Լրահոս
Օրվա լրահոսը

Նպաստի փողը հաց ու պանիրի գումար չէ

Փետրվար 20,2017 16:59

Բազմազավակ ընտանիքները, որոնք երեք եւ ավելի երեխաների համար պետությունից 500 հազարից մինչեւ մեկուկես միլիոն դրամ են ստանում, երեխաների կենցաղային հոգսերը հոգալու նպատակով չեն կարող այդ գումարներն օգտագործել: Այդ գումարները երեխաների հաշվեհամարին են` բանկերում: Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում անդրադառնալով այս խնդրին ասաց, որ այդ գումարները չպիտի «հաց ու պանիրի փող դառնան»:

Ըստ սոցապի պաշտոնյայի. «Նպաստի մի մասն ուղղակի տրամադրվում է ծնողին` իր հայեցողությամբ տնօրինելու, մնացածը բանկում բացված հաշվեհամարին է մնում եւ միայն երեխայի 18 տարեկան դառնալու դեպքում կարող են օգտագործել: Այսինքն՝ նոր ծնված երեխայի համար պետությունը երաշխիք է ստեղծում դրամական տեսքով` ուսման հարց կլինի, աշխատանքի տեղավորման, թե բնակարանի, նպատակն այն է, որպեսզի երեխան ունենա որոշակի գումար, որից սկսի իր առաջին քայլերը»:

Տիկին Գալստյանի խոսքերով, եթե կլինեն ընտանիքներ, որոնք անհրաժեշտություն կունենան այդ գումարն օգտագործելու ասենք`հիփոթեքի մայր գումար կամ տոկոսագումար մարելու, երեխայի ուսման վարձ վճարելու, սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկեր մարելու, կամ սահմանամերձ` մինչեւ 100 բնակիչ ունեցող բարձր լեռնային գյուղերում բնակարան ձեռք բերելու, ապա պետությունը կթույլատրի այդ գումարներն ուղղել այդ նպատակներին. «Փորձում ենք այնպիսի փոփոխություն կատարել, որպեսզի գումարը մոտենա ընտանիքին, բայց ոչ թե փորձի լուծել նրա կենցաղային խնդիրը: Դրանք պետք է ուղղվեն քիչ թե շատ կապիտալ նշանակություն ունեցող ծախսերի ֆինանսավորմանը»,-ասաց Անահիտ Գալստյանը:

Նա ներկայացրեց ծննդյան միանվագ նպաստի, երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ կարգում կատարված վերջին փոփոխությունները: Դրանցից մեկն այն է, որ 2016 թվականի հունվարի 1-ից մեր երկրում նպաստ տրամադրում են բոլոր մայրերին` անկախ այն բանից աշխատում է, թե ոչ: Երեխայի ծնվելու առիթով էլ տրամադրվում է միանվագ նպաստ, որի չափը կախված է, թե երեխան ընտանիքում որերորդն է: Առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում գումարը նույնն է` 50 հազար դրամ: 3-4-րդ երեխայի համար` մեկ միլիոն դրամ: 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրվում է 1,5 միլիոն դրամ: Անահիտ Գալստյանի խոսքերով, իսկ, եթե ընտանիքում ծնվում է միանգամից երեք երեխա` եռյակ, ապա «Մենք չենք ասում` 10 րոպե շուտ ծնվածին 50 հազար դրամ, հետո մնացածին ավել: Բոլորին տալիս ենք մեկական միլիոն դրամ»:

Ըստ նախարարության պաշտոնյայի, խնամքի նպաստ տրամադրվում է բացառապես աշխատող մայրերին:

Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին, ապա նրանք կարող են մեր երկրում օգտվել նշյալ սոցիալական երաշխիքներից, եթե ունեն կացության կարգավիճակ: Սակայն օտարերկրյա քաղաքացուն նպաստ կտրվի, եթե երեք տարի ապրած լինի ՀՀ-ում: Այն քաղաքացիները, որոնք մինչ այս կարողացել են հարմարացնել եւ երկու պետություններից էլ նպաստ ստանալ, ապա տիկին Գալստյանի խոսքերով, եթե երեխան ծնվում է օտար երկրում եւ դիմում են մեր երկրում նպաստ ստանալու, ապա նրանցից փաստաթուղթ են ուզելու, որ տվյալ երկրում նրան նպաստ չի վճարվել:

Մեկ այլ փոփոխությամբ էլ, երբ պարզվի, որ քաղաքացուն սխալմամբ է նպաստ նշանակվել, այսինքն` նրան չէր հասնում, ապա ոչ թե քաղաքացուց են այդ գումարները հետ գանձելու, այլ նպաստ նշանակող աշխատակցից է դրանք ամբողջությամբ գանձվելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728