Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասակար քիմիական տարրերը մեր սննդում

Մարտ 03,2017 12:30

Թունավոր մետաղների ազդեցությունն ակտիվորեն չեզոքացնում է կաղամբը

Վերջին տարիներին հետազոտողների ուշադրությունն ավելի հաճախ գրավում են մարդու օրգանիզմի կենցաղային ճառագայթման տարբեր ձեւերը։ Բանն այն է, որ ժամանակակից քաղաքակրթությունը ծնել է ճառագայթման բազմաթիվ աղբյուրներ (իոնացնող, միկրոալիքային, ցածր հաճախականության եւ այլն)։ Հեռուստատեսային եւ ռադիոկայանները, էլեկտրահաղորդալարերը, միկրոալիքային վառարանները, հեռախոսները եւ նույնիսկ էլեկտրոնային խաղալիքները, որ դարձել են առաջադիմության խորհրդանիշ, շրջապատող միջավայրի, էներգետիկ աղտոտիչներ են։
Կան քիմիական տարրեր, որոնք ոչ միայն օգտակար, այլեւ անհրաժեշտ են մարդու օրգանիզմին։ Դրանց թվին են պատկանում կալցիումը, մագնեզիումը, սիլիցիումը։ Կան նաեւ այնպիսիք, որոնց փոքր քանակությունը օգտակար է, իսկ մեծ քանակությունը՝ վնասակար, օրինակ՝ պղինձը։ Եվ, վերջապես, կան այնպիսի տարրեր, որոնք խիստ վնասակար են մեր օրգանիզմի համար։ Դրանց մասին որոշ գիտելիքներ անհրաժեշտ է ունենալ։

Ազգությամբ ռուս, բնաբույժ Գալինա Շատալովան նշել է, որ կադմիումը մարդու օրգանիզմում առաջացնում է հիպերտոնիա: Այն կուտակվում է երիկամներում, թուլացնում է իմունիտետը։ Սակայն նրա ամենավտանգավոր ազդեցությունն այն է, որ դուրս է մղում գլխուղեղի աշխատանքի համար անհրաժեշտ ցինկը։
Կադմիում է պարունակվում ծխախոտի ծխի, խմելու ջրի, պարարտանյութերի, աղտոտված օդի մեջ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ վնասակար է նաեւ մեր կենցաղում այնքան տարածված ալյումինը։ Կուտակվելով օրգանիզմում՝ առաջացնում է մի քանի ծանր հիվանդություններ՝ տկարամտություն, գերգրգռվածություն, անզգայացում, գլխացավեր, երիկամների, լյարդի հիվանդություններ։ Սակայն, այս ամենով հանդերձ, ալյումինը համարվում է անվնաս մետաղ եւ նրանից պատրաստվում են խոհանոցային ամաններ, խմիչքների տարաներ։ Ալյումին է պարունակվում նաեւ ասպիրինի, պանրի մի քանի տեսակների, խմելու ջրի եւ նույնիսկ կերակրի աղի մեջ։


Շատերը գիտեն, որ կապարը թունավոր է, բայց քչերը գիտեն, որ կապարով թունավորվելն այնքան էլ հազվադեպ բան չէ։ Դրա համար բավական է այն, որ բանջարանոցը գտնվի բանուկ ճանապարհի եզրին կամ օդանավակայանի հարեւանությամբ, քանի որ ավտոմեքենաների եւ ինքնաթիռների արտանետած գազի մեջ կապար է պարունակվում։ Այդ պատճառով, ավտոճանապարհներից եւ օդանավակայաններից առնվազն 100 մետր հեռավորության վրա միայն կարելի է բանջարանոց հիմնել կամ դեղաբույսեր, սնկեր, ուտելի խոտեր հավաքել։ Կապարի ազդեցությամբ առաջանում են արտրիտ, ուղեղի գործունեության խախտումներ, հոգեկան հիվանդություններ, կասեցվում է օրգանիզմում D վիտամինի սինթեզը, պակասում է կալցիումը։

Շատ վտանգավոր է սնդիկը, չնայած շատերը կարծում են, որ այդ մետաղի հետ շփվելու եզրեր չունեն։ Դա սխալ տեսակետ է, քանի որ սնդիկ կարող է պարունակվել քիմիական պարարտանյութերի, ատամնալիցքի (պլոմբի), հատակի մաստիկայի, դիմահարդարանքի, որոշ ներկերի մեջ։ Սնդիկով թունավորման հետեւանք կարող են լինել ալերգիան, արտրիտը, տեսողության թուլացումը, դեպրեսային վիճակները, ատամների թափվելը։
Ճառագայթման փոքր դոզաների եւ թունավոր մետաղների վտանգավոր ազդեցությունից պաշտպանվելու միջոց կա,՞ արդյոք։ Կա՛, եւ այդ միջոցը տալիս է ինքը՝ կենդանի բնությունը։ Ճառագայթումից եւ թունավոր տարրերից պաշտպանվելու լավագույն միջոցը բուսական սնունդն է՝ ցորենը, թարմ բանջարեղենն ու մրգերը, լոբազգիները, սերմերն ու ընկույզը։


Հատկապես կարեւոր նշանակություն ունեն ցինկ պարունակող մթերքները, քանի որ ցինկը չեզոքացնում է օրգանիզմում կուտակված կադմիումը։ Սակայն դա բնավ չի նշանակում, թե մետաղական ցինկը պետք է մանրել եւ որպես սնունդ օգտագործել, որովհետեւ օրգանիզմի համար անհրաժեշտ են ցինկի այնպիսի միացությունները, որոնք պարունակվում են բուսական մի քանի մթերքների մեջ, օրինակ՝ ցորենի թեփի ու ծիլերի, չորացրած ծովակաղամբի, մի քանի տեսակ սնկերի (ժանտասնկի, դառնամատիտեղի)։ Մեծ քանակությամբ ցինկ են պարունակում սպանախը եւ կանաչ ոլոռը։
Բնաբույժի խոսքերով՝ թունավոր մետաղների ազդեցությունն ակտիվորեն չեզոքացնում է կաղամբը։ Թունավորումների դեմ միջոցներ ձեռնարկող տնտեսուհու առաջին գործը պիտի լինի ալյումինե ամանեղենը խոհանոցից դուրս շպրտելը։ Ամենից օգտակարը կավե, ապակե ամաններն են։ Եթե դրանց հնարավորությունը չկա, կարելի է օգտագործել արծնապատ (էմալապատ) ամանեղեն։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

02,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031