Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՓԱԽ ԳՈՐԾԵՐ

Մարտ 03,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ յոթանասունչորսերորդ

ՓԱՓԱԽ ԳՈՐԾԵՐ

Եվ Ֆելոն մի քիչ մտածեց ու   հորս ասաց՝ «չաշխատելուս համար փոխանակ դու դժգոհես, էդ գրախանութի վաճառողուհին ա՞ դժգոհում», եւ հայրս փռթկացնելով ասաց՝ «ինքն ուրիշ բանի համար ա դժգոհում», եւ Ֆելոն հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ հայրս փռթկացնելով ասաց՝ «ասում ա՝ էդ Ստանիսլավսկու ու Փափազյանի գրքերն էնքան ես թերթել, որ լրիվ մաշացրել ես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դժվար թե ըտենց բան ասեր» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «էդ արդեն քեզնից ես հնարում», եւ հայրս փռթկացնելով ասաց՝ «կարամ երդվեմ, որ  ասել ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե նույնիսկ ասել ա, հաստատ հանաքով ա ասել», եւ հայրս ժպտալով ասաց՝ «կարող ա հանաքով ա ասել, բայց ասել ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ էլ ա ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց՝ հանաքով» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իրա հետ պայմանավորվել ենք, որ ես եմ էդ մաշացրածս գրքերն առնելու, որ իրա վրա չմնան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս ամիս Ստանիսլավսկին կառնեմ, մյուս ամիս՝ Փափազյանը», եւ հայրս փռթկացնելով Ֆելոյին ասաց՝ «շատ ճիշտ ես որոշել», եւ Ֆելոն հորս հարցրեց՝ «ինքը քեզ ուրիշ բան չի ասե՞լ», եւ հայրս հարցրեց՝ «ուրիշ ի՞նչ պիտի ասեր», եւ Ֆելոն ասաց՝ «չի ասե՞լ, թե իրա ծնունդին  ինչ շքեղ բուկետ եմ նվիրել», եւ հայրս ժպտալով ասաց՝ «էդ էլ ա ասել», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս ասաց՝ «երեւի Ֆելոյին լավ ռոճիկ ես տալիս, որ կանանց շքեղ բուկետներ ա նվիրում»,  եւ Ֆելոն Ֆրունզիկին ասաց՝ «ես ընդհանրապես ռոճիկ չեմ ստանում, ընկեր Մկրտչյան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես հաստիքով աշխատող չեմ», եւ հայրս ասաց՝ «մենք աշակերտի հաստիք չունենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, քեզ անօրինական եմ պահում, ընկեր Ֆելիքս», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ոչ մի դժգոհություն չունեմ, Ուստա Հակոբ» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «հերիք չի արհեստ են սովորացնում, հըլը մի բան էլ փող տա՞ն», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «կարող ա՞ հեչ չեմ տվել», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «միշտ էլ տալիս ես, Ուստա Հակոբ ջան» եւ Ֆրունզիկին նայելով ավելացրեց՝ «փափախ գործերից միշտ էլ ինձ որոշ բան տալիս ա», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «փափախ գործեր էլ ե՞ք  անում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «լիքը», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու խիստ տոնով ասաց՝ «արդեն ավելպակաս բաներ ես խոսում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես գիտեմ՝ ում մոտ խոսամ, ում մոտ չխոսամ», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս ասաց՝ «Ֆելոն ինձ վստահում ա, դրա համար էլ իմ ներկայությամբ ազատ ա խոսում», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին, մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «էդ էր պակաս՝ չվստահեր», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «որո՞նք են փափախ գործեր համարվում», եւ Ֆելոն խորամանկ ժպտալով հորս հարցրեց՝ «ասե՞մ», եւ հայրս ծիծաղը զսպելով ասաց՝ «ասա» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ասա՝ մենք էլ իմանանք», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «եթե ինձ վստահում ես, կարաս արխային ասես», եւ Ֆելոն  մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձեզ ամբողջ հայ ժողովուրդն ա վստահում, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «եթե ինձ վստահեիր, ընկեր Մկրտչյան չէիր ասի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես հո ռայկոմի քարտուղար չեմ, որ ինձ ընկեր Մկրտչյան ես  ասում», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «բա ի՞նչ ասեմ», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «կարաս Ֆրունզիկ ասես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կամ էլ՝ Ֆրունզ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031