Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը ողջունել է Օլանդի՝ Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությունը

Փետրվար 22,2017 18:50

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը ողջունել է փետրվարի 8-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող Խորհրդի (CCAF) կազմակերպած ճաշկերույթի ընթացքում Ֆրանսուա Օլանդի՝ Լեռնային Ղարաբաղի մասին արված հայտարարությունը։

Ֆրանսուա Օլանդը մասնավորապես ասել էր․ «Մենք պետք է գտնենք հակամարտության կարգավորմանը տանող ուղիներ, որոնց մասին քաջատեղյակ ենք և որոնք արձանագրված են մադրիդյան սկզբունքներում։ Ես դրանք չեմ թվարկի այստեղ, սակայն մենք գիտենք, որ երբ այդ սկզբունքները կյանքի կոչվեն, դրանց արդյունքը կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը: Ուստի այս ճանապարհով առաջ շարժվելու համար Ֆրանսիան նոր հանդիպում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի հետ»։

Այս կապակցությամբ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ողջունում է Նախագահի այդ դիրքորոշումը, որը հիմնականում համապատասխանում է վերջինիս արտահայտած տեսակետի հետ։

«Հռչակելով Հանրապետություն՝ 1991 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն իսկ օգտվել է ինքնորոշման իր անօտարելի իրավունքից,- նշել է բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը,- սակայն անհրաժեշտ է ողջունել այն փաստը, որ Հանրապետության Նախագահը ճանաչում է այդ անկախության միջազգային ճանաչման հեռանկարը՝ պարզորոշ կերպով արտահայտվելով դրա մասին»,- ավելացրել է նա։

Բարեկամության շրջանակը հիշեցնում է Ֆրանսիայի՝ տարածաշրջանում ունեցած առանձնահատուկ պատասխանատվության մասին, որը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պարտավորվում է կողմերին աջակցել տևական խաղաղություն ապահովելու համար պայմաններ գտնելու հարցում։

«Մեր շրջանակի առաքելությունը կայանում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ի նպաստ իրականացվող ցանկացած նախաձեռնության աջակցելու մեջ: Հետևաբար, մենք չենք կարող չհամաձայնել Նախագահ Օլանդի՝ հանդիպում կազմակերպելու առաջարկի հետ,- մեկնաբանել է բարեկամության շրջանակի նախագահը,- սակայն մենք հավատում ենք, որ ավելի արդյունավետ և ավելի տրամաբանական կլիներ, և, ինչպես տառացիորեն նշված է 1994 թ-ի․ համաձայնագրերում, եթե հակամարտող երեք կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը ներկա լինեին վերոհիշյալ հանդիպմանը»,- ընդգծել է նա:

Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել հաշտեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնության՝ միաժամանակ հարգելով հակամարտող կողմերի պետական կամքի ժողովրդավարական դրսևորումը»,- ասված է հայտարարության մեջ:

Artsakhpress.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728