Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳՆ. Ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը՝ հարկավոր է հրաժարվել անհասցե կոչերից

Փետրվար 27,2017 22:30

Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղի)  պաշտպանության բանակի դիրքերի վրա, որը չեզոքացվել է արցախյան ստորաբաժանումների ջանքերով։ Տեղի ունեցածը 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լրջագույն խախտումն է։ Ինչպես և անցյալ տարվա ապրիլին, դրան նախորդեցին ադրբեջանական կողմի սիստեմատիկ և նպատակային քայլերը՝ ուղղված լարվածության փուլ առ փուլ թեժացմանը։

Ս․թ փետրվարի 25-ի միջադեպը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ինչպես 1994-1995 թթ․ համաձայնագրերի, այնպես էլ Վիեննայի և ՍանկտՊետերբուրգի համաձայնությունների շրջանակներում իր վրա ստանձնած պարտավորությունների նկատմամբ բացահայտ արհամարհանքի հերթական ապացույցը։ Ակնհայտ է, որ բարձրացնելով լարվածության աստիճանը շփման գծում՝ ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլև միջազգային հանրության արձագանքն ուժի կիրառման նկատմամբ։

Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը տապալելու և պատերազմի պատրաստվելու ադրբեջանական իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից խիստ և հասցեական գնահատականի բացակայությունն էր, որ որոշակի առումով 2016 թ․ ապրիլին ձևավորեց մի իրավիճակ՝ օգտվելով որից, Բաքուն հնարավոր համարեց ձեռնարկել ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի։

Ադրբեջանական կողմից հրահրվող լարվածության թեժացումը շփման գծում միայն խորացնում է անվստահությունը և հեռացնում հակամարտության վերջնական  կարգավորման հեռանկարները։

Կարծում ենք, որ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը՝ հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից և ընդարձակել ջանքերը՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեղծման շուրջ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների պրակտիկ իրագործման համար։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728