ընտրարշավին մասնակցելու է բացառապես իր ծրագրերն ու առաջարկությունները մեր հանրությանը ներկայացնելու մարտավարությամբ եւ նույնն էլ խորհուրդ է տալիս մրցակից մյուս քաղաքական ուժերին: Մեր կողմից նման նախաձեռնությունները, հակաքարոզչությունը բացառվում են, իսկ այլոց կողմից մեր հանդեպ նման հարձակումների պարագայում՝ ներողամտությամբ համեմված համարժեք փաստարկված պատասխանը՝ երաշխավորված:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

18,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728