Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Դիմադրել տեղեկատվական աղմուկին

Փետրվար 24,2017 10:13

Ընթերցողներից մեկը, ներկայանալով իր անուն-ազգանունով, ինձ պատմել է, որ ծրագրավորող է, նյութապես ապահովված է, իշխանություններից ոչ մի կախում չունի, բնականաբար, ընտրակաշառքի չի սպասում, բայց եթե գնա ընտրությունների, քվեարկելու է… ՀՀԿ-ի օգտին: Չնայած դիրքորոշումն ինձ համար արտառոց էր, բայց՝ նաեւ հետաքրքիր, եւ ես կցանկանայի շարունակել զրույցն այդ մարդու հետ: Բայց չարեցի դա, որովհետեւ դա ընդհանուր մեկնաբանությունների բաժին էր, որտեղ պարտադիր կան «մեղադրական թեքումով» ոչ ադեկվատ մարդկանց մեկնաբանություններ, եւ «առանձնացնել» մեր երկխոսությունն այդ տեղեկատվական աղմուկից հնարավոր չէ՝ դա կնշանակեր ժամանակ կորցնել նաեւ ոչ ադեկվատ մեկնաբանությունների վրա:
Նախընտրական բանավեճն ինչ-որ չափով այդ իրավիճակին նման է: Քանի որ «մեկնաբանություններ են գրում» առնվազն 9 ուժերի ներկայացուցիչներ, երբ որեւէ մի տեղ ծլում է հետաքրքիր միտք, եւ դու փորձում ես այն տարանջատել օդի անիմաստ տատանումներից, այդ պահին հնչում են մի քանի տասնյակ մեկնաբանություններ, եւ դու արդեն մոռանում ես, թե ինչի մասին էր խոսքը:

Եվ դա մեր պարագայում բնական է, որովհետեւ քարոզչության թիրախը ոչ թե քիչ թե շատ կայացած մարդիկ են, որոնք կորցնելու բան ունեն, եւ որոնք առաջնորդվում են իրենց ձեւակերպված, գիտակցված շահերով, այլ ընչազուրկ եւ իրավազուրկ մարդիկ` մեր բնակչության ճնշող մեծամասնությունը, որը մի կողմից՝ ոչ մեկին չի հավատում եւ մյուս կողմից՝ սպասում է ինչ-որ հրաշքների (պարադոքս է): Այս պարագայում «շահում է» նա, ով ավելի բարձր կգոռա, որ երկիրը կործանվում է, եւ եթե այս անգամ էլ իշխանությունը վերարտադրվի, ապա վերջ՝ Հայաստանը կվերանա, հայ ազգը կկորչի եւ այլն: Դա ասվել է 1995 թվականի ընտրություններից առաջ եւ ասվելու է 2022, 2027, 2033 թվականներին:
Եվս մի պարադոքս կայանում է նրանում, որ նման մտքերը չնայած մեծ ժողովրդականություն են վայելում, բայց մյուս կողմից՝ մարդկանց մեջ է՛լ ավելի խորը հուսահատություն են առաջացնում:

Տեղեկատվական աղմուկի եւ ցանկացած գաղափարի «թրոլինգի» հեղինակները, հավանաբար, չեն ուզում, որ մարդիկ հուսահատվեն: Հակառակը՝ ուզում են ոգեւորել, հուսավառել զանգվածներին, որպեսզի նրանք քվեարկեն իրենց կուսակցությունների օգտին եւ հետո դուրս գան փողոց՝ բողոքելու կեղծված ընտրությունների դեմ: Բայց երբ դուք օգտագործում եք «կործանում», «անդունդ», «գահավիժում» բանալի բառերը, անկախ մնացած բովանդակությունից՝ դրանք մտնում են մարդկանց ենթագիտակցության մեջ, եւ գլխավոր գաղափարը, որն այդ դեպքում ծնվում է, «փախչելն» է՝ այդ բառի լայն իմաստով. խոսքը ոչ միայն արտագաղթելու, այլեւ ներքին փախուստի մասին է:
Տեղեկատվական աղմուկին դիմանալու համար մեծ համառություն եւ հետեւողականություն է պետք:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Քաջիկ Արեյան says:

    Ընթերցողներից մեկը, ներկայանալով իր անուն-ազգանունով, ինձ պատմել է, որ… մինչդեռ պետք է լիներ՝
    Ընթերցողներից մեկը, ներկայանալով _ անուն-ազգանունով, մեկնաբանություն է գրել, թե…
    Կարող է մանրուք թվալ, սակայն բովանդակային շատ մեծ տարբերություն կա դրանց միջև:
    Արդյո՞ք պատահականություն է… 🙂

  2. Լավատես says:

    Ես կարծում եմ, որ մեր ՝`ընչազուրկ եւ իրավազուրկ մարդիկ` մեր բնակչության ճնշող մեծամասնությունը`՝ հանդիսանում են քաղաքական անչափահասներ, նրանք կարող են ընտրել միայն նրանց, ովքեր ՝՝քիչ թե շատ կայացած մարդիկ են՝՝ որպես պատվիրակներ, իսկ պատվիրակներն իրենք կորոշեն, թե ո՞ւմ ընտրել: Հայտնի բուրգի ներքեւում գտվում են հենց ընչազուրկ մեծամասնությունը, որը նույն բուրգի տեսության համաձայն քաղաքականության մասին չի մտածում, այլ մի կտոր հացի մասին՝ այստեղից էլ ընտրակաշառքի խնդիրը, իսկ քաղաքականությամբ հետաքրքրվում է միջին ու բարձր խավը, որը հացի խնդիր չունի ու որին չես կաշառի: Հենց այդ խավն է, որ իր մակարդակով կարող է դառնալ գլխացավանք այն կեղտերի համար, որոնք մեր ժողովրդին կիսասոված են պահում՝ մեր անարի ղեկավարության ձեռքերով:

  3. Հ.Շ. says:

    Ժողովրդավարության նոր ըմբռնողությունը դարձել է հետեւյալը՝
    . տեղի կ’ունենա ընտրարշաւ
    . ամէն քաղաքացի իր քվէն կտա է իր ուզած թեկնածուին
    . պարտված թեկնածուի քուէարկողները կտրականապէս կը մերժեն ընտրության արդիւնքը, կը զայրանան, եւ կ’իջնեն փողոց

    Կարող ենք ուրեմն հոխորտալ թէ Հայաստանը հասել է արդէն Ժողովրդավարության այս ամենաարդի մակարդակին, քանզի ճիշտ այդպէս է այժմ կացությունը ԱՄՆ-ում

    տեսէք, ոնց որ լինի Երեւանի Կենտրոնը՝

    https://stmedia.startribune.com/images/1487630402_10089941+Presidents+Day+Protests+Salt+Lake+City.JPG

    https://cdn.theatlantic.com/assets/media/img/photo/2016/11/not-my-president-thousands-march-in/n01_AP16315052734684/main_900.jpg?1478794987

    https://stream.org/wp-content/uploads/Not-My-President-Anti-Trump-Protesters-900.jpg

    https://www.capitolhillblue.com/wp-content/uploads/2016/12/120716notmypresident.jpg

    https://static.independent.co.uk/s3fs-public/styles/story_medium/public/thumbnails/image/2016/11/10/09/trump-angry-3-0.jpg

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728