Հերիք չեղա՞վ, ՕՐՕ

Հերիք չեղա՞վ, ՕՐՕ

«Էությամբ եւ բնազդով ժողովրդավարնե՞ր», թե՞ քաղաքական ամնեզիայով տառապողներ

Նախընտրական շրջանն ունի իր յուրահատկությունները, դրանցից ամենահետաքրքրականը քաղաքական ամնեզիան է, որով տառապողներն այնքան ինքնամոռաց են սկսել ելույթներ ունենալ, որ մի պահ թվում է, որ իրենք էլ են իրենց հնչեցրածին սկսել հավատալ: Այդ երեւույթին կարելի էր նույնիսկ չանդրադառնալ, պարզապես զվարճանալ նրանց նախընտրական ելույթներն ունկնդրելով ու անցնել, սակայն խնդիրն այն է, որ քաղաքական ամնեզիայով տառապողներին բնորոշ է մեկ այլ երեւույթ. նրանք այն աստիճան են տարվում դերով, որ տպավորություն է ստեղծվում, որ նրանց հույսն էլ այն է, որ հասարակ մահկանացուներիս մոտ հիշողության որոշակի խնդիրներ կան, ու դա հիմք է, որպեսզի նրանք իրենց թույլ տան «հրեշտակի թեւերով» ներկայանալ հանրության առջեւ:

Սա այն դեպքը չէ, երբ ասում են` եթե քննադատում ես «ընդդիմադիրին», ուրեմն իշխանության պատվեր ես կատարում: Նախ` «ընդդիմադիր» լինելը միայն ելույթներով չի որոշվում` առավել եւս քաղաքական ամնեզիայով տառապողների դեպքում, քանի որ ընդամենը ամիսներ ու տարիներ առաջ նրանք իշխանություն են եղել ու ունեցել են անհրաժեշտ բոլոր լծակները` ազդելու, որոշումներ կայացնելու այնպիսի խնդիրների լուծման համար, որոնց դեմ այսօր «ելել են պայքարի»:

Փետրվարի 25-ին ՕՐՕ դաշինքի առաջին համաժողովն էր: «Հերի՛ք է ապրենք ապագայի երազանքներով: Եկե՛ք հիմա միասնական ջանքերով կերտենք մեր ուզած Հայաստանը»,- հայտարարեց դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը` առաջարկելով «Հերիք է» կարգախոսով գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ժողովրդի մեջ արթնացնել լավատեսության ու հույսի ալիք:

Ուղերձների, տեսաուղերձների եւ նամակների մեծ սիրահար «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ երկրում չի: Նա հանդես եկավ ավանդական տեսաուղերձով, Զորավար Անդրանիկի ծննդյան օրը կապեց ՕՐՕ-ի մեկնարկած պայքարի հետ, նշելով` «հաղթանակը միայն միասնության մեջ է», եւ խոստացավ «գործնական հանդիպումներից հետո» վերադառնալ, միանալ «աննախադեպ միասնությանը»: Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ ապրիլի 2-ին «վերջապես, հաղթելու են»:
Զավեշտը հասավ նրան, որ ժողովրդավարական Հայաստանի մասին երազող ՕՐՕ-ի ներկայացուցիչներն առողջություն մաղթեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին՝ նրան քաղբանտարկյալ անվանելով, մինչդեռ նույն Ժիրայր Սեֆիլյանը բանտարկված էր նաեւ ՕՐՕ-ի այսօրվա ներկայացուցիչ՝ նույն Վարդան Օսկանյանի իշխանության տարիներին, եւ ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանը…

Առհասարակ, «Համախմբում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի բոցաշունչ ելույթն, անշուշտ, քննարկման առանձին թեմա է, ու որքան Օսկանյանը շարունակի Հայաստանի հասարակությանը կասկածել հիշողության ամբողջական կամ մասնակի կորստի մեջ, այդքան պետք է հիշեցնել նրան իր իսկ կառավարման «փառահեղ» շրջանը:

Նախ` սկսենք նրանից, որ Օսկանյանի եւ որոշ սփյուռքահայերի մոտ, կարծես, ինչ-որ յուրօրինակ բարդույթ է ձեւավորվել. դա հայրենիք վերադառնալը որպես հերոսություն, զոհաբերություն ներկայացնելն է: «Ես անկախությունից անմիջապես հետո, Րաֆֆին՝ երկրաշարժից հետո, թողել ենք մեր հանգիստ կյանքը ԱՄՆ-ում եւ եկել հայրենիք՝ մասնակից լինելու պետականաշինության գործին»,- ասում է Օսկանյանը:

Հայրենիք վերադառնալը «ծախել» հասարակության վրա որպես ազնվության եւ անբասիրության ապացույց, մեղմ ասած` ազնիվ չէ, մանավանդ, եթե հայրենիք վերադառնալու համար որպես փոխհատուցում շարունակաբար իշխանության հասնելու անհագուրդ ծարավն է իշխում: Օսկանյանի դեպքում, իհարկե, այդ մղումը հաջողությամբ պսակվել է. նա առաջին եւ երկրորդ նախագահների օրոք իշխանություն է եղել եւ Քոչարյանի իշխանության տարիներին նաեւ բացասականի համար է պատասխանատու, թեեւ այսօր իր տասնամյա իշխանավարման ընթացքում արձանագրված աղմկոտ տապալումներն ամբողջությամբ մոռացության է մատնել:

«Երկու բանում ինձ համարում եմ անթերի՝ նվիրումը հայրենիքին եւ ազնիվ ու անկեղծ աշխատանքը պետական համակարգում։ Համարյա երկու տասնամյակ եղել եմ պետական համակարգում եւ երկու նախագահների օրոք զբաղեցրել եմ բարձր պաշտոններ: Ես ծառայել եմ ոչ թե մարդուն, այլ պետությանը, ժողովրդին»,- ասում է Օսկանյանն ու շարունակում. «…Այս տարիների ընթացքում չի եղել որեւէ դեպք, որ ես որեւէ մեկին բան խնդրեմ կամ որեւէ կերպ չարաշահեմ պաշտոնի կամ պետական միջոցների հնարավորությունները։ Իսկ երբ ավարտվել է իմ պաշտոնավարման ժամկետը, չնայած ինձ առաջարկված բազմաթիվ պաշտոններին, ես նախընտրել եմ լինել իշխանությունից դուրս՝ նպատակ ունենալով նպաստել քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի եւ ընդդիմության կայացմանը։ Եղել եմ հիմնական ջատագովներից մեկը քաղաքական մենաշնորհի վերացման եւ մեր քաղաքական համակարգում հակակշիռների հաստատման»։ Ապա նա ասում է. «Եթե թույլ տանք, որ երկիրը անդունդի եզրին հասցրած, ժողովրդին մասնատած ու հուսահատության մեջ թողած իշխանությունները վերարտադրվեն, ապա հաջորդ տասնամյակները լինելու են փորձություններով եւ սպառնալիքներով լի ժամանակաշրջան»:

Օսկանյանին նախ՝ արժե հիշեցնել, որ թե՛ 1998-ին եւ թե՛ 2003-ին Քոչարյանի կասկածելի «ընտրությունը» եւս հիմք էր այն ժամանակվա ընդդիմադիրների համար՝ պնդելու, որ երկիրը հայտնվելու է «անդունդի եզրին»: Քոչարյանի եւ Օսկանյանի իշխանավարման տասնամյակը փաստեց, որ հպարտանալու քիչ բան կա, իսկ այն ժամանակվա ընդդիմադիրների կանխատեսումներն իրականացան եւ դեռ մի բան ավելի: Քոչարյանն ուներ լեգիտիմության պակաս նախագահական զույգ ընտրություններում, բայց Օսկանյանը հլու-հնազանդ աշխատում էր, ավելին` աչք էր փակում ընդդեմ ժողովրդավարության Քոչարյանի բազմաթիվ ոտնձգություններին: 1998-2008թթ. Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների, ընդդիմադիր գործիչների, մամուլի նկատմամբ ոտնձգությունների պակաս չի զգացվել (եթե Օսկանյանը ցուցակը մոռացել է` կարող է թերթել 1998-2008թթ. մամուլը, վստահաբար, բազմաթիվ ընդդիմադիրների, մամուլի ներկայացուցիչների, իրավապաշտպանների անուններ «կպեղի»), այդ թվականներին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ են առեղծվածային պայմաններում սպանվել, Պողոս Պողոսյանն է գնդակահարվել Երեւանի կենտրոնում օրը ցերեկով, Հոկտեմբերի 27 է տեղի ունեցել, եւ վերջապես՝ Քոչարյանի ու Օսկանյանի իշխանավարման ավարտը Մարտի 1-ն էր:

«Մենք` դաշինքի առաջնորդներս, էությամբ եւ բնազդով ժողովրդավարներ ենք, ազատական արժեքների կրողներ։ Մեր բնականոն եւ բնազդային գործելաոճը, ըստ էության, համահունչ է Հայաստանում այդ բարեփոխումներն իրականացնելու պահանջին։ Մենք համոզված ենք, որ մեր՝ իշխանության գալու դեպքում ամենակարճ ժամկետում առաջին հերթին կունենանք իսկական ժողովրդավարական, ազատական արժեքներ դավանող, արդար եւ լավատեսություն ներշնչող երկիր»,- այսօր հայտարարում է Օսկանյանը։

«Էությամբ եւ բնազդով ժողովրդավար» Օսկանյանի կերպարը ամբողջացնելու համար արժե դիտարկել նրա անուրանալի դերը Մարտի 1-ին` որոշ հիշարժան դրվագներ թարմացնելով: Դեռ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ` հունվարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Քրիստիան Շտրոհալի հետ համատեղ ասուլիսում Օսկանյանն արդեն ազդարարում էր՝ «կան ուժեր, որոնք կուզեն ապակայունացնել Հայաստանը»: Իսկ փետրվարյան նախագահական ընտրություններից հետո Օսկանյանը ջանք ու եռանդ չխնայեց Մարտի 1-ի արյունահեղությունը քողարկելու, տեղի ունեցածը խեղաթյուրելու համար:

«Էությամբ եւ բնազդով ժողովրդավար» Օսկանյանի իշխանավարման օրերին 2008թ. նախագահական ընտրությունների առնչությամբ հանդես եկած դիվանագետներ` ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Լեւոն Խաչատրյանը եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը, որոնք կոչ էին արել հավատարիմ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, ոչ միայն ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից, այլեւ զրկվեցին դիվանագիտական կոչումներից: Այնուհետեւ տարածվեց ԱԳՆ վեց այլ պաշտոնյաների` Վլադիմիր Կարապետյանի, Մարթա Այվազյանի, Վարսենիկ Բաղդասարյանի, Առաքել Սեմիրջյանի, Կարինե Աֆրիկյանի եւ Էլեն Պետեյանի հայտարարությունը, որով նրանք մտահոգություն էին հայտնել հանրապետությունում ձեւավորված՝ ներքին եւ արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ: ԱԳՆ-ի նշյալ աշխատակիցների հայտարարությունը եւս անհետեւանք չմնաց. «էությամբ եւ բնազդով ժողովրդավար» Օսկանյանը նրանց աշխատանքից ազատեց:

Մարտի 1-ին նախագահական նստավայրում Օսկանյանի ասուլիսը բոլորն են հիշում: Youtube-ում տեղադրված տեսանյութից երեւում է, թե ինչպես էր Օսկանյանը ջանքեր գործադրում իշխանությունների դեմքը փրկելու համար: «Էությամբ եւ բնազդով ժողովրդավար» Օսկանյանն ասում էր. «Սա իններորդ օրն է արդեն, ինը օր անընդհատ հավաքներ են եղել տարբեր չափերի, մարդիկ վրանների տակ գիշերներ են անցկացրել Օպերայի հրապարակում, եւ այդ բոլորի նկատմամբ ակնհայտ հանդուրժողականություն է դրսեւորվել: Այնպես որ, նման ոտնձգություններն այս բոլորին նոր որակ են հաղորդում, բայց դրա արձագանքը, հակազդեցությունը` որ պահին ինչ կլինի, ես դժվարանում եմ ասել, դա միայն իրավապահ մարմինները կարող են գնահատել»:

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակը խաղաղ ցուցարարներից ուժի գործադրմամբ «մաքրելուց», նույն օրը երեկոյան հազարավոր մարդկանց աչքի առաջ Երեւանի կենտրոնում հավաքված բազմության ուղղությամբ կրակ բացելուց, 10 անմեղ քաղաքացիների սպանությունից հետո Երեւանում մարտի 1-ից 20-օրյա ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց: Հիշեցնենք, որ այդ օրերին Քոչարյանի գլխավորությամբ գործում էր շտաբ, որում ներգրավված էր նաեւ «էությամբ եւ բնազդով ժողովրդավար» Օսկանյանը:

Մարտի 1-ին արդեն Օսկանյանի օգնական Սալբի Ղազարյանը «պարզաբանումներ» էր տալիս օտարերկրյա ԶԼՄ-ներին: CNN-ի կայքում մարտի 1-ին տեղադրված հրապարակման մեջ, ճիշտ այն օրը, երբ նույնիսկ իրավապահները դեռ չէին հասցրել իրենց գնահատականների համար համարժեք իրավական-օրինական հիմք ապահովել, Ս. Ղազարյանը «բացատրում էր» Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու պատճառներն ու «ապացուցում», որ իշխանությունները համոզված են եղել, որ ցուցարարները զինված են: Սա այն դեպքում, երբ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց Օպերայի հրապարակին կից տարածքում «հայտնաբերված» զենքը վերագրել որեւէ ցուցարարի:

Մարտի 28-ին Օսկանյանը «Ազատություն» ռ/կ-ին Մոսկվայում տված հարցազրույցում խոստովանեց, որ Մարտի 1-ի դեպքերը էապես ազդել են Հայաստանի իմիջի վրա, ապա հարցին, թե արդյոք կմնա՞ նոր կառավարության կազմում, պատասխանեց. «Սպասենք վարչապետի նշանակմանը»: Իսկ եթե Սերժ Սարգսյանը Օսկանյանին պաշտոն առաջարկեր` որտե՞ղ կլիներ նա 2008թ. Մարտի 1-ից հետո… Ու այսպիսի տարիներ իշխանավարած Օսկանյանն այսօր հուզախառն գոչում է. «Այսօր միջազգային գնահատականներում Հայաստանը ներկայացվում է որպես ավտորիտար, ազատ մամուլ չունեցող, կոռուպցիոն բարձր հակումներով եւ ոչ մրցունակ երկիր…»:

Հաջորդը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ուշագրավ թեման է: Օսկանյանն այսօր հպարտանում է. «Շահառու ենք դարձել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերների»՝ 400 միլիոն դոլարի արժողությամբ ենթակառուցվածքների զարգացման ծրագրին», ապա հավելում է. «Ես հատ-հատ տեսնում եմ այդ հնարավորությունները: Առաջին հերթին տեսանելի են երկրի ներսում առկա եւ բանկերում անգործ պահված գումարները: Ես տեսնում եմ Քըրքորյանի երկու միլիարդ դոլարի կտակը: Մեզ համար տակավին հասանելի է ԱՄՆ-ի Հազարամյակի մարտահրավերներ ծրագիրը՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի հնարավորությամբ…»:

Այստեղ եւս Օսկանյանի մոտ քաղաքական ամնեզիա է, քանի որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կասեցման որոշումն ընդունվել է Օսկանյանի իշխանավարման ընթացքում թույլ տված սխալների պատճառով: 2008թ. նախագահական ընտրություններից եւ Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը նամակ հղեց Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում, մասնավորապես, ասվում էր. «Վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա»:

2008թ. Մարտի 1-ից երկու ամիս անց Հայաստանում հետընտրական շրջանում առաջացած իրավիճակը եւ դրանից բխող խնդիրները քննարկվել էին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ-ի աջակցության համակարգող Թոմ Ադամսի հետ Սերժ Սարգսյանի կայացած հանդիպմանը: Ադամսն ասել էր, որ որոշակի մտահոգություններ ունեն` կապված ծրագրի հիմքում ընկած չափորոշիչների պահպանման հետ: Այս իրադարձություններից մեկ տարի անց` 2009թ. հունիսին, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել Հայաստանում իրականացվող շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհների վերանորոգման ծրագիրը` մոտ 68 միլիոն դոլար: Կորպորացիայի հաղորդագրության համաձայն` տնօրենների խորհրդի որոշման համար հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին: Կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը նշել էր. «Այս որոշման պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչներին: Հանգամանքը, որ կորպորացիան չի կարողանալու համագործակցել Հայաստանի հետ գյուղական աղքատ համայնքների համար նախատեսվող ճանապարհների կառուցման գործում, հատկապես հիասթափեցնող է, քանի որ հենց գյուղական այդ համայնքներն են լինելու մեր գործընկերները ապագայում զարգացում ապահովելու մեջ»:

Այսօր ծրագրի շարունակման հարցում կարելի է գործող իշխանությանն անհետեւողականության մեջ մեղադրել, բայց ձեւանալ, թե մոռացվել է, որ ծրագրի դադարեցման դրդապատճառները Քոչարյանի ու Օսկանյանի օրոք արձանագրված սխալներն էին, մեղմ ասած, ազնիվ չէ։

Ամփոփումը` «Առավոտ»-ի այսօրվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 28.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք