Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԾ. Աղքատությունը խորացել է. մարդիկ նվազեցրել են կարագի, ձվի, ձկնեղենի սպառումը

Փետրվար 23,2017 21:44

Ազգային վիճակագրական ծառայությունը փետրվարի 20-ին հրապարակել է «Պարենային ապահովություն եւ աղքատություն, 2016թ. հունվար-դեկտեմբեր» ցուցանիշները, որտեղ պարենի մատչելիությունը եւ աղքատության ցուցանիշները 2015 թվականին են, նախորդ տարվա ցուցանիշները, հավանաբար դեռ ամփոփված չեն:

Ըստ ԱՎԾ հրապարակման, Հայաստանում նախորդ տարի աղքատության մակարդակը 29.8% է եղել, իսկ 2014-ին՝ 30.0%: Սրանից ծայրահեղ աղքատության մակարդակը 2.0% է, 2014-ին այն եղել է 2.3%: Չնայած ԱՎԾ-ն վստահեցնում է, որ աղքատության սրությունը 2014 եւ 2015 թվականներին պահպանվել է նույն՝ 1.3% մակարդակում, սակայն աղքատության խորացման ցուցանիշը անցյալ տարի եղել է 4.7%, իսկ 2014-ին՝ 4.5 %:
Թե որն է աղքատության սրության եւ խորացման տարբերությունները, ԱՎԾ զեկույցում պարզաբանված չէ:

Աղքատության մակարդակը քաղաքային բնակավայրերում 29.4 % է կազմել անցյալ տարի, 2014-ին այն եղել է 30.0%: Նախորդ տարի ծայրահեղ աղքատության մակարդակը քաղաքային բնակավայրերում կազմել է 2.2 %, 2014-ին՝ 2.4%:

Աղքատության մակարդակը գյուղական բնակավայրերում 2015-ին կազմել է 30.4%, 2014-ին՝ 29.9%: Գյուղական բնակավայրերում ծայրահեղ աղքատությունը նախորդ տարի 2014-ի համեմատ նվազել է: 2015-ին այն կազմել է 1.7% , իսկ 2014-ին՝ 2.0%:

Աղքատությունը մարզերում՝ ամենաբարձր ցուցանիշը նորից Շիրակն է՝ 45.3 , հետո՝ Լոռին՝ 36.2%, հաջորդը աղքատության բարձր ցուցանիշով Կոտայքն է՝ 35.9%, Գեղարքունիքում էլ 32.1% է:

Ըստ ԱՎԾ-ի, անցյալ տարի, 2014-ի համեմատ 6.7%-ով նվազել են կարագի, 5.9%-ով ձուկ եւ ձկնեղենի, 3.3%-ով ձվի մեկ շնչի հաշվով միջին ամսական սպառումը: Փոխարենն աճել է շաքարի սպառումը՝ 17.0%-ով , 7.8%-ով կաթ եւ մածնի, 6.3%-ով պանրի բոլոր տեսակների, 3.8%-ով բուսական յուղի, 3.3%-ով կարտոֆիլի, 3.1%-ով բանջարեղենի, 1.8%-ով մրգի եւ հատապտղի, 0.7%-ով հաց եւ հացամթերքի ամսական սպառումը: Միս եւ մսամթերքի ամսական սպառումը մնացել է անփոփոխ՝ 1.9%:

Անվանական սպառողական ծախսերի մեջ սննդամթերքի (առանց ալկոհոլային խմիչքների) վրա կատարված ծախսերի մասնաբաժինը 2015-ին 43.6% է , 2014-ին՝ 45.7%, այսինքն՝ այդքան մասը եկամտի մարդիկ ծախսում են սննդամթերքի համար:

Ըստ ԱՎԾ-ի, ծայրահեղ (պարենային) աղքատության գիծը 2015-ին եղել է 24.109 դրամ՝ մեկ չափահաս անձի հաշվով, 2014-ին այս ցուցանիշը եղել է 23.384 դրամ: Աղքատության վերին՝ ընդհանուր գիծը 2015-ին կազմել է 41.698 դրամ, 2014-ին ՝ 40 264: Այսինքն՝ մեկ չափահաս անձը՝ համապատասխանաբար ծայրահեղ աղքատ եւ աղքատ, ամսական այդքան գումար է ծախսել սնվելու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728