Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը վետո դրեց, իսկ Քոչարյանը ճնշմանը չդիմացավ

Մարտ 03,2017 15:30

ՀԱԿ-ը պատասխանում է Փոստանջյանի՝ 94-ի զինադադարը դավաճանություն որակելու քննադատությանը եւ Օսկանյանի արդարացմանը, թե մեղավոր չենք

«Բոլոր այն անձինք, ովքեր հանդես են գալիս որպես քաղաքական գործիչներ եւ հայտարարում են կամ կհայտարարեն, թե իրենք կարող են կարգավորել Արեւելյան հարցի բաղկացուցիչ մասը կազմող թուրք-ադրբեջանական ագրեսիան` տալ լուծում, որտեղ չեն լինի հաղթողներ ու պարտվողներ, եւ չեն լինի միակողմանի զիջումներ, ուղղակի կրկնում են 1994 թվականի դավաճանությունը, երբ Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու փաստաթղթի կնքման փոխարեն ստորագրվեց զինադադարի մասին փաստաթուղթը». Զարուհի Փոստանջյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ՕՐՕ դաշինքի համաժողովում ԼՂ հարցի կարգավորման մասին իր գնահատականներից հետո այսպիսի գրառում էր արել ֆեյսբուքում: Ըստ նրա՝ «երկարատեւ խաղաղություն ունենալու համար ոչ թե պետք է գնալ զիջումների, փոխզիջումների, այլ պետք է նախեւառաջ վերականգնել 1994 թվականի զինադադարով հաստատված սահմանային դիրքերը, եւ ապա առաջ գնալ` ազատագրելով Դաշտային Արցախը եւ Ուտիքը, վերականգնելով պատմական հայկական Արցախի (շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր) եւ Ուտիքի (շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր) նահանգների տարածքային ամբողջականությունը»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 94-ի զինադադարի պայմանագիրը դավաճանություն որակելու համար այսպես պատասխանեց նրան. «Զարուհի Փոստանջյանն այնքան հեռու է եղել ռազմական գործողություններից եւ իրավիճակին իսկապես ծանոթ լինելուց: 94-ի զինադադարը կայացվել է մի իրավիճակում, երբ որեւէ այլընտրանք գոյություն չուներ: Ով չգիտի՝ ես կարող եմ ասել հետեւյալը. 94-ի ապրիլին գնում էր գործողություն, որի նպատակն էր գրավել Միրբաշիրը: Սակայն շատ վատ պայմանների պատճառով՝ անձրեւների եւ խոնավության, տանկերը չէին կարողանում գնալ, անանցանելի էր այդ ճանապարհը տանկերի համար: Դրա համար ամբողջ ապրիլին այդ օպերացիան ձգձգվեց եւ չէր կարողանում առաջ գնալ: Իսկ մայիսին եղան ընդհանրապես ամբողջ պատերազմի մեջ ամենադաժան մարտերը: Մենակ մայիսյան առաջին մի քանի օրվա մեջ հայկական բանակը կորցրել է 1000-ից ավելի զինվոր: Դա եղել է ամենաինտենսիվ, ամենածանր պատերազմը: Կարող է մի օր գա, երբ ես կարողանամ խոսել սրա մասին, պետական գաղտնիքներ բացահայտել, բայց զինադադարը կայացվել է մի վիճակում, երբ զինադադարի ալտերնատիվ չի եղել, երբ բանակի բարձրագույն հրամանատարությունը զինադադարի կնքման խնդիր է դրել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ, որովհետեւ այլ տարբերակ այլեւս չկար»:

Իսկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով մեր հարցին Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս թողնելու վերաբերյալ, լինելով այդ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունների գծով պատասխանատու, վստահեցրեց, որ իր մեղքը այդտեղ չկա: Ավելին՝ նա ասաց, որ այդ ժամանակվա իշխանություններն էլ մեղավոր չեն, մեղավորը Ադրբեջանն է: Լեւոն Զուրաբյանը սկսեց ծիծաղել Օսկանյանի այս տրամաբանության հետ կապված: Նրա խոսքերով՝ «Եթե այս տրամաբանությամբ գնանք, ընդհանրապես Հայաստանի բոլոր պրոբլեմների համար կարելի է մեղադրել Ադրբեջանին: Ի վերջո՝ եթե չլիներ Ադրբեջանը, մենք ստիպված չէինք լինի լինել այս հակամարտության մեջ, շրջափակումների մեջ, ռազմական բեռ տանել, մեր տնտեսությունը չէր խեղդվի եւ այլն: Ինձ համար մի քիչ աբսուրդ է նման արդարացումը:

Բայց կա այլ խնդիր՝ կար պահ, դա Քի Ուեսթից առաջ էր, երբ ՀՀ իշխանությունները կարող էին դիմադրել ֆորմատի փոփոխմանը: Նրանք ուղղակի պետք է հրաժարվեին այն ժամանակ որեւէ բանակցություն վարել երկկողմ ձեւաչափով: Դա այն ժամանակ շատ նորմալ կլիներ: Հայ-ադրբեջանական հանդիպումներ, բանակցություններ կարող էին լինել, բայց նրանք պիտի հրաժարվեին մի տարբերակից, որտեղ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ուղարկվում են ոչ թե բոլոր 3 կողմերին, ոնց որ արվել է մինչեւ 98 թիվը ներառյալ, այլ՝ որ այդ առաջարկները սկսեն քննարկվել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Դրանից նրանք պետք է հրաժարվեին, բայց համաձայնել են դրան: Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ ըստ էության գնաց նման մի բանակցային ֆորմատի, դա Քի Ուեսթում եղավ, հետո Պրագյան գործընթացը: Արդեն ձեւաչափը դարձավ ՀՀ-Ադրբեջան բանակցություններ: Դա Ռոբերտ Քոչարյանի որոշումն էր: Նաեւ ԼՂՀ-ի որոշումն այդտեղ կա: ԼՂՀ-ն չպնդեց, որ պետք է ինքը պարտադիր լինի, եւ որ նա չի լիազորում իր անունից խոսել Հայաստանի Հանրապետությանը: Դա չեղավ: Եվ աբսուրդ է ասել, որ մեղավոր չենք:

Եթե ՀՀ-ն ու ԼՂՀ-ն հետեւողական լինեին այդ պահին, թույլ չտային այն ֆորմատի կազմաքանդումը, որը մենք պարտադրել էինք միջազգային հանրությանը 1994-ի Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթնաժողովում, դա մեծագույն նվաճում էր: Այլ կերպ բանակցություններ չէին կարող վարվել, եթե չլիներ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համաձայնությունը: Այդ համաձայնությունը եղավ, եւ հենց այդ պատճառով էլ ԼՂՀ-ն դուրս ընկավ գործընթացից: Հիմա կարող են ասել՝ գիտեք ինչ, ճնշումները մեծ էին Ադրբեջանի կողմից, է, հա՜, մեզ վրա էլ ճնշումները շատ մեծ են եղել: Լիսաբոնի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի ժամանակ՝ 96-ին, շատ մեծ ճնշում էր, բոլոր պետությունները մեզ վրա ճնշում էին գործադրում, որ մենք ընդունեինք ԼՂ հարցի լուծումը՝ որպես Ադրբեջանի մաս, բայց Տեր-Պետրոսյանը վետո դրեց՝ դեմ գնալով ըստ էության ե՛ւ ԱՄՆ-ին, ե՛ւ ՌԴ-ին, ե՛ւ Ֆրանսիային, ե՛ւ ամբողջ միջազգային հանրությանը: Դա մեր ազգային շահերից չէր բխում, մենք չէինք կարող համաձայնել: Մենք այդ ճնշումներին դիմացել ենք, իրենք էլ պետք է կարողանային դիմանալ»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

02,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Լեւոն Զուրաբյանը ստում է:
    Սուտ 1 – «անձրեւների եւ խոնավության, տանկերը չէին կարողանում գնալ, անանցանելի էր այդ ճանապարհը տանկերի համար»:
    Սուտ 2 – «զինադադարը կայացվել է մի վիճակում, երբ զինադադարի ալտերնատիվ չի եղել»:
    Դրա (զինադադարի) կարիքը ուներ Հեյդար Ալիեւը՝ արեւմտյան վարկեր եւ ներդրումներ ստանալու համար: Եվլախը անհրաժեշտ էր Ալիեւին, այլ ոչ թե ԼՏՊ-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, ՀՀ պետնախարար Վազգեն Սարգսյանին…
    1994-ի մայիսի 16-ին, Մոսկվայում, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ պետնախարար Վազգեն Սարգսյանը, Արցախի ՊԲ հրամանատար Ս. Բաբայանը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովը պայմանավովեցին մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը։
    Դավաճանության բացահայտումը՝ պետական գաղտնիքներ բացահայտե՞լ է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031