Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյանը վստահ է՝ Նաիրա Զոհրաբյանն այնքան խելամիտ է, որ իրեն թույլ չի տա քննադատել ՀՎԿ-ի ծրագիրը

Փետրվար 25,2017 18:55

«Ծառուկյան» դաշինքի անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ քննադատեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական խոստումները՝ ասելով. «Մենք այլ կուսակցությունների նման չենք ասում, որ Հայաստանն ունի գազի եւ նավթի անսպառ պաշարներ, ընտրեք մեզ եւ Հայաստանը դառնալու է Քուվեյթ կամ Արաբական էմիրություններ: Ունենք քաղաքական ուժեր, որոնք վստահաբար ալքիմիայով են զբաղվելու, ասելու են, որ պղինձը դարձնելու ենք ոսկի, արտահանելու ենք նավթ, գազ»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նավթի եւ գազի պաշարների մասին խոստումներին շատ լավ արձագանքեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ ասելով, որ դրանք այնքան քիչ ծավալի են եւ ընդերքում այնքան խորն են, որ արդյունահանումը հաստատ ձեռնտու չէ:

Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ նաեւ «Հայկական վերածննդի» մեկ այլ խոստմանը՝ ասելով. «Շատ հեշտ է ասել՝ ընտրեք մեզ եւ մեկը մեկին համարժեքությամբ, այսինքն՝ մեկ ռուսական ռուբլին մեկ դոլարին համարժեքությամբ մենք ձեզ կվերադարձնենք, շատ հեշտ է ասել ընտրեք մեզ եւ ամեն ծնված երեխայի համար մենք կտանք 500 հազար, երկուսի համար՝ 1 մլն»:

Aravot.am-ի հետ զրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, արձագանքելով Նաիրա Զոհրաբյանի այս քննադատությանը՝ նախ ասաց, որ այդ հաղորդումը չի դիտել, բայց վստահ է, որ Նաիրա Զոհրաբյանն այնքան խելամիտ կին է, որ չի կարող իրեն թույլ տալ քննադատել ՀՎԿ-ի նախընտրական ծրագիրը. «Եթե որեւէ մեկը, անկախ նրանից ով կլինի, եթե ուզում է մյուս քաղաքական ուժերի ծրագրերը քննարկել կամ քննադատել, ապա մենք պատրաստ ենք մարտահրավեր ընդունելու եւ կլոր սեղանի շուրջ քննարկելու այն մտքերը, որոնք վերաբերում են մեզ: Ես վստահ եմ, որ իր ասածը մեզ չի վերաբերում»:

Մեր հարցին՝ նավթի, գազի պաշարների, ավանդների մասին ձեր կուսակցությունն է խոստումներ տվել՝ Հեղինե Բիշարյանն արձագանքեց. «Ցանկացած քաղաքական անձ,գործիչ, ով անդրադառնում է դրան, ուրեմն նրանք անտեղյակ են, որ մենք արդեն 8 տարուց ավելի է վերադարձնում ենք: Արդեն 85 հազար քաղաքացի ստացել են իրենց ավանդները, դա ակնհայտ, աներկբա փաստ է, որեւէ մեկը դա հերքել չի կարող»:

Նա ասաց, որ մոտ այդքան քաղաքացի էլ դիմել է՝ որպես ժառանգներ ստանալու համար. «Եթե նախընտրական շրջանում փորձում են դիմացինին քննադատել, ապա պետք է հիմնավորեն իրենց քննադատությունը: Ավելի լավ կլինի ուշադրություն դարձնեն, թե Հայաստանի փողերն ու հնարավորությունները որտեղ են հոսում, որի համար ամեն ինչ դարձել է անհնարին: Ցանկացած պրիմիտիվ առաջարկ դարձնում են անհնարին՝ քննադատելով, չմտածելով, թե Հայաստանի հնարավորությունները որտեղ են հոսել, ինչ թալան է տեղի ունեցել»:

Ինչ վերաբերում է պաշարներին, նա ասաց, որ բավականին ֆինանսական հնարավորություններ են պահանջում լիարժեք եւ խորը ուսումնասիրությունները, այդ մասին հրապարակվել է մանրամասն տեղեկատվություն. «Խորհուրդ կտայինք, որ պարզապես կարդան, հետո հրապարակեն այն կարծիքները, որոնք ասում են»:

Նաիրա Զոհրաբյանը վկայակոչել էր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության արձագանքը, որ ԽՍՀՄ-ի ժամանակ ուսումնասիրություններ են կատարվել եւ պարզվել է, որ այդ պաշարները շատ քիչ ծավալի են եւ խորն են: Մեր այս դիտարկմանը Հեղինե Բիշարյանն արձագանքեց, որ սխալվում ենք, անկախության տարիներին էլ են ուսումնասիրություններ կատարվել. «Դեռեւս մի քանի տարի առաջ Արմավիրի ուսումնասիրությունները կան, Կոտայքի մարզի ուսումնասիրությունները, նույնիսկ ԼՂՀ-ում կան, կարծում եմ, որ եթե կան մարդիկ, որոնք մտահոգված են, ապա մի փոքր էլ թող իրենք ուսումնասիրություն կատարեն: Ես գիտեմ, որ նույնիսկ այն ընդդիմադիր ուժերը, որոնք մեզ ընդդիմադիր են եւ մտահոգված են Արթուր Բաղդասարյանի հրապարակ նետած գաղափարներով, ասեմ, որ այդ ծրագրերը , գաղափարները մշտապես հիմնավորված են եղել:

Լավ կլինի, որ մյուս ուժերը ոչ թե ասուլիսների ժամանակ փորձեն ուրիշների ծրագրերը քննադատեն՝ մտածելով, որ այսպես ասեցինք՝ մեր վարկանիշն անպայման կբարձրանա, այլ լավ կլինի բոլոր կուսակցությունների նախագահները քննարկում անեն ծրագրերի եւ յուրաքանչյուր կուսակցության նախագահ ներկայացնի իրենց ծրագրերը եւ հիմնավորեն: Սա շատ ավելի ցանկալի կլինի, քան թե մեկը գնա մեկին քննադատի, մյուսը պատասխանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728