Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է սկսել ֆլեշմոբ, օրինակ` «Մենք բոլորս Ֆրանկ Էնգել ենք» խորագրով». Ստեփան Սաֆարյան

Փետրվար 23,2017 21:55

«Այժմ պետք է պաշտպանության տակ վերցնել Եվրախորհրդարանի պատգամավորներին, ընդդեմ այս միջնադարյան գործողությունների`պետք է սկսել ֆլեշմոբ, որի ընթացքում Եվրախորհրդարանի տարբեր պատգամավորներ կհայտարարեն` իրենք բոլորը, օրինակ, Ֆրանկ Էնգել են և այլն և կայցելեն Արցախ»,-Aravot.am-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակում լուծման տարբերակ առաջարկեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել մի շարք օտարերկրացիների, այդ թվում Եվրախորհրդարանի 3 անդամների` Լյուքսեմբուրգի քաղաքացի Ֆրանկ Էնգելի, Կիպրոսի քաղաքացի Էլենի Տեոխարուսի և Չեխիայի քաղաքացի Յարոմիր Շտետինայի դեմ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Aravot.am-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը վստահեցրեց, որ այդ պատգամավորների հետ ոչ մի բան էլ չի կարող տեղի ունենալ, քանի որ նրանք անձեռնմխելի են անգամ իրենց երկրների իշխանությունների համար, քանի որ ընտրվել են ժողովրդի քվեով, պարզապես Ադրբեջանը ցանկանում է նախադեպ ստեղծել:

Aravot.am-ը Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց` այն, որ այսպիսի դեպքերն արդեն օրինաչափություն են դառնում` հաշվի առնելով նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը, արդյոք պատճառներից մեկն էլ այն չէ՞, որ ՀՀ արտաքին գերատեսչության կողմից ինչպես որ հարկն է կոշտ արձագանք չի հնչում, պարոն Սաֆարյանը պատասխանեց.

«Պատահական չէ, որ հենց այդ նույն շրջանում սուր քննադատության ենթարկեցի ՀՀ իշխանություններին, քանի որ գտնում էի, որ Ալիևը նախադեպ է ստեղծում: Որքան էլ ծիծաղենք Ալիևի` այս կամ այն արարքի վրա, հստակ է, որ իր քայլերը նպատակադրում ունեն: Լապշինի դեպքում, օրինակ, բավականին ճիշտ պահ էր ընտրել գործարքը կատարելու առումով ճիշտ երկրների կոնֆիգուրացիայով: Հասկանում ենք, որ վաղ թե ուշ Լապշինը տեղափոխվելու է ՌԴ կամ Իսրայել, բայց Ալիևի նպատակադրմամբ` գործարքը տեղափոխվեց ավելի ստվերային դաշտ, որպեսզի ստանա առանձին համաձայնություն Արցախ այցելողի մեղայականի տեսքով և ստեղծի նախադեպ»:

Ըստ քաղաքագետի` Լապշինի դեպքից հետո պարզ էր, որ հերթական անգամ Ադրբեջանն այդ նախադրյալը տարածելու է այն երկրների վրա, որոնց վրա այն ազդեցությունը չունի, ինչ Իսրայելի և Բելառուսի դեպքում:

Անդրադառնալով եվրախորհրդարանի պատգամավորների դեմ կատարվածին` պարոն Սաֆարյանը այն որակեց խելահեղ ու հիմար քայլ Ադրբեջանի կողմից, բայց նաև շեշտեց, որ թեև պատգամավորների շրջանում չի առաջացնի զգուշավորություն Արցախ այցելելու հարցում, բայց սովորական քաղաքացիների պարագայում գուցե այդ մթնոլորտը ստեղծի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728