Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. «Նյութական ակնկալիքներ չունեմ, ոչ էլ բիզնես պահելու խնդիր»

Փետրվար 20,2017 15:59

«Անակնկալ չէ, ես իմացել եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նա ընդգրկված չէ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում, հետեւաբար, հաջորդ գումարման խորհրդարանում պարոն Ալեքսանյանն այլեւս չի լինի: Լեռնիկ Ալեքսանյանը միակ ՀՀԿ-ական պատգամավորը չէ, որ հաջորդ խորհրդարանում չի լինի: Նրանք 16-ն են`Աշոտ Աղաբաբյան, Հայկ Գրիգորյան, Վազգեն Կարախանյան, Արմեն Կարապետյան, Համլետ Հարությունյան, Ռուբեն Հովսեփյան, Մարինե Մարաբյան, Վրեժ Մարկոսյան, Սպարտակ Մելիքյան, Արմեն Մխիթարյան, Գարեգին Նուշիկյան, Ռուբեն Սադոյան,Կարեն Սարիբեկյան, Մհեր Սեդրակյան, Արթուր Ստեփանյան:

Հարցին`ի՞նչ պատճառաբանությամբ իրեն ցուցակ չեն ընդգրկել, մեր զրուցակիցն ասաց, որ դա կուսակցությունն է որոշում, բայց ինքն էլ «առանձնապես խիստ էմոցիաներ» չի ունեցել կրկին պատգամավոր դառնալու: Նա հավաստիացնում է, որ առանձնապես չի նեղսրտել, երբ իրեն տեղեկացրել են, որ հաջորդ խորհրդարանում ինքը չի լինելու: Դիտարկմանը`իր ընկերներից շատերը կրկին կլինեն պատգամավոր, բայց այնպես չէ, որ նրանք իրենց պատգամավորական աշխատանքի արդյունավետությամբ աչքի են ընկել նախորդ տարիներին, քան Լեռնիկ Ալեքսանյանը: «Դժվար է ինքն իրեն գնահատական տալը: Գնահատականը կուսակցությունն է տալիս: Ես չեմ կարծում, որ եթե ցուցակում չես լինում, միայն դրանով է որոշվում: Հիմա, որոշվել է, որ պարտադիր չի, որ ցուցակում լինեմ, եթե ցուցակում լինեի, չգիտեմ որ համարում…Դա, իրոք, ես այդքան շատ չեմ նեղսրտում դրանից: Ես նախօրոք իմացել եմ եւ պատգամավոր դառնալու մեծ էմոցիաներ էլ չեմ ունեցել»:

Հարցին`այլ ծրագրե՞ր ունեք, դրա համար պատգամավոր դառնալու «էմոցիաներ չունեիք», Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ դեռ ծրագրեր չունի. «Ես չեմ ասում, որ որոշեին, դեմ կլինեի, եթե անկեղծ լինեմ: Բայց դա իմ որոշելիքը չի: Բայց եթե չի եղել, առանձնապես շատ վատ չեմ, որովհետեւ միայն դրանով չի սահմանափակվում գնահատականներ տալը»: Այլ աշխատանքի առաջարկ Լեռնիկ Ալեքսանյանը չի ստացել, բայց կարծում է, որ հարազատ կուսակցությանը որեւէ տեղում պետք կգա`հստակեցնելով, որ դա էլ իր որոշելիքը չէ: Եթե, այնուհանդերձ պարզվի, որ ՀՀԿ-ին ինքն այլեւս պետք չէ, մեր զրուցակիցը կրկին ծանր չի տանի. «Կապրենք խաղաղ, սովորական աշխատանքով, ոնց որ հազարավոր մարդիկ ապրում են: Ես ոչ ամբիցիաներ ունեմ, ոչ նյութական սպասելիքներ, ոչ իմ բիզնեսները պահելու խնդիր, որովհետեւ բիզնեսներ չունեմ: Աշխատել եմ ոնց որ կարողացել եմ, ես էլ իմ աշխատանքից այդքան էլ դժգոհ չեմ: Մի քիչ էլ հոգնածություն կա, թող ավելի երիտասարդները գան`ավելի էներգիայով եւ այլն»:

Լեռնիկ Ալեքսանյանն ասում է, որ հավանաբար կմնա քաղաքականության մեջ, իր մտքերը, ամբիցիաները`վիճակը լավացնելու, իրական բարեփոխումների առումով իր կարծիքն ավելի ազատ կարտահայտի: Պատգամավորության հարթակը միշտ չի, որ ավելի ազատ արտահայտվելու հնարավորություն է նրան տվել: Բայց սա չի նշանակում, որ Լեռնիկ Ալեքսանյանին կտեսնենք ընդդիմադիր դաշտում. «Չէ, ինչ մասին է խոսքը: Ես չեմ հարգում էն մարդկանց, ովքեր թիմ են փոխում: Դա իմ չսիրած եւ չհարգած բաներից մեկն է: Թիմում կարող ես տարբեր կարծիք ունենալ, բայց թիմ փոխելն իմ ամենաչսիրած բաներից մեկն է»:

Aravot.am-ի դիտարկմանը, որքան էլ ասենք երիտասարդներին տեղ է պետք տալ, բայց ՀՀԿ-ի ցուցակում քիչ չեն նաեւ քաղաքական առումով անփորձ մարդիկ, ավելին, նույնիսկ քաղաքականության հետ աղերս չունեցողները: Լեռնիկ Ալեքսանյանն ավելի մեղմ է դատում. «Դա քաղաքական ցուցակ է, միայն ինտելեկտուալ ցուցակ չի: Տարբեր բաներ են հաշվի առնված`քաղաքական փորձ ունեցող, թարմ ուժեր եւ այլն: Տարբեր բաղադրիչներ ունի այդ ցուցակը եւ հաշվի են առնված այն խնդիրները, որոնք հետագայում կուսակցությունը պետք է լուծի: Եթե մի քիչ խորն ենք նայում եւ վերլուծում ենք`ակնհայտ է: Համենայնդեպս, ամենքն իր տեղն ու դերը կունենա մեր քաղաքական աշխատանքում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728