Լրահոս
Օրվա լրահոսը

Սարի թաղցիները դիմեցին ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատներին

Փետրվար 22,2017 23:45

«2016 թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան Սասնա Ծռեր խմբավորումը զինված հարձակման միջոցով գրավեց ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը։ Իշխանությունները ՊՊԾ գնդի տարածքը շրջափակման մեջ պահելու նպատակով Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Սարի-Թաղ թաղամասը զրկել էր կոմունալ հարմարություններից, այն է` գազ, ջուր, հոսանք, ինտերնետ կապ, հեռախոսակապ, տրանսպորտ։ Եվ սա այն պայմաններում, երբ ամառային այդ  ժամանակահատվածում Երևան քաղաքում ջերմաստիճանը առավել քան 40 աստիճան էր: Թաղամասի շրջափակումը շարունակվել է 3 օր, իսկ պատկան մարմինները ոչ մի կերպ չէին արձագանքում բնակչության պահանջին` վերականգնել կենցաղային տարրական պայմանները։

2016 թվականի հուլիսի 19-ին ժամը 19-ի սահմաններում մի խումբ սարիթաղցիներ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ճանապարհը փակած ոստիկաններին՝ պահանջելով վերականգնել իրենց խախտված իրավունքները։ Տարածքը զրկելով կոմունալ հարմարություններից, իշխանությունները փաստացի անտանելի պայմաններ էին ստեղծել ողջ բնակչության համար՝ հաշվի չառնելով, ոչ ծեր, ոչ մանուկ։

Գլինկա և Որմնադիրներ փողոցի խաչմերուկում, բողոքող սարիթաղցիներին դիմավորեցին զինված ոստիկանները, տեղի ունեցավ բախում, որի արդյունքում ոստիկանները կրակեցին իրենց զենքերից, ինչին հետևեց քաղաքացիների ինքնապաշտպանությունը։ Բախման արդյունքում ձերբակալվեցին 10 սարիթաղցիներ, նրանց մեղադրանք առաջադրվեց 316 հոդվածի 2-րդ մասով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը։ Սարի թաղցիների ձերբակալությունից անցել է ավելի քան 7 ամիս, սակայն մինչև այժմ նրանց փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանը, Գրիշա Բալասանյանը, Արայիկ Զալյանը հաստատում են, որ․

  1. Անձանց առաջադրված մեղադրանքը կոնկրետացված չէ։ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ յուրաքանչուր ոք պատասխանատվության և պատժի է ենթարկվում կոնկրետ իր կողմից կատարված գործողության համար, տվյալ գործում այս կետը բացակայում է։
  2. Տվյալ գործի շրջանակում հարցաքննվել և դատարանում վկայություն են տվել տուժողները, նրանցից ոչ ոք չի ճանաչում ամբաստանյալներին։
  3. ՀՀ քաղաքացիներին առանց հիմքերի պահում են կալանքի տակ՝ հաշվի չառնելով նրանց առողջական և ընտանեկան վիճակը։ Բազմաթիվ անգամներ փաստաբանները միջնորդությամբ դիմել են դատարանին խափանման միջոցը փոխելու համար, սակայն դատարանը ոչ մի արձագանք չի տվել։
  4. Բոլոր տուժողները ՀՀ ոստիկանության աշխատակիցներ են, գտնվելով նույն վայրում նախաքննական մարմիններին և դատարանում տալիս են տարբեր ցուցմունքներ։ Նրանցից մի քանիսը դատարանի դահլիճում տվել են ցուցմունք, որ ամբաստանյալների պահանջը եղել է կենցաղային, որ նրանք ցանկանում էին լուծել իրենց սոցիալական խնդիրները։ Այստեղից կարելի է ենթադրել, որ նրանց գործողությունները ուղղված չի եղել իշխանության ներկայացուցիչների դեմ, ուստի չի կարող կիրառվել քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասը։ Ձերբակալված քաղաքացիներն են `
  5. Էդուարդ Զեյթունյան
  6. Հրայր Իսախանյան
  7. Ժորա Ավետիսյան
  8. Հարություն Թորոսյան
  9. Անդրանիկ Քյոսեյան
  10. Սարգիս Արաբաջյան
  11. Հրաչ Բոյաջյան
  12. Արման Արամյան
  13. Կարեն Վանոյան
  14. Սարգիս Գրիգորյան

Պահանջում ենք կոնկրետացնել մեղադրանքը, շարժվել օրենքի տառին համապատասխան և քաղաքացիներին բաց թողնել անմիջապես»։


Անազատության մեջ գտնվող սարի թաղցիների հարազատներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728