Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերին և հատկապես դեկտեմբերին հաջողվեց ապահովել հարկային մուտքերի տպավորիչ աճ. «168 ժամ»

Փետրվար 28,2017 12:45

Տարվա առաջին երկու ամիսներին՝ Գագիկ Խաչատրյանի օրոք, ունեինք բացասական դինամիկա, հարկերը նվազում էին։ Մարտի 3-ին ՊԵԿ-ը գլխավորեց Հովհաննես Հովսեփյանը՝ տեղափոխվելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից։

Հովսեփյանի պաշտոնավարման առաջին ամիսները խոստումնալից էին՝ հարկային մուտքերն աճում էին, ինչը ներկայացվում էր՝ որպես ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունք։ 2016թ. ապրիլին՝ 2015-ի ապրիլի համեմատ, հարկային մուտքերն աճեցին 6 մլրդ դրամով և կազմեցին մոտ 97 մլրդ դրամ։

Ընթերցողները կհիշեն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հատուկ շեշտեց ապրիլյան ցուցանիշը՝ նշելով, որ ապրիլին աննախադեպ ծավալով հարկեր են հավաքագրվել։ Սակայն ոգևորությունը երկար չտևեց։ Աճի տեմպը հաջորդ 2 ամիսներին թուլացավ, իսկ հուլիսից սկսած՝ հարկերը կրկին սկսեցին նվազել։ Օգոստոսին պետբյուջե մուտքագրված հարկերի ծավալը կազմեց 93.1 մլրդ դրամ, ինչը 7 մլրդ դրամով պակաս էր 2015-ի օգոստոսի ցուցանիշից։

Իհարկե, հարկային մուտքերի այս փոփոխությունը համահունչ է տնտեսական ակտիվության տեմպին, այն նույնպես տարվա սկզբի ամիսներին աճում էր, իսկ հուլիսից սկսեց նվազել։ Բայց, ամեն դեպքում, փաստը մնում է փաստ, որ Հովհաննես Հովսեփյանի օրոք բյուջեի կատարումը խնդիրների առաջ էր կանգնել, ինչը կարող է մասնակիորեն բացատրել նրա փոփոխությունը։ Վարդան Հարությունյանը նշանակվեց հոկտեմբերի 8-ին, սակայն այդ մասին պաշտոնապես հայտարարվեց հոկտեմբերի 10-ին։ Գործնականում ՊԵԿ նոր ղեկավարը գործին լծվեց ամսվա կեսից։ Հոկտեմբերը նույնպես ձախողվեց հարկերի հավաքագրման իմաստով՝ 2 մլրդ պակաս հավաքվեց, քան 2015-ի հոկտեմբերին։ Սակայն նոյեմբերին և հատկապես դեկտեմբերին հաջողվեց ապահովել հարկային մուտքերի տպավորիչ աճ։

Այս փոփոխությունների խորքային պատճառները տնտեսագետները դեռ ժամանակ կունենան վերլուծելու։ Իսկ մենք մեզ թույլ ենք տալիս մի քանի սիրողական բնույթի կանխատեսումներ անել։ Այս տարվա հունվար և փետրվար ամիսներին հարկային մուտքերը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն աճել։ Դա պայմանավորված կլինի մի կողմից՝ 2016-ի նույն ամիսների ցածր ցուցանիշներով, մյուս կողմից՝ ցուրտ ձմռան հանգամանքով, որի արդյունքում ավելացել են գազի և էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, ու հետևաբար՝ դրանց համար վճարվող ԱԱՀ-ն։ Սակայն մարտին և հատկապես ապրիլ-մայիս ամիսներին ՊԵԿ-ի համար բավականին դժվար է լինելու նախորդ տարվանից ավելի շատ հարկեր հավաքել։ Նախ, ինչպես նշեցինք, այդ ամիսներին հարկային մուտքերի զգալի աճ էր գրանցվել։ Եվ, բացի այդ, ապրիլին և մայիսին ունենք ընտրություններ, որոնք բացասաբար են ազդում տնտեսական ակտիվության վրա:

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728