Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ

Փետրվար 24,2017 22:15

Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Խմբում ընդգրկված են ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Խմբի անմիջական պարտականություններն են մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրել ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ինչպես նաեւ ապահովել բանավոր եւ գրավոր բողոքների պատշաճ քննարկումը: Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաեւ իրավական խորհրդատվության եւ քաղաքացիների ընդունելության, ինչպես նաեւ արագ արձագանքման այցերի համար:

Բողոքների եւ հրապարակումների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության ներքո կլինեն լրագրողների եւ դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը:

Խմբի առաջնահերթ խնդիրն է սերտ համագործակցել ընտրական գործընթացին ներգրավված՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ:

Աշխատանքային խմբին հանձնարարված է նաեւ ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական մարմինների հետ:

Ինչպես մշտապես, այնպես էլ ընտրական ողջ գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի անաչառության,  հրապարակայնության ու թափանցիկության եւ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված մյուս սկզբունքների հիման վրա:


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728