Սամվել Սևադա. «Հայկական կինոյում արդեն շարժ կա»

Սամվել Սևադա. «Հայկական կինոյում արդեն շարժ կա»

«Մոսկվայում ես ֆիլմեր եմ նկարել այնպես, ինչպես դա կաներ պրոֆեսիոնալ ռեժիսորը, իսկ Հայաստանում  նկարել եմ իմ մասին, մեր իրականության մասին, որտեղ ավելի ուժեղ եմ ինձ զգում»,-նշում է երիտասարդ ռեժիսոր Ասպետ Շերմազանյանը:

Փետրվարի 28-ին Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվեցին Շերմազանյանի երեք կարճամետրաժ ֆիլմերը: Առաջին երկուսը կրիմինալ կոմեդիաներ էին՝ «Ամնեզիա» և «Մի գողացիր»: Այս ֆիլմերը մոսկովյան իրականության մասին են. մարդկանց, ովքեր ապրում են նյութից կառչած և կործանվում հենց դրա պատճառով:

Երրորդ ֆիլմից առաջ ռեժիսորը հայտարարեց. «Հիմա կտրվենք մոսկովյան իրականությունից ու գանք Հայաստան»: «Աղ ու հացը» («Անառակ որդու վերադարձը»), նկարահանված է Լոռիում աստվածաշնչյան առակի մոտիվներով: «Ես  արմատներով լոռեցի եմ ու դեռ տարիներ առաջ երազում էի ֆիլմ նկարել Լոռիում, որի բնաշխարհը կինեմատոգրաֆի տեսանկյունից էլ անգնահատելի է: Ֆիլմը  նվիրում եմ հորս և եղբորս, որը հիմա ծառայում է Մարտակերտում»:

Երկու եղբայրների կերպարները կերտել են Արսեն և Խորեն Լևոնյանները, իսկ հոր կերպարը՝ Սամվել Սևադա Գրիգորյանը: Մասնագիտությամբ նկարիչ Սամվել Սևադան նշում է. «Ես համաձայնեցի նկարահանվել ֆիլմում, որովհետև թեման ինձ հուզեց, և հետո, երբ երիտասարդները գործ են անում, նրանց  պետք է օգնել և համագործակցել: Իսկ այսօր կարող եմ շնորհավորել՝ հայկական կինոյում արդեն շարժ կա»:

Առաջիկայում Ասպետ Շերմազանյանը պատրաստվում է նկարել լիամետրաժ ֆիլմ: Նկարահանումները կիրականացվեն Լոռիում, Թբիլիսիում և Մոսկվայում: «Մեր թիմը փնտրում է մեզ պես խենթ, էնտուզիազմով հարուստ երիտասարդների, ովքեր պատրաստ են համագործակցել: Ֆիլմը երկու լոռեցի տղաների մասին է, որոնք վրեժ լուծելու կամ պատիվը վերականգնելու համար Լոռուց հասնում են Մոսկվա: Այստեղ գյուղացու այն տեսակն է, որն արհամարհված է: Կոչվում է «Դբա լավը»… լոռեցիները կհասկանան»:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարները Ասպետ Շերմազանյանի և Սամվել Սևադայի Ֆեյսբուքյան էջերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք