Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին խոսքի իրավունքով

Փետրվար 27,2017 14:43

Առաջիկայում տեղի են ունենալու ազգային ժողովի ընտրությունները և Հայաստանի Հանրապետությունը նախագահական կառավարման համակարգից անցնելու է խորհրդարանական համակարգի: Այս կապակցությամբ ԿԸՀ գրանցվել են ընտրվելու հայտ ներկայացրած առանձին կուսակցություններ և կուսակցական միավորումներ`իշխանական և ընդդիմադիր թևերից: Սրանցից առաջինները համոզված են իրենց անպայման վերարտադրվելու մեջ, իսկ վերջինները արդար ընտրություններ կայանալու դեպքում` իրենց հաղթանակի և իշխանության գալու:

Այսպիսով, ՀՅԴ ավանդական կուսակցությունը իրեն համարում է ազգայնական և երկրի ղեկավարման արժանի քաղաքական ուժ` չունենալով համապատասխան ռեսուրսներ և հեղինակություն: Հավանաբար, այս կուսակցությունը մոռանում է, որ ինքը ազգային է միայն ձևով, իսկ բովանդակությամբ մնում է սոցիալիստական և պարտաճանաչ կերպով շարունակում է մասնակցել Սոցինտեռնի համաժողովներին:

Նման մի կուսակցություն, (որը հորջորջվում էր նացիոնալ սոցիալիստական), իր մահկանացուն կնքեց Գերմանիայում, երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո: Մյուս տոտալիտար պետությունն իր ավարտին հասավ, երբ ինքնիշխանություն ստացան Ռուսիայի գերիշխանության լծից ազատված հանրապետությունները, որոնց թվում նաև Հայաստանը: Այս պատմական իրողությունը եկավ ապացուցելու, որ սոցիալիզմը և ազգայնականությունը իրարամերժ եւ իրար հետ անհամատեղելի գաղափարախոսություններ են:

Այսօր Հայաստանում տիրող իրավիճակների տրամաբանությունը միավորվելու կոչ է անում ոչ միայն հակառակ համոզմունքներ ունեցող խմբավորումներին, այլև այնպիսի քաղաքական գործիչների, որոնց հեղինակությունն արատավորելու համար ջանք ու եռանդ չի խնայում իշխող կուսակցության քարոզչական մեքենան: Այս մեքենան աշխատում է անդուլ, բայց ապարդյուն, քանզի արժանահավատ չի հնչում նրա խոսքը, մանավանդ երբ փորձում են մեղադրել կամ հերյուրել Ծառուկյան, ԵԼՔ, Հայկական վերածնունդ և առավելապես Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին:

Կարծես թե մոռացվում է ՀՅԴ-ՀՀԿ դաշինքը, թեպետ սա նույնպես դատապարտելի չի արդի քաղաքական կյանքում: Պատմությունը վկայում է, թե ինչպես դաշնակիցներ դարձան կոմունիստ Իոսիֆ Ստալինը, դեմոկրատ Ֆրանկլին Ռուզվելտը և միապետական Ուինսթոն Չերչիլը, որոնց ցանկությամբ բացվեց երկրորդ ճակատը և ջախջախվեց ֆաշիզմը եւ այդպիսով եկավ նացիոնալ սոցիալիզմի վախճանը Եվրոպայում:

Սովորաբար, երբ ահագնանում է վերահաս վտանգը` փրկության ելքեր փնտրող ուժերը դադարում են միմյանց անվանարկել և միավորվում են ընդդեմ թշնամու: Այսու, ժամանակն է, որ միավորվեն ազգի ճակատագրով տառապող ընդդիմադիր ուժերը և միասնական պայքարի շնորհիվ երկիրը ազատեն այս ապաշնորհ իշխանության ճիրաններից: Հայաստանին պետք է նոր, իմաստուն և խորհրդավոր առաջնորդ, ում խոսքը կլինի համոզիչ և գործը կենսահաստատ, ինչպիսիք օրինակ` ԱՄՆ ներկայիս նախագահինն են:

Հիրավի, Դոնալդ Թրամփը կմնա քսանմեկերորդ դարի ԱՄՆ պատմության մեջ որպես հայրենասեր քաղաքացի ու հեռատես քաղաքական գործիչ: Նա քաջ գիտակցում է ժամանակի անհրաժեշտ պահանջները իր երկրի տնտեսական վերելքի և ռազմական հզորության հրամայականով: Նրա կողմից հաստատված բոլոր փաստաթղթերը նպաստում են ամերիկյան ժողովրդի կենսամակարդակի առավել բարձրացմանը, պետության կայունության ամրապնդմանը, հանցավոր տարրերի վերացմանն ու հասարակության բարոյական առողջացմանը, որպիսի օրենքների առկայությունը չարության մաղձով է լցնում մասոնական օթյակները:

Ահա թե ինչից մղված դեմոկրատները աքաղաղի աղմկարարությամբ տարածում են այն բարբաջանքը, թե իբր Թրամփը չի հասցնի կառավարել մինչև իր ժամկետի ավարտը: Այսինքն՝ նա կյանքից հեռանալու է ոչ իր բնական մահով: Այստեղ արժե մեջ բերել մասոնական գաղափարախոսության երևելիներից Թոմաս Ջեֆերսոնի թևավոր մտքերից. «Ազատության ծառը պետք է ժամանակ առ ժամանակ թարմացվի հայրենասերների ու բռնապետների արյունով: Դա նրա բնական պարարտացումն է»:

Ի դժբախտություն հայ ազգի` այսպես է մտածում նաև Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում համոզմամբ ազգային գաղափարախոսությունը փիլիսոփայական ու քաղաքական կեղծ կատեգորիա է: Այս մտայնությամբ ղեկավարվելով` նա համրորեն ընդունեց Վանո Սիրադեղյանի նկատմամբ ձեռնարկված հետապնդումն ու հալածանքը, ծպտյալի մոտեցմամբ հանդուրժեց մարտի 1-ը: Կար ժամանակ, երբ նա հայտարարեց. «Սերժ Սարգսյանը իր ամենալավ նախարարն է եղել»: Եվ միառժամանակ անց` ասաց. «Սերժ Սարգսյանը նենգ մարդ է»:

Մեզ պետք չէ համակրելի արտաքինով` հակակրելի բնավորության տեր այս քաղաքական գործիչը: Ուստի նրա առաջնորդած կուսակցության օգտին քվեարկելը պատվաբեր չէ:

ՄԵՐՈՒԺԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728