Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայությունը ցնցվեց մեր զինվորին գլխատողի խրախճանքից, բայց այդ մեթոդները եղել են դեռեւս Սումգայիթում». Լարիսա Ալավերդյան

Փետրվար 28,2017 15:40

Հայությունը ցնցվեց ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանական զինուժի կողմից հայկական բանակի զինվորների գլխատման դեպքերով, բայց իրականում այդ բարբարոսության նախատիպն ավելի քան վաղեմի է: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսելով 1988թ. փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի սպանդի եւ տեղահանության մասին՝ ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա փաստմամբ՝ միջազգային հանրությանը չեն ներկայացվել այն մեթոդները, որոնցով խոշտանգել ու սպանել են հայերին: «Երբ ապրիլի երկուսին տեսանք մեր զինվորի գլուխը կտրած խրախճանք անողներին, ՀՀ-ում շատերը ցնցվեցին: Ստիպված եմ ասել, որ դա աննախադեպ դեպք չէր: Դա արդեն եղել է Սումգայիթում, նկարագրված է ականատեսների ցուցմունքներում: Դա հետընթաց է՝ քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն, եւ որը բնորոշ է ցեղասպան քաղաքականությունը որդեգրած գործիչներին»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ փաստագրական նյութերը բազմաթիվ են այն մասին, որ դեռեւս Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի հանդեպ կիրառվել են նույն՝ բարբարոս մեթոդները: Տիկին Ալավերդյանն արդեն 29 տարի՝ ՀՀ կառավարության ուշադրությունն է հրավիրում հետեւյալ հարցի վրա. «Հասկանալի չէ՞, որ Սումգայիթում սպանվածների ընտանիքները պետք է ունենան հատուկ կարգավիճակ: Նրանք ազգային-ազատագրական  շարժման առաջին զոհերն են, բայց նրանց ընտանիքները չունեն հատուկ կարգավիճակ, որպեսզի ապահովվեն նրանց սոցիալական հարցերը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728