Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի ուղղակի վտանգին ընդառաջ

Փետրվար 28,2017 22:00

Ալիեւի ռեժիմը ինքնապահպանման հարց է լուծում եւ հանուն դրա առնվազն կարող է կրկնել ապրիլյան արկածախնդրությունը: Ո՞րն է այդ դեպքում Հայաստանի եւ Արցախի անելիքը:

Նախօրեին, փետրվարի 25-ի վաղ առավոտյան, ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կոպտորեն խախտեցին հաստատված հրադադարի ռեժիմը, փորձելով հանկարծակիի բերել հայկական կողմին՝ հարձակման անցնել մի անգամից երկու ուղղությամբ: Հանկարծակիության գործոնը չաշխատեց, իսկ հայկական զորքերն ուղղակի պատժեցին հակառակորդին:

Մինչդեռ թիկունքում, ընտրություններին ընդառաջ, ծավալվել են «մարտեր» քաղաքական ամբիցիաներ ունեցող, սակայն բացարձակապես ապաքաղաքական անձանց միջեւ, ընդ որում՝ գործը հասել է ձեռնամարտի:

Իշխող ՀՀԿ-ն առաջ է քաշել «Անվտանգություն եւ առաջընթաց» նախընտրական կարգախոսը մի իրավիճակում, երբ էապես վտանգված է առաջինը, եւ վաղուց բացակայում է երկրորդը: Անշուշտ, ոչ միայն 2008-ի «Առաջ, Հայաստան» անիմաստ կարգախոսի հետ համեմատած, այլեւ ընդհանրապես՝ այս նախընտրական կարգախոսը պետք է գնահատել որպես իրավիճակին համարժեք եւ իրավիճակից բխող: Սակայն, ինչպես հայտնի է, կյանքն ավելի բարդ է, եւ ամենեւին էլ փաստ չէ, որ այդ կարգախոսից կբխեն համապատասխան քաղաքական քայլեր:

Իսկ փաստն այն է, ինչպես կյանքը ցույց տվեց, որ այդ «Առաջ, Հայաստան»-ը մեզ տարավ դեպի նորանոր վտանգներ, որոնք չէին կարող չփակել առաջընթացի ճանապարհը: Ավելին, այսօր տարվող քաղաքականության մեջ ոչ միայն չեն նշմարվում այդ վտանգներին դիմակայելու ուղիները, այլեւ պարզ է դառնում, որ մեր երկիրը դարձել է այդ վտանգների պատանդը: Իսկ քաղաքական ուժերն ուղղակի չեն քննարկում այդ՝ կենսական կարեւորության հարցերը:

Մինչդեռ փաստ է նաեւ, ինչն ապացուցվեց քառօրյա պատերազմի իրողությամբ, որ այսպիսի քաղաքականությունը, այսպիսի դիվանագիտությունը, դեպքերի այսպիսի ընթացքը տանում են դեպի պատերազմ: Գաղտնիք չէ, որ ինքնապահպանման խնդիր ունեցող, կնոջը փոխնախագահ նշանակած Ալիեւի համար պատերազմը կարող է որպես փրկօղակ ծառայել՝ անկախ ելքից: Այո՛, ելքը կարեւոր չէ, հիշենք. Մութալիբովին մի Խոջալուի կորուստը չներվեց, Էլչիբեյին՝ մեկ շրջանի, իսկ հինգ շրջան կորցրած ԿԳԲ-ի գեներալ Ալիեւը դարձավ ոչ միայն «ազգի առաջնորդ», այլեւ ժառանգեց իշխանությունն իր «ռացիոնալ» որդուն: Իսկ մեզ այդ պատերազմն ուղղակի պետք չէ:

Հայկական դիվանագիտությունը Վիեննայի՝ 2016-ի մայիսյան հանդիպումից հետո կորցրեց շանսը քաղաքական ճանապարհով Ադրբեջանի համար պատերազմի վերսկսման քաղաքական գինն անընդունելի բարձր դարձնելու համար: Իսկ կորցրեց, որովհետեւ այդպես էլ չսովորեց ռուսներին ասել. «Ո՛չ», մինչդեռ դա լիովին հնարավոր էր: Այժմ, երբ թե Բաքուն, թե Մոսկվան չե՛ն թաքցնում իրենց ցանկությունը Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափից բանակցային գործընթացը տեղափոխել եռակողմ՝ Երեւան-Մոսկվա-Բաքու ձեւաչափ, դա տեղի չի ունենում, քանի որ Երեւանը դրան չի համաձայնվում: Դա այն է, ինչ պետք է արվեր Վիեննայից հետո եւ թույլ չտրվեր Ռուսաստանին Սանկտ Պետերբուրգում «սեպարատ» ձեւաչափով Ալիեւի կաշին փրկել, ինչն էլ եւ տեղի ունեցավ: Այնուհետեւ մենք ստացանք հարձակում արդեն Հայաստանի սահմանին Տավուշում, իսկ ահա փետրվարի 25-ին՝ Արցախում, եւ, ինչպես տեսնում ենք՝ պատմությունը կարող է կրկնվել:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ս.թ. փետրվարին Մյունխեն եւ Մոսկվա, եւ կարեւորն այն չէ, թե այնտեղ ինչ տեղի ունեցավ, այլ այն, ինչ տեղի չունեցավ. տեղի չունեցավ Մոսկվայի եւ Բաքվի երազած եռակողմ՝ Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպումը: Իսկ առաջիկայում սպասվում է համանախագահների այցը տարածաշրջան, եւ ամենակարեւոր հարցն է, թե որքան է Երեւանի ամրության պաշարը, որպեսզի թույլ չտա, որ գործընթացն անցյալ տարվա օրինակով՝ Մոսկվայի եւ Բաքվի ջանքերով մտնի փակուղի եւ Ալիեւի ձեռքերն ազատվեն ավելի լայնամասշտաբ գործողությունների համար:

Տրամաբանությունը հուշում է, որ հայկական կողմերը պարտավոր են ձեռնարկել քայլեր, որոնք կմեծացնեն անվտանգության եւ արտաքին քաղաքական ամրության պաշարը: Նախեւառաջ՝ Մոսկվայի ճնշումը բալանսավորելու համար առաջնահերթ անհրաժեշտություն է ակտիվացնել ջանքերն ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի եւ Վրաստանի ուղղությամբ՝ փորձելով ստեղծված իրողություններում անել առավելագույնը, որպեսզի դիվերսիֆիկացվեն մեր արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական հարաբերությունները: Իսկ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջին հերթին Երեւանը չպետք է թույլ տա, որպեսզի այն շեղվի Վիեննայի օրակարգից: Մեծ հաշվով, կարճաժամկետ հեռանկարում խաղաղության պահպանման բանալին հենց այդտեղ է, այլ ոչ թե Ռուսաստանում, ինչպես ոմանց թվում է, կամ փորձում են այդպես ներկայացնել:
Իսկ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչին Թոփչուի սադրիչ եւ անպատասխանատու հայտարարությունը, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է դառնա Իսլամական աշխարհի բոլոր պետությունների, բոլոր մուսուլմանների օրակարգի հարցը, հուշում է քայլերի անհրաժեշտություն եւս մի կարեւոր ուղղությամբ: Հայաստանը, որն ակտիվ եւ բարեկամական հարաբերություններ է հաստատել բազմաթիվ մուսուլմանական պետությունների հետ, պետք է բազմապատկի եւ համակարգի ջանքերը, որպեսզի չեզոքացնի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու՝ թուրքական իշխանությունների ջանքերը: Իսլամական աշխարհ, քրիստոնեական աշխարհ… այդ քարանձավային մտածելակերպին հարիր ձեւակերպումները հեռու են իրականությունից, սակայն այդ առասպելներն օգտագործվում են, ինչպես տեսնում ենք, մեզ ոչ բարեկամ, անպատասխանատու ռեժիմների կողմից սեփական քաղաքական շահերը «փաթեթավորելու» համար: Հետեւաբար Հայաստանի շահերը եւ շարժառիթները պետք է մատչելի, հասկանալի եւ համամարդկային տեսակետից ընդունելի լինեն նաեւ մուսուլմանական հանրությունների ընկալումներում: Եվ պետք է հասկանալ, որ Արեւմուտքի որոշ ծայրահեղական շրջանակներում բարձրացած իսլամատյացության ալիքը ոչ միայն անընդունելի է ընդհանրապես, ինչի մասին խոսում են բաց տեքստով ամերիկացի գեներալները, այլեւ ուղղակի հակասում է մեր պետական շահերին, քանզի մեր պետությունը, Վրաստանի հետ հարեւանությունը չհաշված, գտնվում է մուսուլմանական միջավայրում եւ դարերով ձեւավորել է բարիդրացիության բոլոր նախադրյալները:

Փետրվարի դեպքերը, ինչպես եւ անցյալ տարվի ապրիլյան պատերազմը, ցույց տվեցին, որ բանակը միանգամայն ընդունակ է սառեցնելու Բաքվի տաք գլուխները: Սակայն չի՛ կարելի ամեն ինչ թողնել բանակի վրա եւ քաղաքական կարճատեսությամբ բանակին թողնել կրակին դեմ հանդիման, իսկ հետո «հիանալ մեր հերոս տղաներով» եւ հերոսի կեցվածքով հավերժ փառք տալ նահատակվածներին: Դա արդեն ուղղակի անբարոյականություն է:

…Իսկ ամերիկացի գեներալ Ջորջ Փաթթոնն իր ենթակա զինվորներին 1944-ին ասել է. «Ձեր խնդիրն այն չէ, որպեսզի զոհվեք հանուն Հայրենիքի: Ձեր խնդիրն է, որպեսզի ձեր դիմացը կանգնած եւ ձեզ վրա կրակող շանորդինե՛րը զոհվեն իրենց հայրենիքի համար»: Ինչ-որ առումով այս սկզբունքը պետք է տարածվի նաեւ անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտի վրա: Եվ ամենեւին էլ պարտադիր չէ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը միշտ «զոհվի» հանուն մեր «ռազմավարական դաշնակցի» անհասկանալի եւ անընդունելի շահերի:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ «Հետք»

«Առավոտ»

28.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Խնդրում եմ լուսանկարի հղումը պատշաճ տալ, այն ոչ թե Արարատնյուզինն, այլ Հետքինը https://hetq.am/arm/news/67714/arajnagtsi-zinvornery․-mas-13-lusankarner.html

  2. Karen says:

    Ոչ թե՝ <>, այլ՝ <>:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728