Հայաստանը և ԵՄ-ն նոր համաձայնագիր կստորագրեն. Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ Euronews-ին

Հայաստանը և ԵՄ-ն նոր համաձայնագիր կստորագրեն. Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ Euronews-ին

Հայաստանը և Եվրամիությունն ավարտել են բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ: Այն կոչվելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր: Ինչպես հաղորդում է Euronews-ը, նման համաձայնություն է ձեռք բերվել այս շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի շրջանակներում: Փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի մայիսին:

Կայքը հիշեցնում է, որ Հայաստանը, ինչպես նաև Ուկրաինան ԵՄ-ի հետ 2013թ. պետք է ստորագրեին Ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Բայց կողմերին չհաջողվեց, քանի որ Կիևում սկսվեց Եվրամայդանը, իսկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց, որ երկիրը պետք է անդամակցի Մաքսային միությանը: Ավելի ուշ Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, որը գլխավորում է Ռուսաստանը:

Ռուսաստանը ռազմական բազա ունի Հայաստանում, բայց չնայած դրան, երկրի իշխանությունները ասում են, որ ցանկանում են լավ հարաբերություններ ձևավորել նաև ՆԱՏՕ-ի հետ` գրում է Euronews-ը: Այս ամենի, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Euronews-ը զրուցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Երկու կողմերի բարի կամքի դրսևորման շնորհիվ նոր համաձայնագիրը այդքան էլ չի տարբերվում նախորդից: Քաղաքական մասով գրեթե ոչ մի տարբերություն չկա: Ինչ վերաբերում է տնտեսական մասին, պետք է խուսափեինք այնպիսի դրույթներից, որոնք կհակասեին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանձնած մեր պարտավորվածություններին»,-ասել է Սարգսյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք ԵՏՄ-ն կարող է հավասարվել Եվրամիությանը, Սարգսյանը նշել է, որ վաղ է խոսել այդ մասին: «Ավելի լավ է խոսել այդ երկու դաշինքների միջև համագործակցության մասին: Մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ դա հնարավոր է»,-հավելել է նա:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի Եվրամիությանը կարող է մասնավորապես օգտակար լինել գյուղատնտեսական մթերքի արտահանմամբ: ՚Ինֆորմացիոն տեխնոլոգիաները ևս արագ են զարգանում Հայաստանում, բայց առաջին հերթին մենք պետք է լինենք բարի հարևան եվրոպացիների համար, կանխատեսելի հարևան»,-ասել է նա:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին և այն փաստին, որ իր անունը ներառված չէ իշխող Հանրապետական կուսակցության ցուցակում՝ Հայաստանի նախագահը նշել է. «Դա նշանակում է, որ մենք ուշադրություն ենք դարձնում ընդդիմության այն հայտարարություններից, որ հնարավոր է վարչական ռեսուրսի օգտագործում ընտրական գործընթացում: Դա նաև նշանակում է, որ մենք ինքնաարտահայտման հնարավորություն ենք ընձեռնում երիտասարդներին: Արդեն 10 տարի է ես Հանրապետական կուսակցության առաջնորդն եմ, և շարունակում եմ լինել»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք