Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկովյան մեդալների հակառակ կողմը

Փետրվար 25,2017 12:00

Երբ նույնիսկ Նալբանդյանը չի կարող լռել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զինելու թեմայով

Փետրվարի 22-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Մոսկվայում էր: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել են արտաքին քաղաքական համադրման, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության հետ կապված հարցեր, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցեր, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ջանքերը:

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին` ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները համակարծիք են եղել, որ խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի, շեշտել են 1994-1995թթ. անժամկետ զինադադարի հաստատման եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարման կարեւորությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

Նալբանդյանը նշել է, որ պաշտոնական այցելությունը խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում, նաեւ կարեւոր է, քանի որ կայանում է ՀՀ նախագահի՝ Ռուսաստան պաշտոնական այցից առաջ։ Լավրովը Նալբանդյանին հանձնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՀՀ ԱԳ նախարարին շնորհված Բարեկամության շքանշանը:

Բանակցությունների ամփոփումից առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հետաքրքիր բան» էր խոստացել: «Հետաքրքիր» լուրը, թերեւս, այն էր, որ փետրվարի 23-ից ուժի մեջ մտավ ռուսաստանցիների համար Հայաստան այցելելու նոր կարգը՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել ներքին անձնագրերով: Ի դեպ, Նալբանդյանը ՀՀ ԱԳՆ պատվո մեդալներ է հանձնել ՌԴ ԱԳՆ-ի տեղակալ Վասիլի Նեբենզյային, ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովին, ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկուն, հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Եվգենի Իվանովին եւ իհարկե` Մարիա Զախարովային:

Այստեղ հարկ է հիշեցնել, որ օրեր առաջ ՌԴ դեսպանն Ադրբեջանում, ի տարբերություն այդ երկրում ԱՄՆ դեսպանի, ընդունել էր ադրբեջանական իշխանության հրավերը եւ մեկնել Ջոջուք Մերջանլի, մինչդեռ Ադրբեջանի փոխվարչապետի պաշտոնական հայտարարության համաձայն՝ դիվանագետներին Ջոջուք Մերջանլի հասցնելու նպատակը բացի շինարարական աշխատանքներին ծանոթացնելուց՝ նաեւ «հայերի վայրենությունների մասին մանրամասն տեղեկացնելն» էր:

Իսկ ավելի վաղ` փետրվարի սկզբին, Մարիա Զախարովան էլ Ալիեւի ստեղծած կեղծ «խաղաղասիրական» նախաձեռնությունը` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարթակը», ողջունել էր եւ բարձր գնահատել:

Սակայն նման մանր-մունր թեմաները, հավանաբար, չեն խոչընդոտել հայ-ռուսական բանակցություններին, իսկ ՀՀ ԱԳ նախարարն էլ հերթական անգամ արձանագրել է, որ պաշտոնական Երեւանն ու Մոսկվան «լիակատար փոխըմբռնում» ունեն:
Միակ բացառությունը Նալբանդյան-Լավրով հանդիպումից առաջ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Նալբանդյանի մի հայտարարությունն էր. «Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը մեծ ջանքեր է գործադրում (այդ թվում ե՛ւ Հայաստանի հետ համագործակցությամբ, ե՛ւ որպես Մինսկի խմբի համանախագահ) տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանելու համար»: Ընդ որում, նա հավելել էր նաեւ, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար:

Սա, թերեւս, այն դեպքն է, երբ նույնիսկ Նալբանդյանը չի կարող Հայաստանում համընդհանուր դժգոհության ֆոնին լռել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հետեւողականորեն զինելու թեմայով:

Ինչեւէ, ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները Մոսկվայում հայտնել են, որ առաջիկայում կկայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, իսկ Նալբանդյանը տեղեկացրել է, որ Լավրովին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, Լավրովն ընդունել է հրավերը: Հայտնի է նաեւ, որ առաջիկայում ՌԴ է այցելելու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Նալբանդյանն ու Լավրովը մանրամասն քննարկել են նաեւ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը, որը Լավրովը բնորոշել է որպես «վատ էմոցիոնալ իրավիճակ»: ՌԴ ԱԳ նախարարն ուշագրավ արձանագրում է արել. «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափին այլընտրանք չկա: Սրա օգտին են խոսել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, սա նաեւ առկա է այն փաստաթղթերում, որոնց տակ նրանք դրել են իրենց ստորագրությունը: Եռանախագահության ձեւաչափին կողմ են արտահայտվել նաեւ ԵԱՀԿ-ի բոլոր անդամները»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ համանախագահները մշտապես հանդես են եկել բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ արագացնելու օգտին, ինչն արտահայտվել է եռակողմ փաստաթղթերում, որոնք նրանց կողմից պարբերաբար տարածվում են. «Նման մի փաստաթուղթ էլ ընդունվել է օրերս՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ընթացքում, որում շատ հստակ ընդգծված է հակամարտության կարգավորման շրջանակներում ուժի կիրառման, ռազմական հռետորաբանության անընդունելի լինելը, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունը»:

Այնուհետեւ Լավրովն ընդգծել է, որ միջնորդները, այդ թվում՝ Ռուսաստանը, քայլեր են ձեռնարկելու, որոնք թույլ կտան նախ՝ փոխել «վատ էմոցիոնալ մթնոլորտը», ապա քննարկել այն կոնկրետ առաջարկները, որոնք բանակցային սեղանին են դրվել ՌԴ-ի կողմից, եւ որոնց աջակցում են նաեւ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան:

Կարելի է ենթադրել, որ Մոսկվան առաջիկայում հանդես կգա նոր եռակողմ հանդիպումների կազմակերպման նախաձեռնությամբ։ Չի բացառվում, որ առաջիկա օրերին Լավրովը Մամեդյարովի` Մոսկվա կատարելիք այցի ընթացքում այդպիսի հանդիպման կազմակերպման հարցերը քննարկի:

Մի կողմից՝ հայկական կողմի համար ձեռնտու է, երբ Լավրովն արձանագրում է, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափին այլընտրանք չկա, սակայն բոլորի համար է պարզ, որ կարգավորման «ղեկն» առայժմ հենց Մոսկվայի ձեռքում է, նախաձեռնությունները Մոսկվայից են: Սա որոշակիորեն արձանագրել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում: Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին` նա նշել է. «Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կատարեն բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու անձամբ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ»։

Ապրիլի քառօրյա պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների հիշատակումը հայկական կողմին, իհարկե, ուժեղացնում է՝ հատկապես, եթե դրանք արձանագրվում են միջնորդ երկրների կողմից: Ցավն այն է, որ Ադրբեջանն էլ հետեւողականորեն մերժում է դրանք, եւ չեն երեւում ուղիները, թե ինչպես պետք է Ադրբեջանից այդ հարցերում համաձայնություն ստանալ:

Առայժմ, կարելի է ասել, հայկական կողմին հաջողվում է պահպանել դիրքերը ԼՂ կարգավորման շուրջ` Ալիեւից Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման պահանջից հետքայլ չանելով: Նույնը կարելի է ասել «ռուսական պլանի» դեպքում. ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը կարեւորելով՝ պաշտոնական Երեւանն անուղղակիորեն «ոչ» է ասել եւ շարունակում է ասել «ռուսական պլանին», որն, ինչպես երեւում է, պաշտոնական Մոսկվան հակված է ներկայացնել որպես նաեւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի «OK»-ին արժանացած նախաձեռնություն:

Սրանք են հայ-ռուսական մեդալի հակառակ կողմում: Մթնոլորտն այնպիսին է, որ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններում կարելի է «լիակատար փոխըմբռնում» արձանագրել, քանի դեռ մեդալի հակառակ կողմում հայկական կողմն ունի դիրքային որոշակի առավելություններ:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 24․02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728